...

ՀՀԿ-ն մտել է իշխանություն, իշխանությունը՝ ՀՀԿ

ՀՀԿ-ն մտել է իշխանություն, իշխանությունը՝ ՀՀԿ

Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը հրապարակել է ապրիլի 5-ի հանրաքվեի համար ընտրական հանձնաժողովների անդամների ցանկը: Պարզվում է, որ «ԱՅՈ»-ի շտաբի կողմից հանձնաժողովներում ներկայացված են անձինք, ովքեր բազմակի անգամ հանձնաժողովներում իրենց ծառայությունն են մատուցել ՀՀԿ, ՀՅԴ-ական շրջանակներին՝ լինելով վերջիններիս կողմից ներկայացված հանձնաժողովների անդամներ և հայտնի են որպես ընտրակեղծարարներ:

Մենք ինքներս որոշեցինք ստուգել այս տեղեկությունները և պարզվեց՝ սա բացարձակ ճշմարտություն է: Նախկին իշխանությունների օրոք ընտրություններում թվեր նկարող հարյուրավոր անձինք «ԱՅՈ»-ի կողմից իսկապես ընդգրկվել են հանձնաժողովներում:

Ասվածը մերկապարանոց չհնչելու համար բավական է բացել նախորդ ընտրություններում և Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում ընտրական հանձնաժողովների ցանկը ու կտեսնեք լիքը մարդկանց, ովքեր այդ հանձնաժողովներում գործել են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի անունից:

Օրերս քոչարյանական լրատվամիջոցներից մեկը մի լուր էր գրել, որ իբր Նիկոլ Փաշինյանը հանրաքվեն չեղարկելու ուղիներ է փնտրում: Դե, մենք սա լուրջ չընդունեցինք, բայց ստացվում է, որ կրակն առանց ծուխ չի լինում: Եթե այսպես շարունակվի, ապա հանրաքվեի ճակատագիրը կանխորոշված կլինի, և դա՝ միտումնավոր տապալում կլինի:

20 տարի մենք պայքարել ենք ընտրակեղծիքների դեմ, 20 տարի միս ու արյուն ենք թափել, որ վերջապես Հայաստանում ժողովրդավարությունը անշրջելի փուլ թևակոխի, բազմիցս ենք մեր կաշվի վրա զգացել ընտրակեղծարարների ահաբեկումները, ծեծը, ջարդը, ու հիմա հեղափոխությունից 2 տարի անց նորից պիտի դրա՞նց դեմքերը տեսնենք տեղամասերում: Իշխանությունները մի հատ թող վերջապես պարզ ասեն. իրենք ցանկանո՞ւմ են երկրում փոփոխություններ լինեն, թե՞ հանրապետական մակնիշի համակարգի պահապաններ են լինելու: Իմանանք վերջը, թե ինչ դիրքորոշում որդեգրենք, որովհետև ընտրակեղծարարը մեր համար մնում է ընտրակեղծարար՝ անկախ նրանից, թե որ ուժն է ներկայացնում, ում կամ ինչի օգտին է աշխատում: 

Ընդամենը մի օրինակ բերենք. նախորդ ընտրություններում Արաբկիրի ընտրատեղամասերից մեկում ՀՀԿ-ից հանձնաժողովի նախագահը Ալբինա Ահարոնյանն էր: Թե քվեարկության օրը տեղամասում ոնց է այս անձը «ռուլիտ» արել, բազմաթիվ վկաներ կպատմեն: 2003 թվականից ամենաաչքի ընկած դեմքերից է: Ու հիմա նա նորից նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 3/4 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ: 

Կամ էլ՝ Սոֆյա Առաքելյանը. ամբողջ Հայաստանն է ճանաչում այս կնոջը, նախորդ ընտրությունների այնպիսի թվեր էր կրակում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար, այժմ «ԱՅՈ»-ից նախագահ է լինելու 2/3-ում, իսկ նրա քույր՝ Անժելան 2/2-ում և նույնպես հանձնաժողովի նախագահ: 

Սրա՞նք են ձեր ընտրական բարեփոխումները: Հեղափոխությունը չէր լինի առանց հարյուր հազարավոր ազնիվ, պայծառ, անշահախնդիր ու հայրենասեր քաղաքացիների, նրանք հեչ, այս ընտրակեղծարարները՝ մե՞ջ: 

Մեծ հաշվով, այս խնդիրը բոլոր ոլորտներում է: Բազմաթիվ կոռուպցիոներներ առ այսօր էլ շարունակում են պաշտոնավարել, հարյուրավոր քաղբանտարկյալների հալածած դատախազներ, դատավորներ, ոստիկաններ, կգբ-շնիկներ... աշխատում են՝ «ի փառս» իշխանության: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել հազարավոր ընտանիքների ճակատագիրը խեղելու համար: Լիքը հանցագործ հանգիստ թողնում, փախչում է Հայաստանից:
Ընդհանրապես, եթե ամփոփենք իշխանությունների երկու տարվա գործունեությունը, ապա կստացվի, որ բացառությամբ կայացած ընտրությունների և վերանորոգված ճանապարհների, մնացած տեղերում միայն կոսմետիկ փոփոխություններ են իրականացվել:  
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4217 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ