...

Ինչպե՞ս եք նայելու Ազատիչի աչքերին

Ինչպե՞ս եք նայելու Ազատիչի աչքերին

Արմեն Գևորգյանը տելեգրամի իր ալիքում գրել է. «Երևանից դուրս կյանքի մասին: Մի քանի օր անցկացրի մարզերում՝ հանդիպելով ընտրողների հետ: Արդեն երեք տարի է, հասկանալի պատճառներով, հնարավորություն չեմ ունեցել ուղղակիորեն շփվել մարզերում մեր հայրենակիցների հետ: Մի քանի դիտարկում: Բնակչությունը հիմնականում գտնվում է իշխանությունների տեղեկատվական տեռորի տակ: Մեծամասնությունը, երկրի զարգացման հրատապ խնդիրները, զանգվածային միգրացիայի պատճառները, գերիների հարցը և իրավիճակը սահմանին քննարկելու փոխարեն քննարկում են անցյալի թեմաներ, որոնք իշխանությունները տարածում են՝ ուշադրությունը շեղելու համար: Հայաստանի իշխանությունների վերաբերյալ իրենց գաղափարների բացահայտ արտահայտման վախը գերակշռում է ամենուր. շատերը խուսափում են ընդդիմության հետ համագործակցելուց, քանի որ վրեժխնդրություն է սպասվում:

Բայց կա մի շատ հետաքրքիր միտում, որն արտահայտվում է հիմնականում երիտասարդների մոտ։ Նրանք աչքիդ առաջ սկսում են հայտնաբերել նոր ճշմարտություններ՝ իրենց երկրի ոչ վաղ անցյալի մասին ու սկսում են տալ հարցեր, որոնք 14 տարի կոնսերվացված էին։ Օրինակ՝ ինչպե՞ս երկրաշարժից հետո վերականգնվեց Սպիտակ քաղաքը, կամ աղետի գոտու մյուս բնակավայրերը, ինչպե՞ս է կառուցվել Դիլիջանի թունելը, ինչպե՞ս է ստեղծվել Թումոն, ինչպես է կառուցվել նոր օդանավակայանը, ինչպե՞ս են կառուցվել բազմաթիվ նոր ճանապարհներ և հանգույցներ, զարգացել գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: Երիտասարդ սերունդը նոր է սկսում տալ այդ հարցերն ու թերևս առաջին անգամ լսում, որ դրանք կառուցվել են Քոչարյանի նախագահության տարիներին»:

«ՉԻ». Ի՞նչ հասկանալի պատճառներ: Ո՞վ էր սահմանափակել մարզեր այցելելու ձեր իրավունքը: Լավ, երեքշաբթի օրերին զբաղված էիք, դատի էիք, մյուս օրերին այցելեիք: Իսկ մարզեր չէիք այցելում մի շատ պարզ պատճառով: Այն, ինչ չկարողացավ անել իշխանությունը իր թուլամորթության ու ոչ կոմպետենտ լինելու հանգամանքից ելնելով՝ կանեին մարզերի բնակիչները:

Ձեր ծիծաղը չի՞ գալիս, երբ գրում եք, թե ժողովուրդը գտնվում է իշխանությունների տեղեկատվական տեռորի տակ: Սա նույն է, թե Ադրբեջանը Հայաստանին մեղադրեր կամիկաձե ԱԹՍ-ներ օգտագործելու մեջ կամ խաղաղ ժողովրդին թիրախավորելու մեջ: Առավոտից երեկո տեղեկատվական տեռորով եք զբաղված, իսկ Հ1-ը կա՛մ չունի ցանկություն, կա՛մ էլ պրոֆեսիոնալ հմտություն դրանք չեզոքացնելու ու դրանց հակադարձելու համար:

Իսկ պատահաբար երիտասարդները չե՞ն հարցնում, թե ինչ պետք է անել Սեդրակի կամ Լևոնի նման հարստանալու համար, ինչ պետք է անել զորացրումից անմիջապես հետո մի քանի միլիոն դոլարանոց կազմակերպության սեփականատեր դառնալու համար: Երիտասարդ են, գուցե աբստրակտ գյուղատնտեսության ու արդյունաբերության մասին հետաքրքրություն դրսևորելու փոխարեն ավելի պրակտիկ թեմաներից հետաքրքրվեն:

Իսկ գուցե դո՞ւք երիտասարդությանը լուսավորեիք, որ ոչ մի բան էլ չի զարգացել, պարզապես ժամանակին մեծահարուստ Քըրքորյան է հայտնվել, որի գումարներով էլ մի փոքր շինարարություն է տեղի ունեցել: Միայն թե այնքան թալանեցին ազգային հերոսին, որ նա նեղացավ և դադարեցրեց կառավարության հետ համագործակցությունը:

Կներեք էլի, չե՞ք ասի, թե որ գյուղեր եք այցելել, որտեղ ձեզանից չեն հետաքրքրվել՝ ում էր ձեռնտու Հոկտեմբերի 27-ը կամ Մարտի 1-ը: Իսկ չե՞ն հարցրել, թե այդ ինչպես էր պատահում, որ ամեն ընտրությունից հետո իրենց գյուղապետները նոր առանձնատներ էին կառուցում կամ նոր, շքեղ ավտոմեքենաներ գնում:

Հ.Գ. 14 տարի կոնսերվացնելու մասին: Մինչև 2018 թվականը փոխվարչապետի ու տարածքային նախարարի պաշտոնն եք զբաղեցրել, ինչո՞ւ եք կոնսերվացրել Քոչարյանի մասին լեգենդի հյուսումը: Բա մի բերան Ազատիչին ասեիք՝ ինչո՞ւ եք խանգարում, որ ժողովուրդը իմանա ճշմարտությունը իր մեծ զավակի, շինարար ու հերոս Քոչարյանի մասին: Այս տողերից հետո ինչպե՞ս եք նայելու Սերժ Սարգսյանի աչքերին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1535 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ