...

Հերթական և վերջին ռազմավարական սխալը

Հերթական և վերջին ռազմավարական սխալը

Իշխանությունը և ընդդիմությունը շարունակում են համառել և իրենց գործունեությամբ է՛լ ավելի թուլացնել Հայաստանը: 

Ընդդիմությունը ոչ մի կերպ չի համակերպվում այն հանգամանքի հետ, որ չի վայելում հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը: Երբեք Հայաստանում ընդդիմությունն այսքան հարուստ չի եղել, երբեք չի տիրապետել այսքան ռեսուրսների, այդ թվում՝ ադմինիստրատիվ (ՏԻՄ շատ մարմիններ նրանց վերահսկողության տակ են), չի ունեցել դատարանների աջակցությունը, եկեղեցու բացահայտ համակրանքը, չի ունեցել հարյուրավոր մեդիաներ, բայց չի կարողանում ժողովրդին հանել փողոց: Չի կարողանում հանել, որովհետև մինչև հիմա չի հասկացել՝ 2018 թվականին իրենց մերժել են ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաթր կամ նրա բացառիկ ընդունակությունների շնորհիվ կազմակերպած իշխանափոխության արդյունքում, այլև հենց իրենց՝ 20 տարի տևած պետականակործան և ապիկար կառավարման պատճառով: Իրենց թվում է, թե իրենք պարտվեցին ինչ-որ տեխնոլոգիաների լավ կազմակերպված կիրառման հետևանքով: Այ, եթե հիմա իրենք կրկնօրինակեն դրանք, ապա նույնպես կհասնեն հաջողության: Եթե անգամ կարտոֆիլ պլեճի փոխարեն սև խավիար և Դոնպիրինյոն շամպայն հյուրասիրեն, միևնույն է՝ ժողովրդի քանակն էական աճ չի գրանցի, քանի որ չափազանց մեծ է հասարակ ժողովրդի և ներկա ընդդիմադիրների միջև անջրպետը:

Կա ևս մեկ հավանական տարբերակ: Ընդդիմադիրները լավ էլ հասկանում են, որ ցույցերի միջոցով չեն կարողանալու հասնել իրենց նպատակին, պարզապես դրանք պետք են, որպես ծխածածկույթ իրական մտադրությունները քողարկելու համար: Իսկ իրական մտադրությունները՝ հաշվի առնելով իրենց հետագիծը, կարելի է միայն կռահել: Նոր ռոմանտիկներ կարող են հայտնվել ամեն պահի, հատկապես, որ նրանց հրապարակային խոստանում են մեկ միլիոն դոլար: Կուլիսներում այդ գումարը կտասնապատկվի:

Իշխանությունն իր հերթին հույսը դրել է նրա վրա, որ ժամանակ շահելով հաղթող դուրս կգա այս դիմակայությունից: Մինչդեռ այդ ժամանակն աշխատում է առաջին հերթին Հայաստանի դեմ՝ լրջագույն սպառնալիք ստեղծելով նրա անվտանգությանը: Ամեն վայրկյան սեփական անվտանգության մասին անհանգստացող իշխանությունը չի կարող անհրաժեշտ ժամանակ տրամադրել պետության անվտանգությանը վերաբերող հարցերին: Իշխանականներն էլ են միս ու արյունից․ այդպիսին է մարդկային բնությունը:

Նիկոլ Փաշինյանը չի գնում ընտրությունների, քանի որ մի կողմից տեսնում է ցուցարարների խիստ նվազ քանակ, մյուս կողմից կարծում է, թե իրեն ապահովագրել է իր խմբակցությունում հնարավոր առնետավազքից: Բայց այս վերջին անվտանգության բարձիկը կարող է թվացյալ դառնալ: Ինչպես շատ հարցերում, այնպես էլ այս մեկում հնարավոր է Նիկոլ Փաշինյանը սխալվում է: Ինչպես շատ կադրային նշանակումների մեջ, ինչպես դատական համակարգի բարեփոխումներ չկատարելու նրա ռազմավարական սխալի դեպքում, այնպես էլ հիմա գուցե նա սխալվում է՝ կարծելով, թե իր խմբակցությունում չկա 25 դավաճան: Այո, «Իմ քայլում» կան մի քանի տասնյակ պատգամավորներ, որոնք ոչ մի դեպքում չեն քվեարկի Փաշինյանի դեմ: Բայց կան նաև այնպիսիները, որոնք հիմա կարող են հավատարմության խոստումներ տալ վարչապետին, բայց նպաստավոր կոնյուկտուրայի առաջացման դեպքում (հատկապես եթե դա ուղեկցվի նյութական մեծ շահագրգռվածությամբ) կփոխեն իրենց կարծիքը և կապահովեն ընդդիմությանն անհրաժեշտ 25 ձայնը:

Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կասի, որ ինքը մեղք չունի, ինքը որոշեց մինչև վերջ պայքարել, բայց ուժերը հավասար չէին: Այդպիսի սցենարի չիրականացման միակ երաշխիքն արագ արտահերթ ընտրություններ կազմակերպելն է:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 41, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   881 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ