...

Ինչն է խանգարում վատ պարողին

Ինչն է խանգարում վատ պարողին

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

Քաղաքական դիտորդներն արձանագրում են, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կուսակցությունների պառակտումը, նախագահական և խորհրդարանական ընտրություններում նախագահ Քոչարյանի ռեժիմի ու նրան սատարող ուժերի պոտենցիալ հակառակորդների վարկաբեկման գործընթացը, ինչպես նաև տնտեսական 20 տոկոս աճի մասին նախագահի հայտարարությունները հուշում են, որ վերջինս ակտիվորեն նախապատրաստվում է նոր՝ 2003-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Կարծում ենք, կասկածից վեր է, որ նա հաջորդ անգամ էլ հանդգնություն կունենա առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում, ուստի հարկ ենք համարում անդրադառնալ պարոն Քոչարյանի ավելի քան երեքամյա գործունեությանը այդ պաշտոնում՝ անհրաժեշտ հետևություններ անելու համար: Հետաքրքիր է վերհիշել 98-ի նրա նախընտրական խոստումները և հստակեցնել, թե այդ խոստումների ո՞ր մասն է այսօր իրականություն դարձել: Դա կարևոր է կողմնորոշվելու համար, թե արժե՞ 2003-ին կրկին վստահել ու հավատալ նախագահի ապագա թեկնածու Քոչարյանի խոստումներին:

Իհարկե, ժամանակն է հասկանալ, որ որևէ մակարդակի ընտրություններում թեկնածուի տված խոստումները քաղաքականության մեջ շատ քիչ արժեք ունեն: Այդուհանդերձ, 98-ին նախագահի թեկնածու Քոչարյանն իր նախընտրական ծրագրի առաջնորդողում պնդում էր. «... մեր ուժը ներքին համախմբվածության ու համազգային միասնության մեջ է»: Միանգամայն ընդունելի տեսակետ: Այլ հարց է, թե ժամանակին ի՞նչ էր հասկանում սույն արժանավոր թեկնածուն վերոհիշյալի մասին խոսելով. արդյո՞ք արտագաղթ, կուսակցությունների քայքայում, ինչին այսօր ականատես ենք նրա եռամյա գործունեության արդյունքում:

98-ին թեկնածու Քոչարյանը տնտեսական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկն էր համարում աշխատատեղերի կտրուկ ավելացումը: Կտրուկ՝ նշանակում է անմիջապես և նկատելիորեն: Մինչդեռ ավելի քան 3 տարիների ընթացքում այդ «կտրուկը» մեր ազգաբնակչության համար այդպես էլ նկատելի չդարձավ:

Քոչարյանը խոստանում էր՝ «... պետության ակտիվ միջամտություն էներգետիկայում...»: Այո, պետությունն այսօր ակտիվ միջամտում է այս ոլորտի գործունեությանը նրանով, որ ստիպում է վաճառել ոչ միայն էլցանցերը, այլև էներգահամակարգն ամբողջությամբ, որովհետև ի վիճակի չէ կարգավորել պետական մարմինների գործունեությունն ու պայքարել այդ ոլորտում արմատացած կոռուպցիայի ու պետական միջոցների յուրացումների, վատնումների դեմ:

«Հարկային համակարգի պարզեցում և հստակեցում...», - խոստանում էր թեկնածու Քոչարյանը: Իհարկե, համակարգն, իրոք, պարզեցվել է, բայց այնքանով, որքանով հիմա ՊԵՆ-ը ուղղակի մտնում է ձեռնարկություններ ու դիրեկտիվ պահանջ ներկայացնում՝ կանխավճարներ մուծել՝ անկախ այն բանից, թե այդ ձեռնարկությունները բյուջեի նկատմամբ պարտավորություններ ունե՞ն, թե՞ ոչ:

«Առաջնահերթ սոցիալական խնդիրը իրական աշխատավարձերի կտրուկ աճն է...»,- հայտարարում էր թեկնածու Քոչարյանը 98-ին: Դարձյալ կտրուկ և դարձյալ աճ: Սա հիշեցնում է հայ մեկ այլ կարկառուն գործիչ Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագիրը, որը հայտարարում էր, որ եթե ազգս խելք ունենա ու իրեն ընտրի, ապա բյուջետային աշխատողների աշխատավարձը 10 անգամ կբարձրանա: Ասենք Վ. Մանուկյանը նախագահ չդարձավ ու նրան աշխատավարձերը չավելացնելու համար չենք կարող մեղադրել, իսկ Քոչարյանին հո կարո՞ղ ենք: Մինչդեռ 98-ից ի վեր, անցած ավելի քան երեք տարիների ընթացքում, բյուջետային աշխատողների աշխատավարձերի կտրուկ աճ ոչ միայն չի արձանագրվել, այլև փոխարենը անցած տարվա վերջին երեք-չորս ամիսների աշխատավարձերը սառեցվել ու առայժմ հույս էլ չկա, թե երբևէ կվճարվեն:

Քոչարյանը ժամանակին նաև խոստանում էր՝ «... պետական միջոցներով ծավալուն բնակարանային շինարարության իրականացում, 2001-ին բնակարանային խնդրի վերջնական լուծման ապահովում...»: Հիշո՞ւմ եք խորհրդային վերջին տարիներին վերակառուցման ու հրապարակայնության ջատագով ընկեր Գորբաչովն էլ էր հայտարարում, թե մինչև 2000-ը յուրաքանչյուր սովետական ընտանիք ապահովված կլինի առանձին բնակարանով և ի՞նչ: Կարծում ենք, տեղին կլինի, եթե առավել ևս անօթևան ու վթարային շենքերի բնակիչ քաղաքացիները գոնե մեկ անգամ հարց բարձրացնեն, թե որտեղ են իրենց բնակարանները՝ արդեն 2001-ն է:

«...կառավարման մարմինների լիազորությունների և պատասխանատվության հստակեցում...»: Սա էլ էր թեկնածու Քոչարյանի նախաձեռնությունը: Հարց է առաջանում, թե անցած տարիների ընթացքում կառավարման հատկապես ո՞ր օղակում են հստակեցվել լիազորություններն ու պատասխանատվությունը և կոնկրետ ո՞ր պաշտոնյան է իր թերացումների համար պատասխանատվություն կրել, թե՞ նման դեպքերն էլ 9-ից հետո կտրուկ նվազել են: Կամ արդյո՞ք խոսքը գնում է ԱԱՆ-ի մասին, որը երկրում տեղի ունեցող ահաբեկչությունը կանխելու փոխարեն կենտրոնացել է տնտեսական հանցագործությունների իբր բացահայտման վրա ու իր այդ լծակով փորձում է ազդել այն ձեռնարկատերերի վրա, որոնք կամ ընդդիմադիր են, կամ փորձում են չենթարկվել ղարաբաղյան կլանին: Կամ ով չի հիշում, թե 99-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար ԱԱՆ և ՆԳՆ մարմինների ղեկավարներն իրենց հստակ լիազորությունները չկատարելու համար ինչ պատասխանատվության ենթարկվեցին. ԱԱՆ նախկին նախարար Սերժ Սարգսյանն, օրինակ, դրա արդյունքում նշանակվեց պաշտպանության նախարար և անվտանգության խորհրդի քարտուղար: Ավելին, նույն նախագահ Քոչարյանը հրաժարվում էր 99-ի ոճրագործությունից հետո պատասխանատվության ենթարկել ոճրագործությունը չկանխած պաշտոնյաներին:

Քոչարյանի՝ 98-ի նախընտրական ծրագրում ամպագոռգոռ խոստումները բազմաթիվ են: Ճիշտ այդքան են, թերևս, նաև նրա չիրագործված խոստումները: Բայց խոսենք մի վերջինի մասին.

«...բանակցային ճանապարհով հասնել ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը՝ միաժամանակ երաշխավորելով նրա գոյությունը անվտանգ սահմաններում...»: Իրավիճակն իրականում հեռու է պարոն Քոչարյանի նախընտրական խոստումն իրականություն համարելուց: Այսօր միջազգային հանրությունը ոչ միայն չի ճանաչում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլև նրան առաջարկում է «ձեռնպահ մնալ տեղական ինքնակառավարման ընտրություններից», որովհետև չի էլ պատրաստվում ճանաչել այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Փոխարենն արդեն 98-ից ԼՂ հիմնախնդիրը դարձել է ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի խնդիր: Ուրեմն ո՞ւր մնացին նախագահ Քոչարյանի առանցքային խոստումները: Դեռ երկու տարի կա, կասեք դուք և, թերևս, կսխալվեք, որովհետև անցած երեք տարիների ընթացքում Ռ. Քոչարյանն իր նախընտրական խոստումներից և ոչ մեկը չի իրականացրել:

Արթուր Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 253, օգոստոսի 30, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   538 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ