ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
Կոմունիստական կուսակցության նոմենկլատուրայինները, սկսած գործարանի կուսկոմիտեի քարտուղարից մինչև միության գլխավոր քարտուղարը, հարազատ ժողովրդին խոստանում էին կոմունիզմի (համայնավարության) երկրորդ գալուստ (նախնադարյան համայնական կարգերից հետո): Խոստանում էին և ջանադրաբար նույն հարազատ ժողովրդին կերակրում տնտեսական աճի վերաբերյալ նկարված թվերով: 1998թ. ի վեր իշխանությունը բռնազավթած նույն կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչներն արդեն հարազատ ժողովրդին խոստանում են կապիտալիզմի կառուցման լուսավոր ապագա և դարձյալ տնտեսական աճի վերաբերյալ նկարված թվերով հայ ժողովրդին հավաստիացնում, որ անցած հինգ տարիների ընթացքում շեշտակիորեն բարելավվել է նրանց ու երկրի վիճակը:
Սակայն, ինչպես խորհրդային երանելի ժամանակներում, այնպես էլ ներկայումս, «ատելի Արևմուտքի» մասնագետները միանգամայն հակառակ տեղեկատվություն են մատուցում մեր երկրի իրավիճակի մասին և հարամում նոմենկլատուրայինների մերօրյա հեքիաթապատումը: Ահավասիկ, օրեր առաջ Վաշինգտոնում կայացավ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) գարնանային նստաշրջանը: Լսվել և քննարկվել է մի զեկույց` աշխարհի ավելի քան 150 երկրների վերջին տարիների զարգացման արդյունքների վերաբերյալ: Զեկույցում նաև ներկայացվել են փորձագիտական կանխատեսումներ մինչև 2015թ. ընկած ժամանակաշրջանում տնտեսական և ժողովրդագրական զարգացումների կապակցությամբ: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով Հայաստանը 143-րդ տեղում է, իսկ մեկ շնչի հաշվով ստեղծվող 520 դոլար ցուցանիշով` 154-րդ տեղում: Ադրբեջանն այս ցուցանիշով (650 դոլար) 146-րդ տեղում է, Վրաստանը` 150-րդ տեղում, Ռուսաստանը 108-րդ հորիզոնականն է զբաղեցնում (1750 դոլար), Իրանը 112-ն է (1680 դոլար), իսկ Թուրքիան մեկ շնչի հաշվով ստեղծվող 2530 դոլար ցուցանիշով զբաղեցնում է 95-րդ տեղը: Այս ցուցանիշից ցայտունորեն երևում է, որ անցած հինգ տարիներին հայերիս վիճակը ոչ թե բարելավվել է, այլ ընդհակառակը, ավելի է վատացել, և մեր երկիրը դարձել է ամենաաղքատը տարածաշրջանի երկրների շրջանակում: Հայերիս աղքատացմանը զուգընթաց սպառնում է նաև ժողովրդագրական ճգնաժամը: Վերջին հինգ տարիներին կրկին մեծ թափ ստացավ արտագաղթը, իսկ անցած երեք տարիներին ծնունդների թիվը եռակի նվազել է: Ամենալավատեսական հաշվարկներով 2015թ. Հայաստանի բնակչության թիվը մոտենալու է 1991թ. մակարդակին և կազմելու է մոտ 4 միլիոն մարդ, իսկ Ադրբեջանի բնակչության թիվն աճելու է մինչև 9 միլիոն, Վրաստանինը նվազելու է և ներկայիս 5.3 միլիոնից իջնելու է մինչև 4.8 միլիոն: Մեր տարածաշրջանի մահմեդական մյուս երկրները` Թուրքիան և Իրանը ևս բնակչության զգալի աճ են արձանագրելու: Թուրքիայի բնակչության թիվը ներկայիս 66 միլիոնից աճելու է և 2015թ. կազմելու է 77 միլիոն մարդ: Իրանի բնակչությունը վերջին 20 տարում աճել է 20 միլիոն մարդով և 2015թ. կկազմի 80.5 միլիոն մարդ: Քանի որ Ռուսաստանը նույնպես համարվում է մեր տարածաշրջանի երկիր, նշենք, որ քրիստոնեական մեծամասնությամբ այս երկրի բնակչությունը ևս գնալով նվազում է և 2015թ. լավատեսական հաշվարկներով կազմելու է շուրջ 134.5 միլիոն մարդ` ներկայիս 145 միլիոնի դիմաց: Ռուսաստանի քրիստոնյա ազգաբնակչության նվազմանը զուգընթաց այդ երկրում անշեղորեն աճում է մահմեդական ժողովուրդների թվաքանակը: Այսպիսով, մեր տարածաշրջանում առկա են քրիստոնյա ազգաբնակչության թվաքանակի անկման և մահմեդականների աճի միտումներ: Ինչպիսի՞ քաղաքական, տնտեսական և այլաբնույթ հետևանքներ կարող են ունենալ մեր տարածաշրջանի ժողովրդագրական քարտեզի փոփոխությունները: Այս հարցերով, կարծում ենք, այսօրվանից պետք է լրջորեն զբաղվեն քաղաքագետները և այլ ոլորտների մասնագետները:
ՀԲ զեկույցում աղքատության հաղթահարման հիմնական գործոնների թվում նշվում է առողջապահության և կրթության ոլորտներում ներդրումների ավելացումը: Այս առումով անցումային շրջանում գտնվող ԱՊՀ երկրներում աղքատության հարատևումն ու մեծ ծավալները պայմանավորվում են նշված ոլորտներում իրականացվող փոքր ներդրումներով, որոնք նկատելիորեն զիջում են միջազգային միջին ցուցանիշներին: Այսպես, համաշխարհային ընդգրկումով առողջապահության վրա միջին ծախսը կազմում է համաշխարհային միջին արդյունքի 5.4 տոկոսը: Հայաստանում առողջապահության վրա ծախսվում է երկրի առանց այն էլ ցածր ՀՆԱ-ի ընդամենը 1.2 տոկոսը, Ռուսաստանում` այդ երկրի ՀՆԱ-ի 3.8 տոկոսը, Ադրբեջանում` 0.9 տոկոսը, Վրաստանում` 0.6 տոկոսը:
Կրթության վրա ծախսվող համաշխարհային միջին ցուցանիշը կազմում է համաշխարհային արդյունքի 4.5 տոկոսը: Ռուսաստանում կրթության վրա նույնպես ծախսվում է երկրի ՀՆԱ-ի մոտ 4.5 տոկոսը, իսկ Հարավային Կովկասի երկրներում` 2-4 անգամ ավելի պակաս են ՀՆԱ-ի մեջ կրթությանը հատկացվող ծախսերը:
Վաղինակ Տերտերյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 287, Ապրիլի 18, 2003 թ.