...

Հայկ Նահապետն ու Casyol Bell-ը

Հայկ Նահապետն ու Casyol Bell-ը

Վարձով տրվում է առիթ

Ըհը, շաբաթն ավարտվեց, շոգերն ընկան, սկսվեց թեժ ամառը: Թեպետ խոստացել էին թեժ քաղաքական ամառ: Ովքե՞ր. ո՞նց՝ ովքեր, նրանք, ովքեր խոստացել էին քաղաքական թեժ աշուն, ձմեռ և գարուն: 

Թեպետ մի թեթև թեժ «ամառություն» է փորձում անել «Հայաքվեն»: Մեզ համար դեռ վերջնական պարզ չէ, թե որն է այս նախաձեռնության նպատակը: Փոխարենն այն լրիվ ակնհայտ է իշխանությունների համար: Ասում են, այս «Հայաքվեն» նոր պատերազմ է հրահրում: Ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի ու Արցախի վրա: Եթե դա իսկապես այդպես է, ապա այնքան էլ պարզ չէ, թե ինչու էր Ադրբեջանը 2018-ին պատերազմ սկսել, եթե «Հայաքվեն» գոյություն չուներ, ինչպես որ գոյություն չուներ 2022-ի սեպտեմբերին, դրանից առաջ, դրանից հետո: 

Գուցե Ալիևն այսպես է մտածում. այ մարդ, հերիք է հենց այնպես, առանց որևէ առիթի հարձակվեմ, միջազգային հանրությունը սխալ է հասկանում, ատամներս հաշվում է, ավելի լավ է սպասեմ, մի հատ լավ casus belli հայտնվի, նոր ագրեսիվ ծրագրերս կյանքի կոչեմ: Հիմա բոլոր գործերը թողած «Հայաքվեի» ստորագրահավաքի հաշվիչին է հետևում: 

Ծովից ծով եղանակ

Բայց մինչև «Հայաքվեի» պատերազմ հրահրելը դեռ ժամանակ կա, դրա համար էլ ադրբեջանցիք մեր ներվերն ուտելու այլ բան են մտածել: Իրենց եղանակի տեսության մեջ առանձին ներկայացնում են Հայաստանի եղանակը, բայց որպես Արևմտյան Ադրբեջան: Ադրբեջանական տեղանուններով, օրինակ, Սևանը սարքել են Գյոկչա: 

Մեզ մոտ աղմուկ, վրդովմունք, շուխուր բարձրացավ, զայրացած արձագանքներ, նույնիսկ ԱԳՆ-ն իր վճռական խոսքն ասաց, իսկ հետո (սա զուտ ֆեյսբուքահայության ինֆոն է) ասում են, որ Հ1-ով դադարել են եղանակի տեսության ժամանակ առանձին ներկայացնել Արցախի եղանակը, փոխարենը նշում են Լեռնային Ղարաբաղի եղանակ: Հ1 չենք նայում, չենք կարող ասել, բայց ծուխն ու կրակը համարյա իրար կպած են:

Բայց այստեղ մի ուրիշ հարց կա. բանն այն է, որ մինչև հիմա մեր լրատվամիջոցները, քաղաքական գործիչները, հիմնականում՝ ընդդիմադիր, Արցախին հարակից շրջանների մասին խոսելիս տեղանունները հայկական են նշում: Էդ հլը ջհանդամ, բա որ գրում են, ու սա մենք տեսել ենք բազմաթիվ լուրջ, մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներում, օրինակ. «Օկուպացված Վարանդայի օդանավակայանում իսրայելական ինքնաթիռ է իջել»: Հերիք չէ, որ Ֆիզուլին դարձել է Վարանդա, մի հատ էլ պարզվում է, որ այն օկուպացված է: Ով է օկուպացրել, երբ, ինչ հանգամանքներում, չեն ասում: 

Հիմա Ֆիզուլին Վարանդա անվանող և օկուպացված որակողները զայրանում են, որ Բաքուն Երևանն անվանում է Իրևան, Վարդենիսը՝ Բասարգեչար: Ադրբեջանցիները կարդում են, չէ՞, մեր նյութերը, լուրերը, տեսնում են, չէ՞, որ մենք իրենց բնակավայրերի, տեղանունների հայերեն տարբերակն ենք նշում, նույնն էլ իրենք են անում: Հիմա էս որ գրում ենք, հաստատ հայտնվելու են մարդիկ, որոնք գոռալու են՝ արա, հլը նայեք, ջուր են լցնում թշնամու ջրաղացին, մեր հայկական հողերը, տարածքները չեն ուզում, որ հայերեն նշվեն: Դե արի, սրանց բացատրի, որ էդ դուք եք թշնամու ջրաղացին ջուր լցնում: 

Արցախի մասով հարց չկա, հասկանալի է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այն հայկական մնա, հայերը ապրեն, տեղանունները հայկական լինեն, բայց էն կողքի տարածքներն ինչի՞ եք օկուպացված համարում: 

Այլասերված սկզբունք

Սա կարևոր թեմա է, որովհետև ղարաբաղյան շարժումը սկսվել է ազգերի ինքնորոշման սկզբունքը կյանքի կոչելու օրակարգով: Մինչև 1998 թվականը օրակարգում հենց այդ սկզբունքն էր առաջ մղվում: Մինչև 1998-ի հեղաշրջումը Արցախին հարակից տարածքները համարվում էին ժամանակավորապես զբաղեցված տարածքներ, նույն Քոչարյանն էլ է դա ասել, որտեղից հայկական զորքերը դուրս էին գալու հակամարտության վերջնական կարգավորումից հետո:  

Բայց հետո վերցրեցին, որոշեցին, որ այդ տարածքները հայկական են, քանի որ այնտեղ Հայկ Նահապետի ու Մակեդոնացու ժամանակներից հայեր են ապրել, դրանք փոխզիջման արդյունքում ետ վերադարձնելը համարեցին դավաճանություն, հայկական անուններով այդ շրջանները միացրեցին Արցախին, դա Սահմանադրությամբ ամրագրեցին, արդյունքում ազգերի ինքնորոշման սկզբունքի հերն անիծեցին: Ու հիմա կատաղում են, որ նույնը ադրբեջանցիներն են անում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   475 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ