ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Արդեն մի քանի օր է, ինչ ապրում ենք Հայաստանի նորանկախ պատմության ամենադրամատիկ տարում: Ամենադրամատիկ, որովհետև 2020 թվականի արհավիրքները հենց այս տարում են իրենց զգալ տալու:
Կորոնավարակը քայքայել է տնտեսությունը, իսկ պատերազմը ավելի քան երբևէ կասկածի տակ է դրել մեր պետականության գոյությունը: Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է հոդվածներ գրել (գոնե խորհրդականները բացատրեին, որ ոչ մի իրեն հարգող երկրի ղեկավար հոդված չի գրում սեփական պաշտոնական կայքում) և ռևիզիայի ենթարկել, թե անկախության 30 տարին, թե 44-օրյա պատերազմը, այնուամենայնիվ փաստ է՝ պատերազմը չի ավարտվել և ցանկացած պահին այն վերսկսվելու մեծ ռիսկեր կան:
2021 թվականին քաղաքական էլիտայից, իշխանությունից ու ընդդիմությունից, եկեղեցու բարձրաստիճան հովվապետներից պահանջվելու է մեծ խորաթափանցություն, զսպվածություն և սեփական շահը պետությունից վեր չդասելու գործելաոճ, որպեսզի կարողանանք դիմակայել և վերջնականապես չձախողենք պետականությունը:
Ցավոք, նշված խմբերի անցած տարվա ձեռագիրը հակառակի մասին է վկայում: Նրանք բոլորը պայքարում են միմյանց դեմ, բայց վնաս հասցնում միայն պետականությանը:
Նիկոլ Փաշինյանը չի արդարանում, ինչպես կաներ ցանկացած մահկանացու, նա խեղաթյուրում է պատմությունը, հընթացս արձանագրելով, որ անգամ դաժան պատերազմից ու դրան հետևած պարտությունից հետո չի հասկացել և պատրաստ չէ ընդունել սեփական սխալները: Միայն վկայակոչումը, թե Ռուսաստանը հոգնել էր իրեն վերագրվող մեղադրանքներից, թե իր պատճառով չի լուծվում կոնֆլիկտը և Սիրիա 46 հոգանոց զորախումբ ուղարկելն իբրև ճիշտ ռազմավարական հարաբերություններ կառուցելու փաստարկ ներկայացնելը վարչապետի կողմից իրավիճակը խիստ մակերեսային գիտակցելու ապացույց է: Ըստ էության, Փաշինյանը ունի միայն մեկ կռվան՝ հանրության խորը արգահատանքը նախկին երկու ռեժիմների հանդեպ:
Իր հերթին ընդդիմությունը նույնքան, իսկ շատ տեղերում ավելի ոչ ադեկվատ է ստեղծված վիճակին: Իրենց նպատակը Փաշինյանին հեռացնելն է, բայց առայժմ ինչ իրենց հաջողվել է՝ հասարակական մեծ դիմակայություն հրահելու նախապատրաստական աշխատանքներն են: Ադեկվատության մեծ պակաս պետք է ունենալ, որ բացի Փաշինյանից թիրախ դարձնես նաև իշխող ուժին ընտրած 900 հազար Հայաստանի քաղաքացիներին: Նրանց անվանես ժեխ, զոմբի կամ մտավոր հետամնացներ: Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ընդդիմությունը չի խոստանում Փաշինյանի հեռացումից հետո անմիջապես կազմակերպել արտահերթ ընտրություններ: Եթե ձախողումների միակ պատճառը Փաշինյանն է, ապա ինչն է խանգարում նրա հեռացումից հետո անմիջապես ընտրություններ անցկացնել: Կկազմակերպեք քարոզարշավ, կներկայացնեք ձեր հանճարեղ ծրագրերը, մանրամասն կբացատրեք, թե ինչպես եք վերադարձնելու հողերը, վերականգնելու տնտեսությունը և հասարակական համերաշխություն հաստատելու: Ինչպե՞ս կարող են մարդիկ ձեզ ձայն չտալ: Թե մեկ տարին անհրաժեշտ է, որ հիպնոսի սեանսներ կազմակերպեք և զոմբիներից նորից պաթոսով կերակրվող քաղաքացիներ ստանաք:
Աշխարհի ցանկացած ընդդիմություն կերազեր արտահերթ ընտրություններ պատերազմում պարտված իշխանության ֆոնին, բայց հայաստանյան ընդդիմությունը բացառություն է: Եթե փաստարկն այն է, որ իշխանությունը կկեղծի ընտրությունները, ապա դրանից հետո տասնյակ անգամ ավելի շատ մարդ դուրս կգա փողոցներ, քան հիմա կարողանում է ապահովել 17-ի խմբավորումը:
Իմաստնություն մեր ժողովրդին, որպեսզի այսպիսի քաղաքական էլիտայի պայմաններում կարողանա պահպանել հարյուրամյակներ երազած պետականությունը:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021