Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանը, «որպես Արցախ ազատագրած անձ, որպես ՀՀ տնտեսական ձեռքբերումներ արձանագրած երկրի նախագահ, դեռ շատ անելիքներ ունի»։
Մեղայասսու, փաստորեն Արցախը ոչ թե հայկական բանակն է ազատագրել, այլ կոնկրետ անձ, և այդ անձը Ռոբերտ Քոչարյանն է։ Ինչ վերաբերում է «տնտեսական ձեռքբերումների արձանագրմանը», ապա լավ չի հասկացվում՝ խոսքը պետությա՞ն ձեռքբերումների մասին է, թե՞ նախագահի։ Եթե պետության մասին է, ապա ռազմավարական ենթակառուցվածքները չնչին գներով կամ «պարտքի դիմաց» այլ պետության հանձնելն ու այդ գումարներով Երևանի կենտրոնում յուրայինների համար «էլիտար թաղամասեր» կառուցելը ոչ թե ձեռքբերում է, այլ կորուստ, ուստի ամենայն հավանականությամբ՝ «տնտեսական ձեռքբերումներն» անձամբ երկրի նախագահն է արձանագրել։ Իսկ «դեռ շատ անելիք ունի» արտահայտությունը, մեղմ ասած, չափազանցություն է։ Ինչպե՞ս կարող է շատ անելիք ունենալ, եթե ծախելու բան համարյա չի մնացել։ Քոչարյանի միակ անելիքը մնացել է նախկինում արձանագրած «տնտեսական ձեռքբերումները» պահպանելը, իսկ այս իշխանությունների օրոք դա առանձնապես բարդ չէ։ Չէ՞ որ նորերն էլ են ուզում «տնտեսական ձեռքբերումներ արձանագրել»։