...

Կարկանդակ «Սանտյագո»

Կարկանդակ «Սանտյագո»

Սանտյագոն՝ նույն ինքը սուրբ առաքյալ Յակովը, համարվում է Իսպանիայի հովանավորը, իսկ նրա օրը նշում են հուլիսի 25-ին: Սանտյագոն մականուն ունի՝ matamoros, ինչը նշանակում է «մավրերին սպանող»: Լեգենդի համաձայն՝ Յակով ասպետի ղեկավարությամբ են Իսպանիայի քրիստոնյա ռազմիկները կռվել մահմեդականների դեմ: 

Հետո նրա պատվին կարկանդակ են հորինել: Այն զարդարում են սրի պատկերով, որն էլ հայտնի է որպես սուրբ Յակովի խաչ: Նուշից այս համեղ կարկանդակը Գալիցիայի ամենահայտնի աղանդերն է:

Բաղադրիչները

  • 1 մեծ ձու
  • 125 գ ալյուր
  • 125 գ շաքարավազ
  • 1թ.գ. աղացած դարչին
  • 100 գ մի փոքր ավել կարագ
  • շաքարի փոշի՝ մատուցելու համար

Միջուկի համար

  • 500 գ մաքրած նուշ
  • 500 գ շաքարավազ
  • 8 ձու
  • 1թ.գ. աղացած դարչին
  • 1 կիտրոնի կեղև

Պատրաստման եղանակը

  1. Խմորի համար լայն ու խորը պնակի մեջ ջարդեք մեծ ձուն, խառնեք 2-3 ճ.գ. սառը ջրի, աղացած դարչինի ու շաքարի հետ: Քիչ-քիչ ավելացնելով հալած կարագն ու ալյուրը՝ խմոր հունցեք: 
  2. Սեղանին ալյուր ցանեք, խմորը բացեք մոտ 32 սմ տրամագծով շրջանակի ձևով: Մոտ 28 սմ տրամագծով տապակին կարագ քսեք, տապակի մեջ լցրեք խմորը՝ հավասարեցնելով ծայրերը:
  3. Միջուկի համար նուշը մանր կտրատեք կամ հարեք բլենդերի մեջ:
  4. 8 ձվերը հարեք շաքարի, աղացած դարչինի ու կիտրոնի աղացած կեղևի հետ: Ավելացրեք աղացած կամ մանր կտրատած նուշը՝ մի փոքր մաս առանձնացնելով ձևավորման համար: Միջուկը մի փոքր էլ հարեք ու լցրեք խմորով տապակի վրա: Վրան ցանեք մնացած նուշը:
  5. Տապակը տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, մինչև կեղևը ոսկեգույն երանգ ստանա, մոտ 30 րոպե:
  6. Արդեն պատրաստի կարկանդակը հանեք տապակից, թողեք՝ հովանա, վրան շաքարի փոշի ցանեք, մատուցեք:

Խորհուրդ: Որպեսզի կարկանդակը նման լինի օրիգինալին, կարող եք թղթին կարկանդակի չափերին համապատասխան սուր նկարել, կտրել այն, օգտագործել որպես տրաֆարետ. դնել կարկանդակի վրա, ողջ կարկանդակի վրա կակաոյի փոշի ցանել: Երբ տրաֆարետը զգուշորեն բարձրացնեք, կարկանդակի վրա կմնա ասպետի սպիտակ թրի պատկերը:

«Չորրորդ իշխանություն», 15, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ