...

Հեղափոխության մանկական հիվանդությունը

Հեղափոխության մանկական հիվանդությունը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

Սիրելի ընթերցող, ես ոչինչ անել չեմ կարող: Չնայած իմ համառ դիմադրությանը, խմբագիրը նորից ինձ խորհուրդ տվեց գրել հեղափոխությունների մասին, թեպետ ես պնդում էի, որ օրինապաշտ քաղաքացի եմ, արտահերթ նախագահական ընտրություններին քվեարկել եմ ազգընտիրի օգտին և չեմ ցանկանում պրոբլեմներ ունենալ քննչական վարչության հետ: Բայց այդտեղ խմբագիրն ինձ հարցրեց՝ արդյոք Հայաստանում երբևիցե հեղափոխություն եղե՞լ է: Դե ես իսկույն հիշեցի 88-ը: Խմբագիրը հարցրեց. «Է՞լ»: Հարցը խիստ տեղին էր: Էլ ոչինչ չկար:

Ես սպասում եմ, որ օրինապաշտ ընթերցողները հանգստացած հոգոց կհանեն: Չշտապենք ուրախանալ: Մի քիչ խորհենք: Վլադիմիր Իլյիչը, որին չեն սիրում մեջբերել նույնիսկ կոմունիստները, ժամանակին մի գիրք է գրել՝ «Ձախության մանկական հիվանդությունը կոմունիզմում» խուճուճ վերնագրով: Օրերս նորից աչքի անցկացնելով այդ գիրքը, մտածեցի. գուցե հեղափոխությունը նույն կարգի մանկական հիվանդությունն է: Իսկապես, եթե մենք հպանցիկ հայացք գցենք համաշխարհային պատմությանը, ապա պարզ կդառնա, որ հեղափոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վրդովված իշխանությունների կողմից խաղի կանոնների խախտումից ժողովուրդը վերջապես հիշում է, որ իշխանության գերագույն կրողն ինքն է (ինչ էլ գրված լինի օրենքներում) և որոշում է իր ճակատագիրը վերցնել իր ձեռքը:

Բոլոր երկրները այս կամ այն ժամանակ հիվանդացել են հեղափոխության հիվանդությամբ: Հիվանդացել են և ճգնաժամից դուրս են եկել ավելի համախմբված, ավելի ամրացած և բնականաբար հաղթում էին արտաքին թշնամիներին: Այդպես էր նապոլեոնական Ֆրանսիան, այդպես էր ԱՄՆ-ը, այդպես էր Հոլանդիան:

Մենք՝ հայերս, արտաքին թշնամիներին գերազանցապես պարտվում էինք: Երևի այն պատճառով, որ հեղափոխության տենդով չէինք հիվանդանում: Բայց դա դեռ չի նշանակում, որ մեր իշխանությունները երբեք չեն խախտել խաղի կանոնները: Ճիշտ հակառակը: Մեր բազմահազարամյա պատմության ընթացքում մենք բազմաթիվ շռնդալից հաղթանակներ ենք տարել սեփական ժողովրդի և պետության հանդեպ: Այսպես, սկզբից հեթանոսները խլում էին քրիստոնյաներին (բնականաբար՝ իշխանության օրհնությամբ), հետո քրիստոնյաները հրով և սրով սկսեցին տարածել իրենց ուսմունքը (բնականաբար՝ նորից իշխանության օրհնությամբ):

Հետո Արշակ թագավորը կառուցեց Արշակավանը: Բնականաբար նույն օրը դժգոհ նախարարները կաթողիկոսի օրհնությամբ շարժվեցին դեպի քաղաք, հրկիզեցին այն և այսպիսով ևս մեկ փայլուն հաղթանակ տարան սեփական ժողովրդի նկատմամբ: Տարօրինակ է, որ այսքանից հետո ժողովուրդը լռում էր:

Հայաստանը թերևս միակ երկիրն էր միջնադարում, որտեղ չի եղել որևէ սոցիալական հուզում: Երբեք ժողովուրդը չի բարձրացել: Հայաստանում չի եղել ժակերիա, ինչպես Ֆրանսիայում, չի եղել Ուոտ Թայլերի ապստամբություն, ինչպես Անգլիայում: Եվրոպական պատմության ամենավառ էջերից է քաղաքների պայքարը ֆեոդալական տերերի դեմ: Զուր մի փնտրեք, այդպիսի նախադեպեր չեք գտնի Հայաստանում. ժողովուրդն այդպես էլ չկարողացավ ինքնակազմակերպվել: Արդյունքը եղավ այն, որ երբ երկիրը գրավվեց թշնամու կողմից, մեր մեջ չգտնվեց ազգը համախմբող Ժաննա դ’Արկ:

Բայց մի կողմ թողնենք մութ միջնադարը: Եթե դուք կարծում եք, որ 1918-20թթ. իրադրությունն ավելի լավ էր, խորապես սխալվում եք: Դաշնակցական Հայաստանը պատերազմ հայտարարելով գրեթե իր բոլոր հարևաններին (գումարած Սովետական Ռուսաստանը)՝ չմոռացավ նաև սեփական ժողովրդին: Եվ եթե չորս թե հինգ պատերազմների արդյունքներն ավելի քան կասկածելի են, ապա սեփական ժողովրդի հանդեպ փայլուն հաղթանակի մասին վկայում են քաղաքական ռեպրեսիաներին ենթարկված անձինք, որպես բոլշևիկներ գնդակահարված Բազարչայի գյուղացիները, սովյալները, թշվառները: Ժողովուրդը նորից լռում էր: Արդյունքն էին բոլշևիկները, որոնք հիշատակված վեց պատերազմից հակվեցին միայն մեկի՝ սեփական ժողովրդի դեմ պատերազմին: Արդյունքի մասին արդեն չեմ գրում, քանի որ բոլորին քաջ հայտնի է: 1988-ը պետք է ապացուցեր, որ մենք լիարժեք ազգ ենք:

1988-ին մենք հիվանդացանք հեղափոխության մանկական հիվանդությամբ: Մենք ինքնակազմակերպվեցինք, համախմբվեցինք, հզորացանք: Ազատագրվեց և փաստացի Հայաստանին միավորվեց Արցախը: Սարսափելի մղձավանջային պատերազմական տարիներ էին: Չկար միայն մեկ պատերազմ՝ սեփական ժողովրդի դեմ: Հետո հաղթանակ էր, խաղաղություն: Դուր կգա՞ր արդյոք դա նրանց, ում փեշակը յոթանասուն տարվա ընթացքում սեփական ժողովրդի դեմ պատերազմն էր և այդ պատերազմի պտուղները վայելելը: Հեղափոխությունն այդ ամենը խլեց նրանց ձեռքից: Եվ ծնվեց հակահեղափոխությունը:

Հայաստանում հակահեղափոխությունը հաղթեց: Հայաստանում մինչև այսօր շարունակվում է սեփական ժողովրդի դեմ պատերազմը: Ընթերցողը կարող է մտածել, որ հեղափոխությունը առաջարկում եմ որպես հարցի լուծման մեթոդ: Ոչ: Եվ ոչ այն պատճառով, որ մեր դռանը կրակեն քննիչները: 1988 թիվը ցույց տվեց, որ մենք հասունացել ենք: Իսկ մանկական հիվանդությունը հասուն տարիքում հաճախ ունի մահացու վախճան: Այժմ պետք է գործի օրենքը, օրենքի հեղափոխությունը:

Դ. Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 290, նոյեմբերի 2, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   730 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ