«Եթե հաշվի չառնենք մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու-երեք տարվա գործունեությունը, ավելի ճիշտ՝ դա դնենք մի կողմ, որովհետև դրա գնահատականը պետք է տան 2-3 տարի հետո, ապա նորօրյա Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ այնքան բան չի արել Հայաստանի ու Արցախի համար, ինչքան Դաշնակցությունն է արել»։
Մեջբերումն արված է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:
«ՉԻ». Ահա այսպիսի հարցազրույցներից հետո է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ցանկություն է առաջանում բացել պատուհանը ու...: Բայց ինչպես բազմիցս ենք նշել, պատուհանը բացելու ու..... համար մեղավոր է միմիայն ինքը: Ինչո՞ւ Աղազարյանի համար գրել-կարդալու հետ կապ չունեցող գործ չգտաք, որ նա հիմա այսպիսի մտքեր է տիրաժավորում: Ինչո՞ւ հիմա նրան մի տեղ չեք նշանակում անտառտնտեսության ինժեներ, որ ինքն էլ գոհ լինի իր կյանքից, ձեզ էլ այս կարգի անհարմարություններ չպարգևի:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի համար անելուն: Նախկին դաշնակցական Աղազարյանը կեղծում է շարքային դաշնակին հարիր: Պատերազմում կռվել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, բայց միայն դաշնակներն են պատերազմի ամենավճռորոշ պահին փորձել տապալել Հայաստանի լեգետիմ իշխանությունը:
Միայն այդ կուսակցության ներկայացուցիչներն են խմբեր ստեղծել՝ նպատակ ունենալով ֆիզիկապես ոչնչացնել պատերազմի մեջ գտնվող երկրի քաղաքական ղեկավարությանը: Այդ կուսակցությունն է, որ ՀՀԿ-ի հետ ամբողջովին կիսում է Հայաստանում կեղծված ընտրությունների պատասխանատվությունը: Դաշնակցությունը թերևս ավելին, քանի որ այդ ուղղությամբ իր առաջին քայլերն արեց սկսած 1996 թվականից, երբ բազմաթիվ ընտրատեղամասերում լցոնումներ արեց Վազգեն Մանուկյանի համար:
Ինչ վերաբերում է ՔՊ-ին երկու-երեք տարի հետո գնահատական տալուն: Աղազարյանի նման պատգամավորներով այդ պահը կարող է ավելի շուտ գալ: