Թեպետ այսօր ներհայաստանյան գլխավոր իրադարձությունը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու, իսկ հետո՝վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու որոշումներն էին, բայց մի բան էլ տեղի ունեցավ, որը բավական լուրջ իրավական և քաղաքական հետևանքներ է ունենալու:
Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ՝ արդարացրեց ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ բավարարելով նրա բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել։
Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը և նույն թվականի մայիսի 20-ի որոշումը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը, կայացնել արդարացման դատական ակտ։
Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։
Ջհանգիրյանը սույն դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն 2009 թվականի մայիսին դատարանը անփոփոխ էր թողել այն։ Գագիկ Ջհանգիրյանն ազատ էր արձակվել համաներման հիմքով: 10 տարի անց ներկայացված բողոքը մակագրվել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել և գործով զեկուցող էր նշանակվել դատավոր Արթուր Պողոսյանը։
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի հարյուրավոր քաղբանտարկյալներից մեկն էլ արդարացվեց: Ընդ որում, այս անգամ նման վճիռը կայացվել է ներհայաստանյան դատական համակարգում:
Խոսելով հետևանքների մասին. նախ, այս վճռից հետո Բարձրագույն դատական խորհուրդը կարող է կարգապահական վարույթ սկսել այն դատավորների հանդեպ, որոնք ապօրինի վճիռներ են կայացրել Գագիկ Ջհանգիրյանի հանդեպ՝ սկսած առաջին ատյանի դատարանից:
Երկրորդ. ՀՔԾ-ն և ՀԿԳ-ն կարող են գործը հարուցած քննիչների և դատախազների հանդեպ ծառայողական քննություն սկսել և պարզել այս գործի պատվիրատուներին:
Երրորդ. Վերջին շրջանում քոչարյանականների ձեռնարկած լայնածավալ քարոզչական տեռորին հարված հասցվեց, ընդ որում, բացառված չէ, որ Գագիկ Ջհանգիրյանի գործը հետագայում մարտի 1-ի գործով դատավարություններում ևվս մեկ փաստարկ լինի՝ Քոչարյանի ապօրինի գործողությունների ապացուցման առումով:
Եվ վերջապես, կա ևս մեկ հանգամանք. վճռաբեկ դատարանի այսօրվա որոշումից հետո Գագիկ Ջհանգիրյանը կարող է հավակնել պաշտոնի, ու ինչն է հետաքրքիր, որ այս մասին առաջինը «ահազանգել» են Քոչարյանի լրատվամիջոցները: Ինչ պաշտոնի է հավակնում Ջհանգիրյանը, դրա մասին չեն ասում, բայց իրենք էլ հասկանում, որ ՀՀ նախկին դատախազը հանրապետության լավագույն և պատրաստված իրավաբաններից մեկն է, ծայրեծայր տիրապետում է հոկտեմբերի 27-ի գործի բոլոր մանրամասներին: Իսկ հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը Ռ. Քոչարյանի համար կարող է շատ ավելի մղձավանջային հետևանքներ ունենալ, քան նույնիսկ՝ մարտի 1-ի գործը: