...

Հեշտ ու համեղ. Ձկով կուսկուս

Հեշտ ու համեղ. Ձկով կուսկուս

Իհարկե, թունիսցի ցանկացած տանտիկին ինքը կպատրաստի կուսկուսը և այն կեփի հատուկ երկհարկանի կաթսայի՝ «կուսկուսյերի» մեջ, որում ներքևում դանդաղ եփվում է սոուսը, իսկ վերևում՝ հոտավետ գոլորշու վրա ինքը՝ կուսկուսը: 

Բայց մեզ համար շատ ավելի հեշտ է կուսկուսը գնել խանութից և այն եփել փաթեթի վրա նշված ձևով՝ 5-10 րոպե: Բոլոր դեպքերում փորձենք միջանկյալ տարբերակը: Այն բավական համեղ է ստացվում:

Ուտեստն սկսեք պատրաստել մատուցելուց 14 ժամ առաջ:

Բաղադրիչները
6-8 բաժնի համար

  • 600 գ միջին չափի կուսկուս
  • 600 գ ձուկ՝ խիտ փափկամսով 
  • 1 բաժակ չոր սիսեռ
  • 1 փոքր գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր 
  • 1 ոչ մեծ կարմիր, կծու չիլի պղպեղ
  • 300 գ կտրտած լոլիկ՝ իր հյութի մեջ
  • 3 ճ.գ. տոմատի մածուկ
  • 5 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1թ.գ. զիրայի սերմ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Սիսեռի վրա մեծ քանակության սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի, 5 րոպե եփեք: Վերցրեք կրակի վրայից և փակ կափարիչի տակ 12 ժամ պահեք: Հետո քամեք, թարմ սառը ջուր լցրեք վրան ու 1 ժամ եփեք:
  2. Սոուսի համար մաքրեք ու մանր կտրատեք սոխը: Չիլի պղպեղը կիսեք, սերմերը հեռացրեք, պտղամիսը մանր կտրատեք:
  3. Խորը և հաստ հատակով թավայի մեջ 2 ճ.գ. կարագ հալեցրեք, մեջը լցրեք կտրտած սոխն ու միջին կրակի վրա 5 րոպե տապակեք մինչև փափկելը: Ավելացրեք տոմատի մածուկը, լավ խառնեք և ևս 2 րոպե թողեք կրակի վրա: Ապա ավելացրեք լոլիկն իր հյութի հետ, սիսեռը, կծու պղպեղն ու աղ արեք: Պատրաստեք 5 րոպե:
  4. Ավելացրեք սխտորն ու զիրայի սերմերը, 1 բաժակ սառը ջուր լցրեք վրան, հասցրեք եռման աստիճանի ու 30 րոպե եփեք:
  5. Կուսկուսը լցրեք թասի մեջ, ավելացրեք 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ, 2 պտղունց աղ և լավ խառնեք: Կուսկուսը լցրեք ջերմադիմացկուն ցանցի մեջ, ցանցը տեղադրեք մեծ կաթսայի վրա, որը 1/3-ով լցված կլինի եռացրած ջրով: Կաթսան կափարիչով կամ փայլաթիթեղով այնպես ծածկեք, որ գոլորշու համար տեղ մնա: Եփեք մինչև պատրաստ լինելը՝ մոտ 20-30 րոպե:
  6. Պատրաստի կուսկուսը լցրեք տաք ափսեի մեջ, վրան փոքր քանակությամբ սոուս լցրեք կուսկուսին գեղեցիկ գույն տալու համար: Կուսկուսը պահեք տաք վիճակում: Կարող եք ծածկել փայլաթիթեղով և քանի դեռ ձուկը պատրաստվում է, տեղադրել 80-100 աստիճան տաքության ջեռոցում:
  7. Ձուկը մեծ քառակուսիների ձևով կտրատեք, տեղադրեք սոուսի մեջ և 10-15 րոպե պատրաստեք: 
  8. Անմիջապես մատուցեք:

Խորհուրդ: Ավանդույթի համաձայն՝ կուսկուսն ու ձուկը սեղանին առանձին են մատուցում, յուրաքանչյուրն ինքն է լցնում կուսկուսն ու ավելացնում ձուկը:

Ցանկության դեպքում սոուսի մեջ կարող եք տարբեր տեսակի բանջարեղեն ավելացնել՝ կարտոֆիլ, գազար, ցուկինի: Դրա համար բանջարեղենը պետք է առանձին եփել ու ավելացնել սոուսին վերջինիս պատրաստ լինելուց 10 րոպե առաջ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 13, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ