...

Հեշտ ու համեղ. «Ֆաթիմայի մատներ» կամ կարտոֆիլով ռուլետներ

Հեշտ ու համեղ. «Ֆաթիմայի մատներ» կամ կարտոֆիլով ռուլետներ

Թունիսում այս ուտեստի անվանման հետ կապված հետաքրքիր պատմություն կա: Կարկանդակները «Ֆաթիմայի մատներ» անունն են ստացել երիտասարդ աղջկա պատվին, որն իր մատների բարակության ռուլետներ է պատրաստել: Այդ ռուլետները ճաշակելու համար աղջա հոր տունը միշտ երկրի տարբեր ծայրերից եկած հյուրերով է լցված եղել, մինչ այն պահը, երբ հյուրերից մեկը փախցրել է աղջկան և ամուսնացել նրա հետ:

Բաղադրիչները

6-8 բաժնի համար

  • 400 գ ֆիլո խմոր
  • 500 գ կարտոֆիլ
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 2 ճյուղ կանաչ սոխ
  • 2 ճյուղ մաղադանոս
  • կես կիտրոնի կեղև
  • 1 թ.գ. խարիսա համեմունք (տես՝ խորհուրդը)
  • ձիթապտղի ձեթ
  • աղ
  • կարագ՝ տապակին քսելու համար

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը մաքրեք, քառակուսաձև կտրատեք: Սոխը մաքրեք, կտրատեք:
  2. Սոխն ու կարտոֆիլը ձիթապտղի ձեթի մեջ միջին ուժգնության կրակի վրա 5 րոպե տապակեք: Ապա 1/2 բաժակ եռացրած ջուր լցրեք, կափարիչը փակեք, թույլ կրակի վրա 20 րոպե շոգեխաշեք:
  3. Այդ նույն ժամանակ դանակի կոթով ճզմեք, մաքրեք ու մանր կտրատեք սխտորը: Այն ավելացրեք կարտոֆիլին, միասին 5 րոպե շոգեխաշեք, ապա պատառաքաղով տրորեք: Հանեք կրակի վրայից:
  4. Մանր քերիչով անցկացրեք կիտրոնի կեղևը, կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրատեք, ավելացրեք կարտոֆիլին, ավելացրեք խարիսան, աղն ու պղպեղը: Թողեք միջուկը հովանա:
  5. Ֆիլո խմորը 12-15 սմ կողմերով քառակուսաձև կտրատեք, 3-4 քառակուսի մեկը մյուսի վրա դրեք՝ յուրաքանչյուր շերտին ձիթապտղի ձեթ քսելով: Այն խմորը, որով դեռ չեք աշխատում, ինչպես նաև պատրաստի ռուլետները դրեք խոնավ կտորի տակ. ֆիլոն շատ արագ է չորանում:
  6. Բազմաշերտ քառակուսիների ամեն շերտի վրա 1-2 ճ.գ. միջուկ դրեք, ապա ռուլետի ձևով ոլորեք: Նույնն արեք մյուս քառակուսիների հետ:
  7. Խորը կաթսայի մեջ միջին ուժգնության կրակի վրա լավ տաքացրեք կարագը: Մաս-մաս տապակեք ռուլետները, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի ռուլետները  դրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: 

«Ֆաթիմայի մատները» մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ: Խարիսան չիլի պղպեղով, սխտորով, զիրայով և ձիթապտղի ձեթով խիտ, կծու սոուս է: Դուք կարող եք այն տանը պատրաստել. պարզապես պետք է մանրացնեք բաղադրիչներն ու իրար խառնեք, կամ էլ կարող եք այն փոխարինել ոչ այնքան աղի, կծու աջիկայով:

«Ֆաթիմայի մատների» բուսական միջուկը կարող եք փոխարինել մսայինով: Դրա համար անհրաժեշտ է տապակած սոխին ավելացնել 200 գ ոչխարի միս, աղացած զիրա և համեմի սերմ, ապա 300 գ կարտոֆիլ, ինչից հետո ռուլետները շարունակեք պատրաստել՝ ըստ բաղադրատոմսի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   866 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ