Ջամիլյան շատ տարածված անուն է հյուսիսաֆրիկյան երկրներում: Ամենայն հավանականությամբ, թունիսյան այս կարկանդակը նվիրված է հրուշակագործ մի աղջնակի, որը խառնել է իր հայրենի հողի բոլոր համեղ մրգերն ու ընկուզեղենը, քաղցրացրել դրանք շաքարով ու մեղրով և պատել ձյունաճերմակ շաքարաշերտով:
Բաղադրիչները
- 250 գ կորիզով խուրմա
- 100 գ ընկույզ
- 100 գ մաքրած նուշ
- 70 գ կարագ, մի փոքր էլ տապակին քսելու համար
- 4 ձու
- 1 ճ.գ. մեղր
- 100-150 գ շաքարի փոշի
- 1 ճ.գ. վանիլային շաքար
- 50 գ օսլա
- կես նարնջի հյութ
- աղ
Շաքարաշերտի համար
- 180 գ շաքարի փոշի
- 1 ձվի սպիտակուց
- կիտրոնի ¼ մասի հյութ
Պատրաստման եղանակը
- Խուրմայից հեռացրեք կորիզը ու հնարավորության դեպքում՝ նաև կաշին:
- Կտրատեք նուշը, ընկույզն ու խուրման: Մի փոքր մաս առանձնացրեք՝ կարկանդակը զարդարելու համար:
- Խուրմային ավելացրեք մեղրն ու հալեցրած կարագը, խառնեք: Առանձնացրեք ձվերի դեղնուցներն ու սպիտակուցները:
- Խառնիչով հարեք ձվի դեղնուցները, 100 գ շաքարի փոշին ու վանիլային շաքարը: Ավելացրեք նարնջի հյութը, մաղած օսլան, խառնեք, ստացված խառնուրդն ավելացրեք խուրմայի զանգվածին:
- Սպիտակուցները մի փոքր աղի հետ հարեք, ավելացրեք խմորի մեջ:
- 24 սմ տրամագծով տապակին կարագ քսեք, խմորը լցրեք մեջը: Տապակը տեղադրեք 220 աստիճան տաքության ջեռոցում: 10 րոպեից ջերմաստիճանն իջեցրեք 180 աստիճանի, թխեք ևս 10 րոպե, հետո էլի իջեցրեք ջերմաստիճանը, այս անգամ՝ 160 աստիճանի, թխեք ևս 10-15 րոպե:
- Կարկանդակը հանեք ջեռոցից: Թողեք մի քիչ հովանա: Ջեռոցի ցանցի վրա փայլաթիթեղ դրեք, կարկանդակը տեղադրեք վրան: 30 րոպե թողեք՝ թող հովանա:
- Շաքարաշերտի համար խառնեք 180 գ շաքարի փոշին ու կիտրոնի հյութը: Հովացած կարկանդակը պատեք ստացված շաքարաշերտով, զարդարեք առանձնացրած ընկուզեղենով ու խուրմայով:
- Երբ շաքարաշերտը հովանա, կարող եք մատուցել:
Խորհուրդ: Կարկանդակը կարող է մի փոքր քաղցր ստացվել, այնպես որ՝ շաքարը մաս-մաս լցրեք, ընթացքում ստուգեք խմորի քաղցրությունը: Այս բարձր կալորիականությամբ կարկանդակի հետ լավ է թունդ սուրճ կամ անանուխով թեյ մատուցեք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020