...

Հայկականն ու թալիբանը՝ 20 տարի անց

Հայկականն ու թալիբանը՝ 20 տարի անց

Եվ մինչ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվում է Արտաքին գործերի փոխնախարար, ՍԴ-ում վճռվում է խորհրդարանական ընտրությունների օրինականության ելքը, այս օրերին բավական հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Կենտրոնական Ասիայում, որոնք կարող են նաև իրենց ազդեցությունը թողնել մեր տարածաշրջանում:

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Միացյալ Նահանգները պատերազմ հայտարարեցին թալիբներին և Ուսամա բեն Լադենին: Նրանց դեմ պայքարի կարգախոսով ամերիկացիները Աֆղանստան զորք մտցրեցին և այդ երկիրը հայտնվեց նրանց լիակատար ազդեցության տակ:

Եվ ահա 20 տարի անց, ԱՄՆ-ի իշխանությունները որոշեցին դուրս գալ Աֆղանստանից: Մոտ 2 ամիս առաջ այդ որոշումը կայացվեց, իսկ մի քանի օր առաջ ամերիկացիները գիշերով թողեցին Քաբուլի մոտ գտնվող իրենց ամենախոշոր՝ Բաղրամի ռազմակայանը: Այսինքն՝ աֆղանները առավոտն արթնացել են, տեսել են՝ ռազմակայանում մարդ չկա: Ամեն ինչ թողել են՝ մեքենաներ, ջիպեր, զենք, զինամթերք, հագուստ: 

Դրանից հետո սկսվեց թալիբների առաջխաղացումը: Մի քանի օրում նրանք տասնյակ շրջաններ են գրավել, շատ տեղերում կառավարական զորքերը պարզապես հանձնվում են կամ միանում նրանց: 

Եվ այդպես թալիբների ջոկատները հասան ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահման: Մոտ 1200 կմ երկարություն ունեցող տաջիկ-աֆղանական սահմանի գրեթե 2/3-ն այս պահին թալիբների վերահսկողության տակ է: Մինչև 2001 թվականը, երբ ԱՄՆ-ը մտավ Աֆղանստան, այս հատվածը միակ տարածքն էր, որը թալիբների վերահսկողության տակ չէր: Ռուսաստանի օժանդակությամբ այդ տարածքը պահում էր Ահմադ Շահ Մասուդի գլխավորած Հյուսիսային ալյանսը: Այսինքն՝ ստացվեց, որ ամերիկացիները «քաշեցին» և՛ աֆղանական կառավարությանը, և՛ Տաջիկստանին, և՛ Ռուսաստանին: Կրեմլը խիստ անհանգստացած է այս իրավիճակից, հիմա Տաջիկստան լրացուցիչ ուժեր են ուղարկվում, որպեսզի տաջիկ-աֆղանական սահմանին իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա:

Սրա հետ մեկտեղ, մի շատ արտառոց իրադարձություն տեղի ունեցավ Ռուսաստանում. առաջին անգամ Մոսկվան ընդունեց թալիբների պաշտոնական պատվիրակությանը՝ Դելավար Շահաբուդդինի գլխավորությամբ: Այն դեպքում, երբ դեռ 2003 թվականին Ռուսաստանը «Թալիբան» կազմակերպությունը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն և նրա գործունեությունը երկրի տարածքում արգելված է: Սա ցույց է տալիս, որ Մոսկվան հաշվի է առնում Աֆղանստանում ստեղծված նոր իրողությունները և ստիպված է թալիբների հետ անմիջական շփումների գնալ: Եթե նոր բաներ չպատահեն, մեծ հավանականությամբ, շուտով թալիբները կգրավեն Քաբուլը և ամբողջ Աֆղանստանն իրենց ձեռքը կվերցնեն: 

Հիմա կարող է հարց առաջանալ, թե ինչ կապ ունի այս ամենը մեր հետ: Բանն այն է, որ Ռուսաստանը թալիբների առաջխաղացումով շատ մեծ գլխացավանք է ստանում Կենտրոնական Ասիայում: Տաջիկստանը կարող է պատերազմի թատերաբեմ դառնալ, այդ կրակը կարող է տարածվել Ուզբեկստան և Թուրքմենստան, Աֆղանստանը՝ որպես հերոին արտադրող խոշորագույն երկիր, կարող է թմրանյութով հեղեղել Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները: 
Առանց այդ էլ Ռուսաստանը հազար ու մի գլխացավանք ունի, որոնցից մեկն էլ մեր տարածաշրջանն է, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որը ցանկացած պահի կարող է նորից սրվել՝ ներքաշելով տարածաշրջանի երկրներին: Այնպես, որ ռուսները փորձելու են ինչ-որ լուծում գտնել, որպեսզի Հարավային Կովկասում պատերազմի վառոդի տակառը չպայթի: Իսկ մենք գիտենք, թե ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, ինչ պահանջներ ունի Ադրբեջանը, որքան ակտիվ խոսակցություններ են գնում Սյունիքում ճանապարհների ապաշրջափակման, միջանցքների տրամադրման շուրջ: 

Մենք չգիտենք՝ այս իշխանությունները զբաղվո՞ւմ են այս հարցերով, հասկանո՞ւմ են, որ Սիրիայից մինչև Չինաստանի սահմաններ փոփոխություններ են տեղի ունենում, նոր ուժային կոնֆիգուրացիաներ են ստեղծվում, նոր իրողություններ: Չգիտենք, բայց դատելով նրանից, որ ՀՀ փոխարտգործնախարար է նշանակվում Արմեն Գրիգորյանը, ոնց որ թե իշխանությունները լրիվ ուրիշ հարցերով են զբաղված:

Հ.Գ. Սա գրեցինք, պրծանք, մեկ էլ հիշեցինք, որ Վանո Սիրադեղյանը դեռ 2002 թվականին մի հոդված էր գրել. «Հայկական Թալիբան»: Բացեցինք, կարդացինք. ու նորից հասկանում ես, թե ինչու էին Ռոբերտն ու Սերժը Վանոյից խրտնում, ինչի էին ընկել նրա ետևից: 

Մի հատված ենք ներկայացնում «Հայկական Թալիբան» հոդվածից:

«Թալիբներն ու Հայաստանի «ազգային ուժերը» իշխանության եկան միաժամանակ։ Արդյո՞ք զուգադիպություն էր։ Որպեսզի պատասխանենք այս հարցին, հիշենք՝ ինչ եղանակով իշխանության եկան և նայենք տարածաշրջանի քարտեզին՝ հասկանալու համար, թե ի՞նչ խնդիր էր լուծելու Պակիստանի ու Աֆղանստանի սահմանին քոչվոր անասնապահությամբ զբաղվող Փուշտուն ցեղի ջահելության՝ «իսլամի նվիրյալների» շարժումը Աֆղանստանում և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին Աղվանքում բնակվող՝ Ադրբեջանի կոմերիտմիության ծայրամասային կազմակերպություններից մեկի ակտիվից և «հավատավոր» դաշնակցականներից կազմված միացյալ իշխանադավ խումբը՝ Հայաստանում։

Թե´ Ասիայի, թե´ Կովկասի թալիբները իշխանությունը զավթեցին մի քանի ամսում։ Թե´ այստեղ, թե´ այնտեղ դիմադրության գրեթե չհանդիպեցին։ Թե´ սրանք, թե´ նրանք ակնհայտորեն քաջալերված էին դրսի ուժերի կողմից։ Որ սրանք էլ դիմադրության հանդիպելու դեպքում կդիմեին զենքի՝ ապացուցվեց հետագա արյունահեղությունների շարքով։ Ըստ տարվա եղանակի Պակիստանում կամ Աֆղանստանում ապրող փուշտուններին դժվար է լիարժեք աֆղանստանցի համարել, և հենց այս հատկանիշն է որոշիչ եղել թե´ ասիական, թե´ կովկասյան վարձկաններին ընտրելիս։

Վարձկան ռեժիմի ընտրության առաջին պայմանն այն է, որ դրա ներկայացուցիչները մշտական բնակության վայրի կոմպլեքս չունենան, նախկինների գերեզմանով, զավակների ապագայով կապված չլինեն տվյալ երկրի հետ։ Մի խոսքով, ունենան առնվազն երկու հայրենիք (նորմալ մարդիկ, որ ունեն մեկ հայրենիքի գիտակցություն, այդ գործի համար պիտանի չեն), որպեսզի հարկ եղած դեպքում մեկնումեկը ծախեն։ Հասկանալի է թե՝ որը։ Նման հրոսակների երկրորդ առանձնահատկությունը այն է, որ խրված լինեն նարկոբիզնեսում կամ նման այլ բիզնեսի մեջ, հետևաբար և լինեն ապահովաբար կառավարելի հատուկ ծառայությունների կողմից։ Նկատած կլինեք, որ Հայաստանի կուսակցական-պաշտոնական մամուլի հակաադրբեջանական քարոզչությունը երկու տարի առաջ կտրուկ անկում ապրեց։

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում նարկոտիկների և պայթուցիկների հետ առնչություն ունենալու մեղադրանքով ձերբակալեցին Հայ Դատի գրասենյակի ղեկավարին։ Ճիշտ է, ժամանակ անց նարկոտիկի մեղադրանքը, կարծես թե, հանեցին։ Բայց հենց որ դաշնակցությունը ետ քաշվի Ղարաբաղը հանձնելու գործում Քոչարյանին օժանդակելուց, ԱՄՆ-ում կամ այլ տեղ կձերբակալեն դաշնակցության ևս մի ղեկավարի։ Գուցե և մի քանիսին։ Թույլատրվում է միայն անշառ հակաթուրքական քարոզչություն, որը սաստկացավ, ի դեպ, Վազգենի և Դեմիրճյանի սպանությունից հետո։ Եվ Ֆրանսիայի գլխավորած հակաթուրքական թամաշան նույնպես թափ առավ պառլամենտի գնդակահարությունից հետո։ Պիտի ենթադրել, որ Վազգենը և Դեմիրճյանը, լինելով հայաստանցի մարդ, զգուշանում էին Հայաստանը ներքաշել այդ խարդախ խաղի մեջ, ինչը հնարավոր դարձավ նրանց վախճանից հետո։

Այսպես թե այնպես, Քոչարյանին Ֆրանսիան շքանշանի արժանացրեց իրենց պառլամենտի հակաթուրքական որոշումից անմիջապես հետո, համենայն դեպս, թուրքերին մատնացույց անելով այդ գործի բուն մեղավորին և Ղարաբաղը հանձնելու հարգելի պատճառը ակնարկելով, թեև Ֆրանսիան Հայկական հարցով, ասվել է, խիստ պրակտիկ հարց էր լուծում՝ խափանելով Թուրքիայի՝ այս պահին անցանկալի մուտքը Եվրոմիություն»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1562 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ