ԶՈՄԲԻ
Եթե որևէ մեկը չգիտի, թե ովքեր են տոնտոն-մակուտները, բացատրեմ, որ սույն համակրելի պարոնները հայիթյան կախարդների զինված խմբավորումներն էին, որոնք տեղական բռնակալի բանակը համալրում էին զոմբիների ջոկատներով: Իսկ ովքեր են զոմբիները, կարծում եմ, գիտեն նույնիսկ դպրոցականները: Խորհրդային ծաղրանկարիչները տոնտոն-մակուտներին սովորաբար պատկերում էին արնաշաղախ կացնով զինված, մորթիների մեջ փաթաթված նախամարդու տեսքով:
Կարծում եմ, որ տոնտոն-մակուտները ցանկացած իրեն հարգող իշխանությունների զինանոցի բաղկացուցիչ մասն են: Այն կառավարիչները, որոնք տոնտոն-մակուտներ չեն պահում, վաղ թե ուշ վարի են գնում ժողովրդավարության և ազատականության մասին իրենց պատրանքների պատճառով: Իսկ խելամիտ իշխանությունները՝ պահելով տոնտոն-մակուտների, թեև հրաժեշտ են տալիս ժողովրդավարության և ազատականության բուրժուական կատեգորիաներին, սակայն ապահովում են սեփական կայունությունը: Նման կայունություն Հայիթիում դարձավ տեղական բռնակալներ Ժան Կլոդ Դյուվալյեների (հայր և որդի) հարատևության երաշխիքը, մինչև վերջինիս իր իսկ ժողովուրդը չնետեց պատմության աղբանոց:
Յուրաքանչյուր հասարակություն ունի իր տոնտոն-մակուտները: Պարտադիր չէ, որ նա լինի հարավային ծովերից տարբեր զանգուլակներով և ոսկորներով զարդարված մի կախարդ: Կարևոր չէ, թե ինչպես է նա հագնվում. մորթինե՞ր, ՆԿՎԴ-ԿԳԲ-ի համազգե՞ստ, թե՞ արտասահմանյան կոստյում՝ «Կարդեն» փողկապով, նրանք պետք է ստեղծեն զոմբիներ: Այսինքն, մեզ բոլորիս ստիպեն մտածել այն, ինչ անհրաժեշտ է իրենց տիրոջը:
Ասենք, ընդդիմությունը կազմակերպում է միտինգ: Որ ասեմ միտինգը շատ բազմամարդ, է՝ սուտ կլինի: 1988-89 թվականների հետ ոչ մի համեմատություն չի կարելի անցկացնել: Այնպես որ, որոշակի առումով ռեժիմը կարող էր հանգիստ քնել: Սակայն նույն օրը պետական լրատվամիջոցները այնպես են իրադրությունը ներկայացնում, կարծես Հայաստանում ուր որ է հեղափոխություն կլինի: Արդյունքում մենք՝ զոմբիացված հասարակությունս, ընդհանուր առմամբ հանգիստ ենք վերաբերվում այն փաստին, որ Պետրոս Մակեյանի տան դուռը ջարդում են, իրեն էլ տեղափոխում քաղմաս: Կամ հանկարծ մի անհասկանալի մեղադրանքով ձերբակալվում է Ազատ Արշակյանը: Լսեինք այդ օրերին իշխանամետ լրատվամիջոցներին (զավեշտականորեն, առաջին հերթին՝ դաշնակցական), կստացվեր, որ Արշակյան Ազատը առնվազն ընդհատակյա բանակի հրամանատար է: Եվ թեպետ հետագայում պարզ դարձավ, որ խոսքը ընդամենը անկապակցման մեջ է, որի արմատները մեր ոչ հեռավոր պատմության մեջ են, սակայն զոմբիացած հասարակությունն արդեն պատրաստ էր ընդունել Ազատ Արշակյանին՝ որպես հայկական Շամիլ Բասաև:
Ես դիտավորյալ չեմ անդրադառնում արդեն չորս տարվա ընթացքում տարվող հակա-ՀՀՇ-ական քարոզարշավին, որի արդյունքում հնարավոր են դառնում ցանկացած ռեպրեսիաները, դրա մասին արդեն շատ ու շատ է գրվել:
Ավելի լավ է խոսենք զոմբիացման վերջին թարմ օրինակների մասին: Ասենք, ինչ պետք է անի պետական լրատվամիջոցը, երբ խորհրդարանի ղեկավարությունը օրենսդիր մարմնում հրահրում է անկարգություններ: Ճիշտ է, պետք է գրի, որ երկրի բոլոր դժբախտությունների գլխավոր և միակ մեղավորը խորհրդարանն է և այն պատգամավորները, որոնք պահանջում են Ռ. Քոչարյանի հրաժարականը: Եվ արդեն իշխանամետ լրատվամիջոցներն են հուշում Քոչարյանին, թե ինչ նոր ռեպրեսիաներ պետք է անի: Քոչարյանը, իհարկե, սկզբից դիմադրում է, ասում է, որ ԱԺ և կառավարության ղեկավարներն իրեն խնդրել են ռեպրեսիաներ չկիրառել, բայց վերջում զիջում է և համաձայնվում պատժել մեղավորներին: Մենք՝ զոմբիացած հասարակությունը, այս պարագայում պետք է հասկանայինք երկու բան՝
ա) որ մեզ մոտ նախագահ աշխատող Ռ. Քոչարյանը շատ բարի մարդ է և մեր իրավունքների լիակատար երաշխավորն է,
բ) որ մեղավորներին պատժելը հենց մեր հասարակության պատվերն է:
Սակայն կանգնել այդ մակարդակին, «Հայլուրի» համար կնշանակեր շեղվել իրական տոնտոն-մակուտի վարվելակերպից: Հարցնելով Ռ. Քոչարյանին հոկտեմբերի 27-ի գործով իր հասցեին հնչող մեղադրանքների մասին, «Հայլուրի» թղթակիցն ավելացրեց. «Մինչև ե՞րբ այդ մարդիկ պետք է մնան անպատիժ»: Այստեղ հնարավոր է երկու տարբերակ՝ կամ հասարակական կարծիքը զոմբիացնում են այն աստիճանի, որպեսզի վաղը սկսեն գոռալ. «Խաչիր նրան, խաչիր»: Այդ դեպքում Քոչարյանը կարող է ասել. «Ետո ժե նե նաշ մետոդ»: Սակայն հնարավոր է մեկ այլ տարբերակ. Ռ. Քոչարյանը կզիջի «հասարակական պահանջներին» և կպատժի ըմբոստներին: Իսկ դուք ասում եք, «Հայիթի, Հայիթի»: Ոմանց, իմիջիայլոց, այստեղ էլ վատ չեն կերակրում:
Ա. Ալեքսանյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 372, հունիս 28, 2002 թ.