Ջեռոցի մեջ տապակած, բրնձով ու անանուխով համեմված լոլիկները Իտալիայի երևի թե ամենահայտնի ամառային ուտեստն է: Այս ուտեստը միանման համեղ է և՛ տաք, և՛ սառը վիճակում:
Բաղադրիչները
- 4 խոշոր, հասած, բայց պինդ լոլիկ
- 150-200 գ բրինձ
- 2-3 միջին չափի կարտոֆիլ
- 1-2 պճեղ սխտոր
- 2-3 ճյուղ անանուխ
- աղ, աղացած սև պղպեղ
- ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
- Բրինձը 10-15 րոպե աղաջրի մեջ եփեք, համարյա մինչև պատրաստ լինելը: Ջուրը համարյա մինչև վերջ քամեք (հատակին մի փոքր ջուր թողեք):
- Մինչ բրինձն եփում է, մաքրեք ու մանր կտրտեք սխտորը: Անանուխի ցողունները հեռացրեք, տերևները մանր կտրատեք: Կտրտած սխտորն ու անանուխն ավելացրեք բրնձին, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
- Կտրեք-առանձնացրեք լոլիկի «կափարիչը», սուր ծայր ունեցող գդալով հեռացրեք լոլիկի միջուկը (մի թափեք): Ե՛վ լոլիկները, և՛ նրանց «կափարիչները» դեպի ներքև ուղղությամբ տեղադրեք կտորի կամ անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ հեղուկը հոսի:
- Մաքրեք կարտոֆիլը, միջին չափի քառակուսիների ձևով կտրատեք: Ջեռոցը 200-220 աստիճան ցելսիուս տաքությամբ միացրեք: Տապակը պատեք ձեթով:
- Լոլիկների ներսն աղ արեք, մեջը լցրեք բրնձից միջուկը, վրան լցրեք 2-3 ճ.գ. ձիթապտղի ձեթի հետ խառնած լոլիկի միջուկը, աղ արեք, «կափարիչը» փակեք: Լցոնած լոլիկների արանքում լցրեք կտրտած կարտոֆիլը, վրան աղ ու պղպեղ արեք, ձիթապտղի ձեթ լցրեք:
- Լցոնած լոլիկներով տապակը 20-25 րոպեով տեղադրեք ջեռոցում, մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը: Մատուցեք տաք վիճակում:
Խորհուրդ: Ուտեստի համար կարող եք օգտագործել ինչպես երկար, այնպես էլ կլոր բրինձ: Լոլիկների հետ միասին կարող եք նաև բադրիջաններ ու խոշոր գլուխ սոխեր լցոնել՝ դրանց մեջ ավելացնելով տոմատի սոուս, արգանակ կամ ջուր: