«Դիմադրության շարժումը իշխանություններին կարող է որոշակի ուժ տալ՝ հակառակորդի հետ բանակցություններում պահանջներ ներկայացնելու կամ չթելադրողի վիճակից դուրս գալու առումով»,- հայտարարել է Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, որը ևս մասնակցում է դիմադրության շարժման հանրահավաքներին։
Հետաքրքիր է։ Իսկ քաղաքագետները, վերլուծաբանները, հասարակության մտածող հատվածը դրել և քննարկում են, թե ի՞նչ են ուզում ընդդիմադիրները, կամ եթե ուզում են, ապա ինչո՞ւ բովանդակություն չեն հաղորդում իրենց պայքարին։ Իշխանության առանձին ներկայացուցիչներն էլ, աջակիցներն էլ իրենց հերթին են նեղսրտում, թե ինչո՞ւ ոստիկանությունը չի անցնում գործողությունների և չի «մաքրում» քաղաքը վրաններից, հատուկ օպերացիաներով չի ցրում ցուցարարներին, չի ճնշում իրեն հայհոյող ընդդիմադիրներին։ Մարդը միամտորեն ասում է այն, ինչի մասին ոմանք ցածրաձայն մտածում են։ Ի դեպ՝ Տիրան Խաչատրյանը պատերազմի թեժ օրերին հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ է պարգևատրվել Հայրենիքի շքանշանով։
Գոհար Վեզիրյան