Այն ընդդիմությունը, որ ձևավորվում է ներկայումս, երբեք իր առաջ խնդիր չի դրել ստանալ ժողովրդի աջակցությունը: Այդպիսին է նա էությամբ:
Քոչարյանը և Սարգսյանը քաղաքական կաթի հետ նրանց ներարկել են համոզմունք՝ իմաստ չունի ժամանակ և ռեսուրս ծախսել՝ ստանալու ժողովրդի համակրանքը: Եվ այս օրերին Ծառուկյանը և Վանեցյանը զբաղված են միայն մի գործով՝ ով որքան մարդ կարող է բերել իրենց նախատեսվող հանրահավաքին: Իհարկե, չկա նախկին վարչական ռեսուրսը, բայց դրա փոխարեն կան պաշտոնազրկվածների ահռելի բանակ, կերակրատաշտից հեռացվածների ընտանիքների անդամներ և մտերիմներ, որոնք նույնպես օգտվում էին «խազեյինի» բարիքներից: Ընդդիմությունը այս օրերին զբաղված է ոչ թե ծրագրեր առաջ քաշելով, հիմնավոր և օբյեկտիվ քննադատությամբ, այլ ապատեղեկատվություն տարածելով, իշխանության ներկայացուցիչներին ահաբեկելով, նրանց շարքերում թույլ օղակներ գտնելով, որոնք հնարավոր կլինի օգտագործել դավաճանության համար:
Ի՞նչ պետք է դրան հակադրի իշխանությունը: Հեգնանքը և ծաղրը Ծառուկյանի և Վանեցյանի նկատմամբ բացարձակապես բավարար չեն իրավիճակը շտկելու համար: Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, չնայած կատարած տիտանական աշխատանքին, իր մեջ ուժ գտավ ու ներողություն հայցեց սխալների և թերացումների համար: Այսինքն՝ չպնդեց, որ ինչ արել են՝ արել են կատարյալ և չունեն բացթողումներ: Նույնը պետք է անի իշխանությունը և մասնավորապես վարչապետ Փաշինյանը: Առաջին հերթին պետք է ներողություն խնդրի բարեփոխումների դանդաղկոտության համար, բացատրի, թե դրանցից որոնք ունեն օբյեկտիվ, իսկ որոնք՝ սուբյեկտիվ պատճառներ: Պետք է բացատրի և ներողություն խնդրի Վանեցյանին ԱԱԾ պետ նշանակելու համար, ընդունի, որ դա ռազմավարական սխալ էր և անկախ նրա այսօրվա դիրքավորումից, չէր կարելի այդպիսի հետագիծ և ինտելեկտ ունեցողին նշանակել նման պատասխանատու գործի: Էլ ավելի մեծ սխալ էր հանդուրժելը, որ նա մեկ տարի և երեք ամիս մնա պաշտոնին ու վիժեցնի բոլոր այն միջոցառումները, որոնք այսօր անհնար կդարձնեին ռևանշի փորձերը: Պետք է ներողություն խնդրել հանրությունից Վանեցյանին շանս տալու համար, չտեսնելու և չգիտակցելու, թե ինչով է նա զբաղվում:
Նույնը նաև Ծառուկյանի մասով: Պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել քաղաքական սխալ հաշվարկ և անհեռատես հանդուրժողականություն. բիզնեսը և քաղաքականությունը չտարանջատելը, կուսակցությունների մասին օրենքը չփոփոխելը, նրա կատարած առերևույթ հանցագործությունները ամբողջական և ողջ ծավալով չհետաքննելը հասցրել է այն հանգրվանին, որում գտնվում ենք:
Եվ ամենակարևոր խոստովանությունը, որ պետք է արվի. տեղի է ունեցել սխալ հաշվարկ նախկինների դեմ պայքարում: Միայն Սերժին մերժելը, նրա կադրերին պաշտոնազրկելը և քրեական գործերի հարուցումը բավարար չէին նրանց դիմադրությունը վերջնականապես կոտրելու համար: Առաջնահերթ պետք էր սկսել նրանց ֆինանսական և տնտեսական հզորությունը վերացնելով, ապօրինի գույքի բռնագանձումը պետք է աշխատեր 2019 թվականի հունվարից և այսօր մտահոգություն չէր լինի, թե որքան միլիոններ են ծախսվում իրենց մեդիաների վրա և ամենակարևորը՝ չէր լինի վտանգ, որ հանրահավաքի կհանեն իրենց ձեռնարկություններում աշխատող հազարավոր մարդկանց, որոնք աշխատանքը չկորցնելու վտանգից ելնելով, վաղը գալու են և պահանջեն կառավարության հրաժարականը:
Կառավարությունը և Փաշինյանը պետք է ներողություն խնդրեն տակտիկական և ռազմավարական սխալների համար, ընդունեն իրենց մեղավորությունը, միաժամանակ բացատրեն, թե Հայաստանի համար որքան թանկ կարող է արժենալ ժողովրդի ապատիան և իրենց սխալների համար պատժելը: Պետք է հնչի հրապարակային խոստում, որ այս անգամ չեն լինելու կես քայլեր, չեն լինելու զինադադարներ, չեն լինելու կուլիսային համաձայնություններ և քաղաքական դաշտը ենթարկվելու է հիմնավոր ախտահանման:
Հակառակ դեպքում հայ ժողովրդի պատմությունը կգրանցի հերթական բաց թողնված հնարավորության էջը, նաև հերթական պարտությունը:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 13, 2020