...

Հեղափոխության տրամաբանությունը

Հեղափոխության տրամաբանությունը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳ

Աշխարհում ամեն ինչ իր տրամաբանությունն ունի. պատերազմ, հաղթանակ և պարտություն: Իր տրամաբանությունն ունի նաև հեղափոխությունը: Ընդհանուր առմամբ հեղափոխությունը մի կարգին բան չէ: Հենց միայն այն պատճառով, որ հեղափոխություններին միշտ հաջորդում է քաղաքացիական, այսինքն եղբայրասպան պատերազմը: Կան և ուրիշ տխուր հետևանքներ, որոնց մասին կխոսենք քիչ անց: Այժմ հեղափոխության պատճառների մասին: Հետզհետե մոռացվող դասականը գրում է, որ հեղափոխությունը տեղի է ունենում, երբ վերևինները չեն կարողանում, իսկ ներքևինները չեն ուզում ապրել հին ձևով:

Դասականը մոռացվում է, իսկ հեղափոխությունները, ենթարկվելով ընդհանուր բանաձևին, բացասական գնահատականի են արժանանում: Այնպես որ, գրելով այս հոդվածը ես մտավախություն ունեմ, որ կմեղադրվեմ կոմունիստ կամ, կներեք արտահայտությանս համար, դաշնակցական լինելու մեջ:

Եվ այսպես՝ համաշխարհային պատմությունը հուշում է, որ հեղափոխության գլխավոր պատճառներից մեկը իշխանության վերասերումն է և որպես հետևանք՝ ապազգայնացումը: Ընդ որում, ընդհանուր ապազգայնացմանն ուղիղ համեմատական են ազգայնամոլության արտաքին դրսևորումները: Դա ձեռնտու է, քանի որ ձեռքի հետ կարելի է հակառակորդներին մեղադրել ոչ բավարար ազգային զգացմունքներ ունենալու մեջ:

Այդպես էր 18-րդ դարում Ֆրանսիայում, երբ այլասերված, ժողովրդից և նրա շահերից կտրված թագավորը իրեն շրջապատել էր գերմանական վարձկաններով և ձեռքի հետ մեղադրում էր հեղափոխականներին ազգն ու երկիրը կործանելու մեջ:

Այդպես էր նաև Ռուսաստանում, երբ կիսով չափ դանիացի ցարը երկրի տնտեսության առյուծի բաժինը զիջել էր օտարերկրյա ընկերություններին, երբ բոլոր հնարավոր պատերազմներում պարտվելով՝ կտոր-կտոր երկիրը հանձնում էր թշնամուն, վերջապես, երբ հեղափոխությունից հետո ցարական գեներալները տասնյակ երկրների զորքեր բերեցին Ռուսաստան՝ երկիրը լցնելով կախաղաններով: Դաժան զավեշտն այն է, որ այդ նույն ցարը և գեներալները բոլշևիկներին մեղադրում էին լրտեսներ լինելու մեջ:

Այդպես էր նաև 1920թ. Հայաստանում, երբ «ներքին թշնամիների դեմ պայքարում» զինված օժանդակության փոխարեն երկրի կեսը զիջվեց թուրքերին: Որին հետևեց բոլշևիկյան ապստամբությունը: Հետո եկան բոլշևիկները և կրկնեցին նույնը: Նորից հրավիրեցին օտարներին՝ այս անգամ ռուսներին և ադրբեջանցիներին, իսկ դաշնակներին սկսեցին մեղադրել երկիրը Արևմուտքին ծախելու մեջ: Արդյունքում երկրում սկսվեց 1921թ. փետրվարյան ապստամբությունը:

Այսօրվա Հայաստանի մասին խորհելու պատիվը թողնում եմ ընթերցողին:

Որքան էլ դաժան լինեն տվյալ հասարակարգին բնորոշ կանոնները, դրանք հասարակական հուզում չեն առաջացնում մինչ հասարակական խավերից մեկը չի խախտում այդ յուրատեսակ ներքին պայմանը: Կասկածելի զուգադիպությամբ սովորաբար հասարակական պայմանի խախտում են իշխանությունները:

Օրինակ, 16-րդ դարի հոլանդական հեղափոխության կողմից իսպանական թագավորին ուղղված գլխավոր մեղադրանքն էր նիդեռլանդական քաղաքների նկատմամբ իր պարտականությունները չկատարելը, քաղաքացիական ազատությունների սահմանափակումը, աննախադեպ թալանը, քաղաքական սպանությունները: Որպես արդյունք խորհրդարանը գահընկեց արեց միապետին: Բայց Ֆիլիպ 2-րդ կայսեր բախտը բերեց: Վարչապետի ապօրինի պաշտոնանկության, պետական դավաճանության, սահմանադրության կոպիտ ոտնահարման մեղադրանքով քաղաքացի Լյուդովիկ Բուրբոնը զրկվեց գլխից: Դրանից մոտ 130 տարի առաջ նույն մեղադրանքով գլխից զրկվեց անգլիական թագավոր Կարլոսը:

Իսկ 1917թ. ռուսաց Նիկոլայ 2-րդ կայսերը ժողովուրդը հիշեցրեց Խադինկայի ողբերգությունը, արյունոտ կիրակին, Դումաների ցրումը և պատգամավորներին Սիբիր քշելը, երկիրը ողողած «ստոլիպինյան փողկապները»՝ կախաղանները: Ռուսաստանին հիշեցրին և միլիոնավոր անիմաստ զոհերի մասին գերմանական ֆրոնտում: Իսկ 1920-ին դաշնակցական ղեկավարներին հիշեցրին քաղաքական ռեպրեսիաները, բյուրո-կառավարությունը խմբապետական տեռորը: 1921-ին նույնը հիշեցրին բոլշևիկներին: Թե որքանով է այսօր իրողությունը Հայաստանում Մոնտեսքյոյի հասարակական պայմանի խախտում՝ թող դատի ընթերցողը:

Երբեք հեղափոխության կոչ չեմ անի: Հեղափոխությանը հետևում է եղբայրասպան պատերազմը, ռուս գրող Մ. Պրիշվինն իրավացիորեն նշում էր, որ հեղափոխությունը յուրաքանչյուրի ճակատագրի խեղում է՝ միլիոնավոր զոհերով:

Այդպես էր Նիդեռլանդներում 16-րդ դարում, Անգլիայում՝ 17-րդ դարում, Ֆրանսիայում՝ 18 և 19-րդ դարերում, Ռուսաստանում՝ 20-րդ դարում: Բացի այդ Նապոլեոնը ճիշտ էր, երբ ասում էր, որ հեղափոխությունը ծրագրում են հանճարները, իրականացնում՝ ֆանատները, իսկ արդյունքներից օգտվում սրիկաները: Այդպես էր Անգլիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում...

Եվ վերջապես, հեղափոխությունը խժռում է իր զավակներին... Գլխատված Դանտոնը, Ռոբեսպիերը, Ստալինի կողմից գնդակահարված ռուսական հեղափոխության առաջնորդները, Վազգեն Սարգսյանը՝ Հայաստանում: Ես հեղափոխության կոչ չեմ անում: Պարզապես վերընթերցում եմ Սահմանադրությունը, և մտածում, որ Հայաստանում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը և ճեղքվի խախտումների արատավոր շրջանակը: Պարզ է՝ սահմանադրական եղանակով:

Լ. Դավթյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 246, օգոստոսի 3, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   5000 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ