...

Իր մասին վեճ չկա

Իր մասին վեճ չկա

ՀԱՄԱՍՓՅՈՒՌ

Լոս Անջելեսը Սփյուռքի զարկերակն է: Ժամանակին Բեյրութն էր: Անցած դարի հիսունականների սկզբին, երբ «Ազդակ»-ի կողմից հարց տվեցի մեծանուն գրող Կոստան Զարյանին, թե Լիբանան այցելության իր նպատակը ո՞րն է, այսօրվա պես հիշում եմ պատասխանը, երբ թատերական երանգ տալով ձայնին ասաց. «Եկել եմ, որպեսզի ավելի մոտ լինեմ իմ ժողովրդի սրտի զարկերին»:

Այսօր ժողովուրդը Լոս Անջելեսում է: Հավանաբար ոչ այնքան հոգեհարազատ, որքան Բեյրութն էր, բայց վստահորեն ավելի ներկայացուցչական: 

Արդարև, այնտեղ՝ լայնատարած այդ ոստանում, առանձնահատուկ նկարագիր չունեցող այլազան քաղաքների վիթխարի զանգվածում, մանավանդ Գլենդելում և Հոլիվուդում գտնվում է ամբողջ Սփյուռքը՝ իր բոլոր հատվածներով, բարքերով, մտորումներով, տագնապներով և հույզերով: 

Ավելին, Հայաստանը կգտնեք «Լիթըլ Արմինիա»-ում, որ երբեք փոքր չէ, այլ մայր երկրի ներսում տիրող պայմանների բերումով, մի հարաճուն զանգված, որ հետզհետե զգացնել է տալիս իր ընկերական, տնտեսական ու հատկապես մշակութային ճնշող ու բարերար ազդեցությունը: 

Մերձավոր Արևելքից եկողները իրենց հետ բերում են իրենց հայրենասիրությունը, մայր երկրից եկողները փոխադրում են... Հայաստանը: 

Հայաստանը ամենօրյա մտասևեռում է բոլորի համար: Ապրում են նույն տագնապը, պատասխան են փնտրում նույն հարցումներին, տառապում են նույն մտահոգություններով: 

Խոսակցությունների ընթացիկ նյութը նախագահական առաջիկա ընտրություններն են: Լավ ակնկալիքներ չունեն: Ոմանք հաշտվել են այն գաղափարի հետ, թե ներկա նախագահը ամեն միջոցի պետք է դիմի իրեն ևս մեկ անգամ ժողովրդին պարտադրելու համար: Ուրիշները հավանական թեկնածուների որոնումների մեջ են: Մի բան պարզ է. Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ժողովրդի վերաբերմունքը արհամարհականից գնում է հակակրանքի և հասնում է ատելության սահմանները: Իր մասին վեճ չկա: Դեռ մեկ տարի առաջ կար: Այժմ չկա: Ճիշտ է, ոմանք կուսակցական կարգապահությամբ առայժմ խուսափում են արտահայտվելուց, բայց իրենց հիասթափությունը այնքան ակներև է, որ արտահայտվելու կարիք չկա: 

Իր պաշտոնավարության չորս տարիների ընթացքում ապօրինությամբ Հայաստանի նախագահ ընտրված այս մարդը իր իշխանությունը աշխատեց ամրապնդել ոչ թե ժողովրդին սրտակից առաջնորդ լինելով, այլ տգետ, գավառամիտ մարդու իր ահավոր մեծամտության ծնունդ խարդավանքներով: 

Իր նպատակին հասնելու համար Քոչարյանը միջոցների մեջ խտրություն չդրեց: Այսօր, եթե կասկածներ են առաջանում իր վերաբերյալ, որպես խորհրդարանի սպանությունների կազմակերպիչ, պատճառն այն է, որ վերջին երեք տարիների ընթացքում նա ոչինչ չարեց ի հայտ բերելու այդ ահավոր ոճրագործության կազմակերպիչներին: Ընդհակառակը, ամեն ինչ արեց, որպեսզի քողարկի իր, ինչպես նաև իր կամակատարների պատասխանատվությունը: 

Քոչարյանն առավելագույն չափով օգտագործեց փոքր մարդկանց փառասիրությունը: Կառապանի հոգեբանությամբ այս մարդը, ինչպես վերջերս ասաց Հայաստանի երեսփոխաններից մեկը, ոչնչություններին զորավարի աստիճան տվեց, իսկ զինվորական ակադեմիայի շրջանավարտ մի զորավարի ոչ միայն պաշտոնանկ արեց, այլև զրկեց զինվորական կոչումից: 

Մոտ վեց ամիս կա նախագահական ընտրություններին: Բայց արդեն պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվելու համար պետք է դիմի լայնածավալ խարդախությունների, ճնշումների և սպառնալիքների: Հանուն ինչի՞ է այդ ամենը: Անարժան մի մարդ ինչո՞ւ պետք է վերստին պարտադրվի ժողովրդին:

Ինչո՞ւ պետք է բանակին, ոստիկանությանը և ապահովության ուժերին հրահանգվի մի մարդու նման քվեատուփ լցնել ի նպաստ մի մարդու, որն ատելությամբ մերժված է հասարակության կողմից: 

Մանավանդ ինչո՞ւ պետք է արժեք և կշիռ ունեցող քաղաքական հոսանքները իրենց խղճի վրա ծանրացնեն նման մարդու թիկունք կանգնելու անտանելի բեռը: 

Վարանում ենք տեսնում քաղաքական այդ հոսանքների մեջ: Մտահոգություն նույնպես: Իրենց իսկ ապագան, որպես քաղաքական ուժի, կախված է այսօրվա իրենց որոշումից: Լինել մի մարդու հետ, որ Հայաստանն ու հայ ժողովրդին մխրճեց հուսահատության գիրկը, թե՞ բացվել դեպի առողջ ուժեր և երկրի ղեկը հանձնել ժողովրդի վստահությունը վայելող մի ղեկավարի: 

Թող չասվի, թե նման մարդ չկա: Եթե Հայաստանը հասել է մի տեղ, ուր միակ կարողը Քոչարյանն է, նշանակում է, որ կացությունը շատ ավելի մտահոգիչ է, քան կարծում ենք: 

Ժամանակները առաջնորդներ են ծնում: Անհրաժեշտը հանդգնությունն է: 

Տիգրան Ոսկունի 

«Նոր Կեանք», 15 օգոստոս (Լոս Անջելես)

«Չորրորդ իշխանություն», թիվ 229, սեպտեմբերի 17, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1971 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ