...

Իմիտացիա, սիմուլյացիա, դեգեներացիա

Իմիտացիա, սիմուլյացիա, դեգեներացիա

«Առավոտ»-ը զրուցել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ, որը բավականին ուշագրավ դիտարկումներ է արել: Մասնավորապես հարցադրմանը՝ «Վերջին օրերին հանրային բանավեճի հարց է դարձել՝ ինչպե՞ս պատահեց, որ Արևմուտքը օգնեց Ուկրաինային, կանգնեց Ուկրաինայի կողքին, մինչդեռ 44-օրյա պատերազմի ընթացքում, այն էլ բավական ուշացումով, ընդամենը հայտարարություններ հնչեցին՝ մեծամասամբ հավասարության նշան դնելով կողմերի միջև», վերջինս պատասխանել է․ «Հայկական հիվանդություն է։ Իսկ երբ միջազգային հանրությունը քառորդ դար հորդորում էր Ադրբեջանին վերադարձնել ԼՂ շուրջ տարածքները, մենք ի՞նչ էինք ասում։ Ասում էինք՝ «Արցախի հարցը լուծված է, թող աշխարհը մտածի»։ Եթե Ուկրաինան ռազմական գործողություններ սկսեր Մոլդովայում՝ միջազգային հանրությունը կդատապարտեր Կիևի իշխանություններին և կսատարեր Քիշնևին»։ Լրագրողի ճշգրտող հարցադրմանը՝ բայց Հայաստանի բոլոր նախկին նախագահներն էլ հայտարարել են, որ պատրաստ են փոխզիջումների և մեղադրվել են ազատագրված տարածքները հանձնելու պատրաստակամության մեջ, Աթանեսյանը նկատել է․ «Հայաստանը փոխզիջման պատրաստ է եղել մեկ անգամ՝ 1997 թվականին։ Մնացածը պատրաստակամություն չէր, իմիտացիա էր, սիմուլյացիա, որ Նիկոլ Փաշինյանի դեպքում վերածվեց պարզ արկածախնդրության»։

Երկու դեպքում էլ դժվար է չհամաձայնել Աթանեսյանի հետ։ Հայաստանի հասարակությունը, ինչպես նաև արտերկրում ապրող հայերը այս օրերին բաժանվել են երկու խմբի՝ ռուսամետներ, որոնք սրտատրոփ սպասում են Պուտինի հաղթանակին և ուկրաինամետներ, որոնք հիացած խոսում են ուկրաինացիների ոգու ամրության, զուգահեռաբար Պուտինի և նրա շրջապատի խելահեղության մասին։ Ռուսամետները մերթընդմերթ հարձակվում են ուկրաինամետների վրա՝ նրանց մեղադրելով դավաճանության մեջ։ Փաստարկումը հետևյալն է՝ ռուսները մեզ օգնել են 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ ուկրաինացիները ադրբեջանցիներին զինել են, միջազգային հանրությունն էլ լուռ դամ է պահել։ Ուրեմն՝ գրողի ծոցը կորչեն Ուկրաինան էլ, նրան սատարող միջազգային հանրությունն էլ։ Եվ ահա Աթանեսյանը բաց տեքստով տրամաբանական է համարում աշխարհի աղաղակը Ուկրաինայի դեպքերով, և նրա լռությունը՝ մեր դեպքում։ Իսկապես՝ միջազգային հանրության հորդորները բանի տեղ չենք դրել, թքած ենք ունեցել նրա բոլոր առաջարկների ու պլանների վրա, նրան իբր հիմարացրել ենք՝ ժամանակ ձգելով, և ահա ամենավճռական պահին նրանք հետ են քաշվել, քանի որ առաջարկելիք չեն ունեցել՝ բացի հումանիտար օգնությունից։ Հիմա ո՞վ է մեղավոր։ Ինչպես միշտ բոլորը՝ բացի մեզանից։ Հիմա էլ շարունակում ենք նույնը պնդել․ երևի չմտածելը հարմար է ու հեշտ։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ փոխզիջման պատրաստակամությանը, ապա միանգամայն հստակ է նախկին պատգամավորի ձևակերպումը՝ Հայաստանը փոխզիջման պատրաստ է եղել մեկ անգամ՝ 1997 թվականին։ Ու էլի այսօրվա հետադիմական, տեղ-տեղ բթամտության հասնող համառությունը մեզ նստեցրել է դանդաղ գործողության ականի վրա։ 23 տարի հետո այն պայթել է՝ ոչնչացնելով այն ամենը, ինչ մենք ճիշտ ենք համարել։ Ճիշտը՝ դեռ մի կողմ, այն ոչնչացրել է հազարավոր կյանքեր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Վաղ թե ուշ այդպես էր լինելու, պարզապես արկածախնդիրները արագացրին պայթյունը, մինչդեռ իրենց բացառիկ լեգիտիմությամբ նրանք կարող էին հետ պտտեցնել պատմության անիվը, և ոչ թե սեփական զրո, այլ 97-ին առկախված պատրաստակամության կետից սկսեին ամեն բան։ Սա չարվեց։ Էջը թերթեցին, անցան առաջ՝ ամեն բանի համար պատասխանատու նշանակելով։ Ստացվեց՝ բոլորը մեղավոր են՝ բացի մեզանից։ 

Գոհար Վեզիրյան   

ՎԱՐԿԱՆԻՇ

   1218 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ