...

Հայկ Մարությանի երազը

Հայկ Մարությանի երազը

Ինքը պատրաստվում է Տիգրան Ավինյանի հետ բանավեճին: Տանը նստած, մտքերը կոնսպեկտավորում է, թղթին տալիս: 

Դռան զանգը տալիս են, բացում է, մի հատ անթրաշ տղա է կանգնած: «Ի՞նչ եք ուզում»,- հարցնում է ինքը: «Կներեք, կարո՞ղ է պահակի գործ ունենաք»: «Իսկ դուք ո՞վ եք, ի՞նչ մասնագիտություն ունեք»: «Դե, վերջին չորս տարին հեղափոխության պահապան եմ աշխատել, հիմա անգործ եմ մնացել... տենց»: «Ապեր, արի ընտրություններից հետո խոսենք, հիմա խառն եմ»,- պատասխանում է ինքն ու դուռը փակում:

Նստում է համակարգչի դեմը, հերթով իր նախկին սքեթչերն է նայում, տեսնի այնտեղից ինչ թևավոր արտահայտություններ կարող է օգտագործել իր ելույթներում, մեկ էլ դրսից աղմուկ-աղաղակ է լսում: Դուրս է գալիս պատշգամբ, տեսնում է տան դիմաց մի խումբ քպ-ական երիտասարդներ են հավաքված:

Դռան դեմը սև-սպիտակ ժապավեններով կապած ծաղկեփունջ են դրել, մի հատ սև պաստառ են պարզել, վրան գրված. «Հայկո-47»: 

«Յանըմ ի՞նչ»,- հարցնում է ինքը: «Հայկ Մարության, դու մեր համար մեռած ես»,- բացականչում է քպ-ական ակտիվիստներից մեկը: «Երևանը Ավինյան է և վերջ»,- գոռում է մյուսը: «Այ Միշիկի պրոյեկտ», «Այ, Ռոբի հետ թաքուն հանդիպող»... էլի ինչ-որ բաներ են գոռում, բայց ինքը բացականչում է. «Յախք, ո՜նց եմ զզվում ձեզանից», ու մտնում սենյակ: 

Կոստյումը հագնում է, դուրս է գալիս, մոտենում կանգառին: 10 րոպե, 20 րոպե, կես ժամ, ոչ մի ավտոբուս, տրանսպորտ չի գալիս: Զարմանում է, զանգում է քաղաքապետարանի տրանսպորտի բաժին, մի աղջիկ է վերցնում: «Բարև ձեզ, կներեք, էս ինչի՞ տրանսպորտ չկա, կես ժամ ա սպասում եմ»:

«Քաղաքապետի կարգադրությամբ բոլոր հին «Գազելները» դուրս են բերվել գծերից, իսկ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի կարգադրությամբ էլ նոր «Գազելների» շահագործումն է արգելվել»,- պատասխանում է աղջիկը:

«Չհասկացա, բա նոր «Գազելներն» ինչի՞ են արգելել, էն էլ ԿԸՀ-ն»: 

«Տիգրան Ավինյանը բողոքել էր, որ նոր «Գազելները» քողարկված քարոզչություն են Հայկ Մարությանի օգտին, ԿԸՀ-ն էլ բողոքը բավարարել է»:

«Այ քեզ բան, լավ, բա էն նոր ավտոբուսներն ո՞ւր են»:

«Նոր ավտոբուսներն էլ հավաքել, տարել են ֆոտոսեսիայի, որ նախընտրական հոլովակներ ու պաստառներ սարքեն»:

Ճար չկա, ոտքով է իջնում: Հասնում է Բաղրամյան պողոտա, աչքին է ընկնում վեր խոյացող ահռելի չափերի գովազդային պաստառ. Տիգրան Ավինյանը կապույտ տրիկոյով, կարմիր տրուսիկով ճախրում է ինչ-որ ավտոբուսի վերևը, իսկ տակը գրված է. MAN-SuperMAN!!!

«Հազիվ էլի»,- զզվանքով հեգնում է ինքը, շարունակում ճամփեն, մեկ էլ վերևից սիգնալի ձայն է լսում: Գլուխը բարձրացնում է, տեսնում է Ալեն Սիմոնյանը տաքսի օդապարիկով խորհրդարան է գնում: Օդապարիկից նկատում է իրեն, թքում ու լեզու է ցույց տալիս, հետո գազն ավելացնում, վռազ հեռանում է:

Զանգում են հեռախոսին. «Ալո, ո՞վ է», հարցնում է ինքը: «Հեսա որ Շվիյցարիայից գյամ, քո խարցերը լուծելու եմ»,- լսվում է լսափողից: 

«Բայց ո՞վ է, բան չհասկացա»: «Ո՞նց վով է, Տիգրանն ա, Երևանի քաղաքապետի թեկնածու Նատալյա Տրախտենբերգի մարդը»: 

Անջատում է հեռախոսը, նորից են զանգում, այս անգամ Հանրային հեռուստատեսությունից: «Կներեք,- լսվում է Պետրոս Ղազարյանի ձայնը,- Ավինյանի հետ հեռուստաբանավեճը չի կայանալու: «Ինչի՞, ի՞նչ է պատահել»: «Ավինյանին տարել են ԱԱԾ, պարզվել է, որ էն «Գազելը», որ ինքը վերջին անգամ քշել էր, էտի Պատրոն Դավոն է Հորդանանից բերել, զրահամեքենայի փոխարեն: Հիմա հարցաքննում են...»:

Արթնանում է ննջարանում, նայում կողքերը, ափսոսանքով ձեռքերն իրար խփում. «Արա, սենց է՞լ անորոշ վիճակ»: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2794 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ