...

Հեշտ ու համեղ. Հավի բդիկներ կանարյան ձևով

Հեշտ ու համեղ. Հավի բդիկներ կանարյան ձևով

Համեմված հավի բդիկները Կանարյան կղզիների ամենահայտնի ուտեստներից մեկն է: Այստեղ այն նույնքան հայտնի ու էժան է, որքան արագ սնունդն Ամերիկայում, բայց շատ ավելի թեթև ու տեղաբնակների կարծիքով՝ շատ ավելի համեղ:

Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 1 օր առաջ:

Բաղադրիչները

  • հավի 6 բդիկ
  • 1 գդ. կարագ տապակին քսելու համար

Մարինադի համար

  • 1 ճ.գ. լոլիկի պյուրե
  • 50 մլ սպիտակ գինու քացախ
  • 100 մլ ձիթապտղի ձեթ
  • 2 պճեղ սխտոր
  • 2 չորացրած չիլի պղպեղ
  • մեկական պտղունց չորացրած խնկածաղիկ, աղացած պապրիկա և քրքում
  • աղ

Համեմելու համար

  • 50 մլ սպիտակ գինու քացախ
  • 30 մլ ձիթապտղի ձեթ
  • 1 պճեղ սխտոր
  • մեկական պտղունց աղացած կարմիր կծու պղպեղ, չորացրած խնկածաղիկ ու աղացած պապրիկա
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Պատրաստեք մարինադը: Մանր կտրատեք սխտորը, հետո ճզմեք: Խառնեք մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները:
  2. Հավի բդիկները երկու մասի բաժանեք, տեղադրեք պլաստիկե կոնտեյների մեջ, վրան լցրեք մարինադը, խառնեք, կափարիչը փակեք, 24 ժամով տեղադրեք սառնարանում, ժամանակ առ ժամանակ այն դուրս հանեք ու թափ տվեք:
  3. Պատրաստեք համեմելու համար նախատեսված սոուսը: Մանր կտրատեք սխտորը, ավելացրեք մյուս բաղադրիչներն ու խառնեք: Կարելի է ձեռքով խառնել, կարելի է նաև բլենդերով:
  4. Խորը ու լայն կաթսայի մեջ հալեցրեք կարագը: Բդիկները հանեք մարինադից, անձեռոցիկով չորացրեք, տեղադրեք լավ տաքացած կարագի մեջ: Տապակեք՝ ժամանակ առ ժամանակ շուռ տալով, մինչև եփվելը՝ մոտ 20-30 րոպե:
  5. Պատրաստի բդիկները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի: 
  6. Հավի բդիկները տեղադրեք տաքացրած մեծ ափսեի մեջ, վրան լցրեք սոուսն ու մատուցեք:

Խորհուրդ: Ուտեստը հենց այսպիսին պետք է լինի՝ կծու ու քացախի մեղմ համով: Հավի բդիկները մատուցեք ըստ օրենքի՝ շատ աղի ջրի մեջ եփած կեղևով կարտոֆիլի ու կանաչ աղցանի հետ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ