...

Հոկտեմբերի 1-ին մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան

Հոկտեմբերի 1-ին մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան

Իշխանություններն անհանգստացած են այն փաստից, թե ինչ է սպասվելու: ԱԺ քառօրյա օրակարգի մտահոգող թեման, ըստ ամենայնի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի  լիազորությունները  դադարեցնելու մասին որոշման նախագծի ընդունումն է:  Բանն այն է, որ այս ընթացքում Իմքայլականներին ոչ մի կերպ չի հաջողվում շոշափել ԲՀԿ-ի տրամադրությունը, որպեսզի պարզ դառնա՝ կողմ են քվեարկելու  այդ  նախագծին, թե՞ ոչ՝ նկատի ունենալով շրջանառվող այն վարկածը, թե Ծառուկյանի վրա ճնշումներ են լինելու: Մենք փորձեցինք  ԲՀԿ խմբակցության պատգամավորներից տեղեկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի հետ կապված, սակայն խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները հեռախոսազանգերին չէին պատասխանում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի խոսքով՝ վերոնշյալ որոշման  նախագիծը նախադեպը չունեցող գործընթաց է Հայաստանի Պառլամենտի պատմության մեջ: «Մենք անելու ենք հնարավորինը, որպեսզի ունենանք այն սահմանադրական դատարանը, որը կարտացոլի այսօրվա իրականությունը և  այն դատական համակարգը, որի մասին մենք խոսել ենք, և որը ակնկալում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին»: 

Այն, որ որոշ ՀԿ-ներ և ընդդիմադիր գործիչներ գտնում են, որ որոշման նախագիծը քաղաքական ենթատեքստ է պարունակում, Արման Բոշյանի կարծիքով՝ քաղաքական ենթատեքստ չկա: «Դատական համակարգը և մեր փոխհարաբերությունները գտնվում են իրավական տիրույթում և դատական համակարգի, կոնկրետ այս դեպքում սահմանադրական դատարանի հետ կապված մեր առարկությունները, մեր խնդիրները և մեր ճանապարհը միայն և միայն իրավական տիրույթում են»,- ասաց նա: Մտահոգիչ չէ՞ որ Բարգավաճ Հայաստանը կարող է չմիանալ որոշման նախագծի ընդունմանը, Արման Բոշյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ թե՛ Բարգավաճ Հայաստանը, թե՛ Լուսավոր Հայաստանը կողմ կքվեարկեն որոշման նախագծին, քանի որ այս նախագծով պահպանվելու է օրենքի տառը»:

Իսկ խոսակցություններն այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ ևս դեմ են նախագծի ընդունմանը, պատգամավորը պատասխանեց. «Առաջարկը եղել է մեր խմբակցության կողմից, նախագիծը մեր հեղինակածն է, ուստի խմբակցությունը այս հարցի շուրջ ունի միասնական դիրքորոշում: Բայց քանի որ քվեարկությունը փակ է լինելու, յուրաքանչյուրը քվեարկելու է իր խղճի մտոք, իր ուզած ձևով»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6963 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ