Այսպիսի բուտերբրոդները մեծ տարածում ունեն Իտալիայի Կամպանիայի ու Լացիոյի շրջանների, այսպես ասած, «աղքատ խոհանոցներում»: Մի քիչ չորացած, հյութալիությունը կորցրած մոցարելան ուտելու փոխարեն հացով տապակում են: Այդպես և՛ համեղ է ստացվում, և՛ հացը չի թրջվում: Սովորաբար այս սենդվիչները մատուցում են կանաչ աղցանի հետ:
Բաղադրիչները
- 12 հատ տոստի համար նախատեսված հաց, առանց միջուկի
- 300 գ մոցարելա պանիր
- 200 մլ կաթ
- 160-180 գ ալյուր
- 3 մեծ ձու
- մոտ 100 գ ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
- Ձուն հարեք խորը ափսեի մեջ, աղ արեք: Մի ափսե էլ վերցրեք, մեջը լցրեք ալյուրը, էլի աղ արեք: Երրորդ ափսեի մեջ լցրեք կաթը:
- Մոցարելան մոտ 1 սմ հաստությամբ կտրտեք: Կտորները անձեռոցիկներով կամ կտորով չորացրեք: Ձեթը տաքացրեք մեծ թավայի մեջ:
- Երկու կտոր հացն արագ մտցրեք կաթի մեջ ու հանեք: Մի կտորի վրա դրեք 1-2 կտոր մոցարելա պանիր, մյուս կտորով ծածկեք պանիրն ու հացը կողքերից միացնելով՝ ամրացրեք:
- Ստացված սենդվիչը թաթախեք ալյուրի, ապա հարած ձվի մեջ ու տեղադրեք տաքացրած ձեթով թավայի մեջ:
- Տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը, թեքեք սենդվիչը, մյուս կողմն էլ նույն ձևով տապակեք (յուրաքանչյուր կողմը՝ մոտ 1,5 րոպե): Թավայի մեջ միաժամանակ կարող եք ընդամենը 3 սենդվիչ տապակել, որպեսզի իրար չկպչեն:
Պատրաստի սենդվիչները կիսեք ու միանգամից մատուցեք: