Թաջինն ավանդական մարոկկյան սպասք է, իսկ թաջինի մեջ պատրաստված ուտեստը հենց սպասքի անունով էլ կոչում են՝ թաջին: Թաջինի մեջ պատրաստված միսն առանձնանում է յուրատեսակ փափկությամբ, բերանի մեջ հալվում է:
Ուտեստը պատրաստելիս թաջինը կարող եք փոխարինել հաստ հատակով կաթսայով:
Բաղադրիչները
- 1,5 կգ քաշով 1 հավ
- 1 միջին գլուխ սոխ
- 2 աղ դրած կիտրոն *
- 3 պճեղ սխտոր
- 120-150 գրամ ձիթապտուղ
- 3-4 ճյուղ համեմ
- 2 ճյուղ մաղադանոս
- 50 գ կարագ
- 2 ճ. գ. ձիթապտղի յուղ
- 1 թ.գ. կոճապղպեղի փոշի
- մի քիչ քրքում
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կիտրոնները չորս մասի բաժանեք, առանձնացրեք կեղևը (միջուկը պետք չի գալու): Կիտրոնի կեղևները կտրատեք, կեսն առանձնացրեք մատուցելու համար:
- Հավը համաչափ մասերի բաժանեք: Յուրաքանչյուր կտորը լավ աղ ու պղպեղ արեք: Սոխն ու սխտորը մաքրեք, մանր կտրատեք:
- Թաջինի կամ հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք կարագն ու ձիթապտղի յուղը: Ավելացրեք կտրտած սոխը, տապակեք 5 րոպե: Սոխին ավելացրեք ճզմած սխտորը, կոճապղպեղի փոշին ու քրքումը: 500 մլ տաք ջուր ավելացրեք, խառնեք:
- Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք հավի կտորները: Հավը խառնեք սոուսի հետ, հասցրեք եռման աստիճանի, փակեք կափարիչը: 1 ժամ 15 րոպե շոգեխաշեք թույլ կրակի վրա:
- Ավելացրեք ձիթապտուղները, կիտրոնի կտրտած կեղևը, մանրացրած համեմի ու մաղադանոսի կեսը: Ուժեղացրեք կրակը, եփեք ևս 15 րոպե: Սոուսը պետք է լավ եփվի:
- Մանրացրեք հավի կտորները, տեղադրեք տաք սկուտեղի մեջ: Զարդարեք ձիթապտուղներով, կիտրոնի մնացած կեղևով, համեմով ու մաղադանոսով:
- Թաջինը մատուցեք տաք վիճակում:
Խորհուրդ: Թաջինի հետ հասմիկով թեյ մատուցեք: Այն հրաշալի ընդգծում է այս ուտեստի համային գամման:
* Աղ դրած կիտրոնի պատրաստման եղանակը: Անհրաժեշտ է 10 կիտրոն, 1 ճ.գ. հատիկավոր սև պղպեղ, 2-3 դափնու տերև, ծովի խոշոր աղ: Կիտրոնը չորս մասի բաժանեք այնպես, որ մեջտեղում 1,5 սմ մնա: Կիտրոնները պետք է ամբողջական մնան: Կիտրոնները բացեք, հնարավորինս խիտ ծովի աղով լցոնեք: Կիտրոնները տեղադրեք բանկայի մեջ, դատարկ մասերը դափնու տերևով ու պղպեղով խառնած աղով լցրեք: Վրան ծանր բան դրեք, որպեսզի կիտրոնները քամվեն: Հեռացրեք ծանրությունը, փակեք բանկան, 3-4 օրով դրեք մութ տեղում: Ընթացքում հարկավոր է բանկան մի քանի անգամ թափ տալ: Հետո անհրաժեշտության դեպքում աղ արեք, փակեք ապակե տարան ու 3-4 շաբաթով տեղադրեք մութ տեղում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020