...

Հեշտ ու համեղ. Շարբա

Հեշտ ու համեղ. Շարբա

Սա հյուսիսաֆրիկյան խոհանոցին բնորոշ հոտավետ համեմունքներով հարուստ ավանդական լիբիական ապուր է: Համարյա ոչ մի էկզոտիկ բան՝ ոչխարի միս և ձավար. ահա ապուրի հիմնական բաղադրիչները:

Իսկ խորհրդավոր անունով բախարաթ համեմունքների խառնուրդը, որը Լիբիայում ամեն քայլափոխի են վաճառում, կարելի է պատրաստել նաև տանը, պարզապես ձեռքի տակ պետք է ունենալ դարչին, մեխակ, մշկընկույզ (мускатный орех), հատիկավոր սև պղպեղ, զիրա, հիլ (кардамон):

Ուտեստն սկսեք պատրաստել մատուցելուց 4 ժամ առաջ:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 400 գ ոչխարի փափուկ միս՝ ազդրամիս
  • 1 բաժակ ցորենի ձավար
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 4 հասած միջին չափի լոլիկ
  • մաղադանոսի փոքր փունջ
  • 2 ճ.գ. տոմատի մածուկ
  • ձեթ
  • չիլի պղպեղի փաթիլներ
  • աղ
  • կիտրոնի հյութ և անանուխ՝ մատուցելու համար

Բախարաթ համեմունքի համար

  • 8 դարչինի փայտիկ
  • 1 ոչ մեծ մշկընկույզ (мускатный орех)
  • 3 ճ.գ. հատիկավոր սև պղպղեղ
  • 2 ճ.գ. մեխակ
  • 1 թ.գ. հիլի (кардамон) սերմ
  • 1,5 թ.գ. զիրայի սերմ

Պատրաստման եղանակը

  1. Ցորենի ձավարի վրա մեծ քանակությամբ տաք ջուր լցրեք և 2 ժամով թողեք: Ապա քամեք, լցրեք կաթսայի մեջ, եռացրած ջուր ավելացրեք այնքան մինչև ձավարն ամբողջությամբ ծածկվի, հասցրեք եռման աստիճանի, 5 րոպե եփեք: Ձավարը լցրեք ցանցի վրա, լվացեք սառը ջրով:
  2. Բախարաթ համեմունքը պատրաստելու համար ջարդեք դարչինի փայտիկները, դանակի կոթով ջարդեք մշկընկույզը: Բոլոր բաղադրիչները լցրեք սուրճի աղացի մեջ, աղացեք, վերածեք փոշու:
  3. Մաքրեք ու մանր կտրատեք սոխը: Ոչխարի մսից հեռացրեք թաղանթը, փափուկ միսը ոչ մեծ կտորներով կտրատեք: Լոլիկները կտրատեք ոչ մեծ քառակուսիների ձևով: Մաղադանոսը հնարավորինս մանր կտրատեք:
  4. Հաստ հատակով կաթսայի մեջ ոչ մեծ քանակության ձեթ տաքացրեք, ավելացրեք մանր կտրտած սոխը, միջին ուժգնության կրակի վրա տապակեք մինչև փափկելը՝ մոտ 5 րոպե:
  5. Կաթսայի մեջ ավելացրեք միսը, մի փոքր ուժեղացրեք կրակը: Խառնելով տապակեք միսը մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Ապա ավելացրեք բախարաթը՝ ըստ ճաշակի (1 թ.գ.-1 ճ.գ.), չիլիի փաթիլներն ու աղը: Պատրաստեք 1 րոպե: Ավելացրեք մաղադանոսը, լոլիկներն ու տոմատի մածուկը, խառնելով 20 րոպե պատրաստեք:
  6. Կաթսայի մեջ ավելացրեք ձավարը, 1 լիտր եռացրած ջուր, հասցրեք եռման աստիճանի, կաթսան կափարիչով ծածկեք և մոտ 40-45 րոպե շոգեխաշեք մինչև պատրաստ լինելը:

Մատուցելուց առաջ ապուրին մի փոքր կիտրոնի հյութ, անանուխ և կծու պղպեղ ավելացրեք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ