...

Հեղաշրջումով ծնվածը

Հեղաշրջումով ծնվածը

«Ինչպես էր կործանվում Հայաստանը»: Նաև այսպես կարելի էր վերնագրել ստորև ներկայացվող հոդվածը, որը տպագրվել է «Չորրորդ իշխանություն» թերթում դեռևս 2005 թվականին:

«Չորրորդ իշխանություն», 1 փետրվարի, 2005թ.

Հայաստանում 1998թ. կատարված հեղաշրջումը մի հետաքրքիր երևույթ բերեց իր հետ. ազգը սկսեց ծանոթանալ և ճանաչել մարդկանց, որոնց գոյության մասին մինչ այդ տեղյակ չի եղել: Եվ քաղաքակիրթ երկիր լինելու դեպքում այդպես էլ տեղյակ չէր լինի, որ նման մարդիկ ապրել են երկրագնդի վրա: Միայն բռնապետական և քրեածին ռեժիմի ստեղծած մթնոլորտում այդ մարդիկ կարող են առաջանալ և զարգանալ:

Այդպիսիներից է նաև ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ։

Որպես կերպար, որպես այդպիսի անձնավորություն հասարակությանը հայտնի դարձավ 1998թ. հեղաշրջումից հետո: Մինչ այդ նույնիսկ իշխանական թևում շատ քչերը գիտեին, որ Սերժ Սարգսյանը ունի երրորդ եղբայր` Սաշիկ անունով: Գիտեին, որ երկու եղբայր են` Սերժ Սարգսյանը և Լևոն Սարգսյանը` Սիրիայում Հայաստանի դեսպանը, որին լավ ճանաչում էին նաև արևելագետները: Բայց Սաշիկի մասին որևէ խոսք չկար, և նրա գոյությունը հնարավորինս թաքցվում էր:

Սակայն Սաշիկ Սարգսյանի մասին սկսեցին խոսել 1997թ. սկսած, երբ նա բնակվում էր Բալահովիտում: Այդ ժամանակ նա անընդհատ ինչ-որ ծեծկռտուքների և վիճաբանությունների մեջ էր հայտնվում, որից հետո էին մարդիկ պարզում, որ վերջինս Ս. Սարգսյանի եղբայրն է: Ասում են, որ նրան մի պահ նույնիսկ ներկայացնում էին ոչ թե որպես Ս. Սարգսյանի եղբայր, այլ մորաքրոջ որդի:

Եվ ահա 1998թ. հետո միանգամից Ս. Սարգսյանը հրապարակ դուրս եկավ: Վերջինս անմիջապես դարձավ գազի բիզնեսի հիմնական դեմքերից մեկը (բնականաբար, մենք այլևս չենք շեշտի, թե այդ ամենը ում շնորհիվ. - խմբ.): Այդ ժամանակ գազի բիզնեսը գտնվում էր երկու հոգու վերահսկողության տակ` Ռ. Քոչարյանի եղբոր` Վալերի Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի, որոնց միացավ նաև Սաշիկ Սարգսյանը:

Աստիճանաբար Սաշիկ Սարգսյանը այդ ոլորտում իրեն էր ենթարկեցնում ամենայուղոտ պատառները, մասնավորապես` գազալցակայանները` Հրազդանում, Ջրվեժում և այլն: Եվ այդ ամենը, ինչպես և Բարսեղ Բեգլարյանի դեպքում, առանց որևէ նախնական կապիտալի` զրոյից: Մանավանդ որ մինչ այդ, խորհրդային տարիներին Ս. Սարգսյանը եղել է «ԿՐԱԶ»-ի և մարդատար «ՊԱԶ» ավտոբուսի վարորդ: Եվ նրա վարք ու բարքը, պահվածքը, ամեն ինչը ցույց էին տալիս, որ այս մարդը կրթություն չստացած անձնավորություն է: Բայց, քանի որ կար Սերժ Սարգսյանը, ապա Սաշիկ Սարգսյանին գործելու անսահմանափակ հնարավորություններ և արտոնություններ էին տրված: Այդ կապակցությամբ հատկանշական է մի դեպք, որը կատարվել էր 1999թ., երբ Հայաստանի վարչապետը Վազգեն Սարգսյանն էր:

Հարկային ծառայության աշխատակիցները գնում են Սաշիկ Սարգսյանին պատկանող Հրազդանի գազալցակայան: Դրան նախորդել էր Վազգեն Սարգսյանի կարգադրությունը, որ բոլորը` առանց բացառության, պետք է հարկվեն, ստվերից դուրս բերվեն: Հարկայիններն էլ այդ կարգադրությամբ զինված մտնում են Հրազդանի գազալցակայան: Գազալցակայանները հաստատագրված հարկ են վճարում` ըստ գազալիցքավորման կետերի: Հարկայինները պարզում են, որ այդ գազալցակայանում ավելի շատ լիցքավորման կետեր կան, քան ներկայացված են փաստաթղթերով: Նրանք հայտնում են, որ այժմ պետք է ակտ գրեն և կնքեն կայանը: Գազալցակայանի աշխատակիցները ասում են, թե սպասեք, մի՞թե չգիտեք, թե սա ում օբյեկտն է: Հարկայինները պատասխանում են, որ կապ չունի, թե ումն է: Կայանի աշխատակիցները զանգում են ինչ-որ մեկին, հեռախոսը տալիս հարկայիններին, և հայհոյախառն խոսակցություն է ընթանում: Այդ ինչ-որ մեկը սպառնալիքներ է տալիս, սակայն հարկայինները նորից պատասխանում են, թե ակտ են գրելու, կարգադրություն կա: Ու մինչ հարկայինները զբաղված են լինում ակտի ձևակերպմամբ, մի մեծ խումբ է գալիս և հարկայիններին դաժան ծեծի է ենթարկում: Դեպքի մասին, սակայն, չի զեկուցվում ոչ նախարար Սմբատ Այվազյանին, ոչ էլ Վազգեն Սարգսյանին: Հատկապես այդ դեպքից հետո հարկային մարմիններն այլևս չեն մոտեցել Սաշիկ Սարգսյանի ենթակայության տակ գտնվող օբյեկտներին: Ըստ էության, Սաշիկ Սարգսյանին պատկանած գազալցակայանները հարկային դաշտից դուրս են գործում կամ էլ հարկվում 10%-ի չափով:

Եվ ընդամենը մի քանի տարում Սաշիկ Սարգսյանը զրոյից դարձավ Հայաստանի ամենաազդեցիկ գործարարներից մեկը: Ինչը թույլ տվեց նրան աստիճանաբար տարբեր մանր ու միջին բիզնեսի «տանիք» դառնալ: Այսինքն, «պապայություն» էր անում, «ռազբիրատներ» էր լուծում:

Հետզհետե Սաշիկ Սարգսյանի բիզնեսը ընդլայնվում էր: Վերջինս տեղափոխվեց Հայաստան և սկսեց անշարժ գույքի տիրանալ, հիմնականում` Երևանի կենտրոնում: Բոլորին արդեն հայտնի է Թումանյան-Նալբանդյան խաչմերուկի մոտ գտնվող նրա շքեղ, հիմնովին վերանորոգված և ընդլայնված մի քանի հարկանի, ճարտարապետական բոլոր նորմերի խախտումով շինության մասին:

Երեք տարի առաջ գազի բիզնեսի ոլորտ մտավ ղարաբաղյան կլանի մեկ այլ վառ ներկայացուցիչ` Շահեն Հովասափյանը (Մութալիբով), որի հետ Սաշիկ Սարգսյանը հստակ պայմանավորվածություն ձեռք բերեց, և ոլորտը բաժանվեց. այսուհետ Երևանում գազի բիզնեսը անցավ Շ. Հովասափյանի «Գոշգազին»: Երևանից դուրս նա իրավունք չուներ գործել. դա մնում էր Ս. Սարգսյանի ոլորտը: Ոլորտի այդ վերաբաժանումից հետո գազի գները անընդհատ աճել են և աճում են մինչև հիմա: Մինչ այդ գազի ներկրմամբ զբաղվում էին տարբեր կազմակերպություններ, նույնիսկ անհատ քաղաքացիներ, որոնք կարողանում էին Ռուսաստանից մեքենաներով գազ բերել: Այս մարդկանց իրենց գազատար մեքենաներով կանչում էին, տեղեկանում, թե որքանով են գազը վաճառելու, նշված գումարը տալիս էին նրանց, և հայտնում, որ նրանք այլևս գազի մանրածախ վաճառքով զբաղվելու իրավունք չունեն: Արդյունքը բոլորիս է հայտնի. միայն այս ամիս 20 լիտրանոց գազի բալոնի գինը բարձրացավ 2000-4000 դրամով: Շահույթները պարզապես աստղաբաշխական են: Բայց սա առանձին թեմա է:

Իսկ Սաշիկ Սարգսյանի գործունեության մեջ էական փոփոխություններ կատարվեցին նախորդ տարի: Վերջինս գազի բիզնեսում ունեցած իր փայաբաժինը վաճառեց Գագիկ Ծառուկյանին: Պատճառներին մենք հետագայում առանձին կանդրադառնանք:

Առանձին նշենք, որ մեր տեղեկություններով, Սաշիկ Սարգսյանը 2004թ. ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ բռնություններ իրականացրած սափրագլուխների խմբերի ձևավորման գործում մեծ դերակատարում է ունեցել: Նրա հանձնարարությամբ այդ խմբերը այդ օրերին ընդդիմության տարբեր ներկայացուցիչների են փախցրել, ծեծի ենթարկել և այլն:

Որոշ աղբյուրների համաձայն, ներկայումս անգազ մնացած Սաշիկ Սարգսյանը անշարժ գույք ունի Արաբական Էմիրաթներում: Ասում են, որ դա կապված է նրա հետ, որ եթե հանկարծ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը փոխվի, վերջինս անմիջապես հեռանա Էմիրաթներ: Ի դեպ, սրա հետ կապված մեր աղբյուրները նշում են, որ 2003թ. նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, երբ իրավիճակը մի պահ իշխանությունների վերահսկողությունից դուրս էր եկել, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին փախցնելու հանձնարարությունը Սաշիկ Սարգսյանին էին տվել: Եվ նույնիսկ դրա համար ինքնաթիռ էին նախապատրաստել: Մի քանի օր հետո են միայն այդ հանձնարարությունը հանել: Եվ շատ իզուր: Այդ հանձնարարությունը միշտ պետք է օրակարգի առաջին խնդիր լինի մեր իշխանավորների համար:

Կարեն Միքայելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2196 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ