Այսօր ձերբակալվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին կաշառքի և առանձնապես խոշոր չափերի հափշտակության ու փողերի լվացման մեջ:
«ՉԻ». Ամենախոխմը այն կլինի, եթե պարզվի, որ մեղադրանքները ներկայացվել են մեկ մարդու ցուցմունքի հիման վրա: Որովհետև դա Աղվան Հովսեփյանի «ֆիշկեն» էր:
Դեռ 2000-ականների սկզբին Աղվան Հովսեփյանին իրավացիորեն անվանում էին հայկական Վիշինսկի, քանի որ նա մեկը մեկին ընդօրինակել էր ստալինյան ռեպրեսիաների գլխավոր դահիճներից մեկի գործելաոճը: Այսինքն՝ մի մարդուց ցուցմունք էին կորզում ու դրա հիման վրա հարյուրներով գործեր էին սարքում: Թե ինչքան մարդու ճակատագիր է խեղվել Աղվան Հովսեփյանի գործունեությունից, չենք էլ կարող ասել:
Հիմա ինչ-որ բան չոքեց իր դռանը: Որ ասենք՝ խիստ ուրախացած ենք նրա ձերբակալությունից, սուտ կլինի, քանի որ այժմ այլ ժամանակներ են, ավելի կարևոր խնդիրներ ու մարտահրավերներ ունենք, մեր պետականության գլխին վտանգ է կախված, ու Աղվան Հովսեփյանի նստել-չնստելն առանձնապես այդ խնդիրների լուծմանը չի նպաստում: Վնաս էլ չի տալիս: Բայց այսօր որևէ մեկի ձերբակալությունը երկրորդ պլան է մղվել:
Բոլոր դեպքերում, Աղվան Հովսեփյանն էլ ժամանակ կունենա սեփական կաշվի վրա զգալու այն, ինչ տարիներով զգացել են իր կողմից բռնադատված մեր քաղաքացիները: Թող իմանա, թե ինչ բան է կալանքը, մեկուսարանը, խցակիցը, բալանդան:
Ավելի լավ է՝ նորից կարդաք, թե ժամանակին ինչ ենք գրել Աղվան Հովսեփյանի մասին «Չորրորդ իշխանություն» թերթում, 2005 թվականին: Հղումները՝ այստեղ.