...

Կացին ախպերը

Կացին ախպերը

ԴԻՐՔԻ ՈՐՈՇՈՒՄ

Փարիզյան հանդիպումից հետո հասարակությունը սպասում էր, թե ուր որ է Ռոբերտ Քոչարյանը վերջապես ինչ-որ կարծիք կհայտնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իզուր: Պանծալի նախագահը պատկանում է մարդկանց այն տիպին, ովքեր գերադասում են վտանգի պահին անշարժ դիրքում սսկվել ու ծպտուն չհանել, իսկ երբ վտանգն անցնում է, և խոսում են, հասկանում ես, որ լռությունն իսկապես ոսկի է:

Եվ իսկապես, Ռոբերտ Քոչարյանը մի հզոր զենք ունի՝ վտանգի պահերին ոչինչ չի անում: Պարզապես սսկվում է: Հիշո՞ւմ եք, երբ ԱԺ պատգամավորների մեկ-երրորդը պահանջում էր արտահերթ նիստ հրավիրել, և նախագահն ըստ Սահմանադրության պարտավոր էր անել դա: Իսկ ի՞նչ արեց Ռոբերտ Քոչարյանը: Ոչինչ: Սահմանադրական դատարանն էլ հայտարարեց, թե ինքը կարող է քննության առնել նախագահի արարքները, իսկ նա ոչինչ չի արել: Հիշո՞ւմ եք, թե ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո: Ճիշտ է՝ ոչինչ: Նույնիսկ հեռուստաելույթ չունեցավ՝ պատճառաբանելով, թե սափրված չէր: Ի՞նչ արեց ավելի ուշ, երբ ձերբակալվեցին իր մերձավորագույն զինակիցները: Ոչինչ: Հայտարարեց, թե ինքը դիտորդ է:

Հայկական մի հեքիաթ կա. չէ, «Քաջ Նազարը» չէ, կոչվում է «Կացին ախպերը»: Մարդիկ մի կացին են գտնում և կարծում են, թե բանական արարած է: Գցում են կրակի մեջ, կարմրում է, կարծում են՝ բարկացավ: Գցում են ջուրը, թշշում է, կարծում են՝ ավելի բարկացավ: Չեն հասկանում, որ սովորական երկաթի կտոր է՝ առանց ուղեղի և բանականության: Պարզապես պետք է հանգիստ թողնել, կմնա-կմնա՝ ինքն իրեն կժանգոտի:

Հիմա Ռոբերտ Քոչարյանն է: Լռում է՝ կարծում են լուրջ բաներ է մտածում, դրա համար ձայն չի հանում: Կլիզմայի մասին անեկդոտ է պատմում՝ ասում են «Տեսնես մարդկային մտքի ի~նչ խորությամբ ու ի~նչ խորիմաստ համեմատություն արեց»:

Եվ այնուամենայնիվ, հետաքրքիր է, ի՞նչ է անելու Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի հարցով: Որ որևէ փաստաթուղթ չի ստորագրելու՝ դա հաստատ է: Փաստաթուղթ ստորագրել՝ նշանակում է դիրքորոշում արտահայտել, իսկ դա Ռոբերտ Քոչարյանին հակացուցված է: Այս առումով նրա վիճակը նման է Օստապ Բենդերի վիճակին, երբ վերջինս բարձրացավ նավ որպես նկարիչ և միանգամայն ապահով էր՝ մինչև առաջին նկարը նկարելը: Բնականաբար, Քոչարյանն իր առաջին դիրքորոշումը չի հայտնի՝ լավ հասկանալով, թե որն է դրա վերջը:

Իսկ ի՞նչ է անելու: Ամենայն հավանականությամբ, ողջ պատասխանատվությունը դնելու է (պարզ ասած՝ «շառը գցելու է») ժողովրդի ուսերին: Ասելու է «ժողովուրդն ինչպես կասի, այնպես էլ կանեմ»: Սա նշանակում է պատերազմ: Ինչու՞: Որովհետև խաղաղության հասնելու համար ինչ-որ քայլեր են պետք, իսկ պատերազմի «հասնելու» համար քայլեր պետք չեն: Թշնամին հարձակվում է, և ուզես-չուզես՝ արդեն պատերազմի մեջ ես: Բացի այդ, ժողովուրդն իրականում պատերազմ չի ուզում, բայց հասարակության մեջ ընդհանուր մթնոլորտն այնպիսին է, որ բացառել պատերազմը՝ կնշանակի որակվել «ապազգային պարտվողական դավաճան»: Իսկույն կհարձակվեն բոլոր այն լրատվամիջոցներն ու զորիբալայանակերպ մտավորականները, ում որդիները կամ զորակոչային տարիքից դուրս են, կամ արդեն այլ երկրների քաղաքացիներ են: Բացի այդ, պատերազմը լվանում է բոլոր հետքերը: Եվ ոչ ոք արդեն Ռոբերտ Քոչարյանին չի հարցնի, թե ի՞նչ եղան 40 հազար աշխատատեղերը, ի՞նչ եղավ աղետի գոտին վերացնելու խոստումը, ո՞ւր են վարկերը: Պատերազմը լավագույն արդարացումն է: Հիշո՞ւմ եք. «սուպ խարչո, երեք բաժին. նետեց կիրճը»:

Պատերազմ՝ ուրեմն պատերազմ: Բայց արդյոք արժե՞ պատերազմի գնալ Ռոբերտ Քոչարյանի «գերագույն գլխավոր հրամանատարության» ներքո: Մտածելու խնդիր է:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 167, մարտի 16, 2001 թ.

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   2788 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ