...

Կախարդական անձնագրի հեքիաթը

Կախարդական անձնագրի հեքիաթը

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռուբեն Հայրապետյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ առաջիկա խաղերում հավաքականին չմիանալու որոշմանը, գրել է. «Պետք է հիասթափեցնեմ այն պնդումների հեղինակներին, թե Հենոյի որոշման պատճառը կարող էր լինել իմ կամ այլոց հետ լավ կամ վատ հարաբերությունը, որովհետև Հենոյի հայրենասիրությունը շատ ավելի վեր է, քան այս կամ անձի հետ նրա հարաբերությունը: Եվ առհասարակ, նա իմ ճանաչած և բոլոր ժամանակների ամենահայրենասեր հայ ֆուտբոլիստներից մեկն է, ով ոչ մեկ անգամ է դա ապացուցել ինչպես դաշտում և այնպես էլ դրանից դուրս: Նա երբ պետք էր՝ Արցախում էր, երբ պետք՝ Հայաստանի որևէ մի սահմանամերձ գյուղում, մանկատանը, հիվանդանոցում, իր ժողովրդի ու իր զինվորի կողքին: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ անձը, որը հենց այդ նույն օրերին ակտիվորեն ու բացահայտ հանդես էր գալիս Արցախի Հանրապետության և հայոց բանակի դեմ, իսկ այսօր զբաղեցնում է ՀՖՖ նախագահի աթոռը՝ չէր կարող Հենոյի համար պատճառ հանդիսանալ չմիանալու ազգային թիմին:

Կարծես թե ժամանակակից հայ սորոսականների վարկաբեկման թիրախում են հայտնվել ոչ միայն Արցախի գոյամարտի և առհասարակ մեր հաղթանակած բանակի հերոսները, այլ նաև ցանկացած, այդ թվում սպորտի բնագավառի մեր ազգային պարծանքները՝ Արթուր Ալեքսանյան, Ռոման Ամոյան, այժմ նաև Հենրիկ Մխիթարյան... մինչև ու՞ր, մինչև ե՞րբ»:

«ՉԻ». Հեքիաթներ, թերևս բոլորդ եք կարդացել: Հեքիաթներից շատերում պարտադիր կախարդական ինչ-որ իր է լինում, որի շնորհիվ տարբեր հրաշագործություններ են կատարվում: Դա կարող է լինել փայտիկ, լամպ, կարպետ, տիկնիկ: 

Բայց քչերը գիտեն, որ այդպիսի հրաշագործ հատկություններով է օժտված նաև ռուսական անձնագիրը: Օրինակ, հեքիաթի հերոսը կարող է իր օբյեկտում հայկական բանակի սպային գազանաբար սպանել տալ, իսկ հետո կախարդական անձնագրի շնորհիվ որևէ պատասխանատվություն չկրել, և նույնիսկ իր չար հակառակորդներին քննադատել հայոց բանակի դեմ գործելու մեջ:

Կամ հեքիաթի հերոսը չար թուրքերի առաջին իսկ պահանջով կարող է ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից ջնջել տալ Արարատ լեռան պատկերը, բայց հետո՝ ռուսական անձնագիրը հրաշք է գործում, և հերոսը սկսում է հայրենասիրության դասեր տալ չար ուժերին: 

Եվ վերջապես, հեքիաթի հերոսը խոսում է Արցախի ու Հայաստանի միասնականության մասին, ամեն օր հայրենիքի քաղցրության մասին հիշեցնում, ինչ-որ չար սորոսականների մեղադրում դավաճանության մեջ, և՝ ո՜վ հրաշք, կախարդական անձնագրի շնորհիվ ինքն այդ նույն Արցախն ու Հայաստանը փոխում է ուրիշ հայրենիքի հետ: Կախարդական անձնագրի հրաշագործության արդյունքում դա կոչվում է ոչ թե դավաճանություն, ոչ թե սեփական երկրի ուրացում, այլ հայրենասիրության վառ օրինակ: 

Երկնքից ընկնում է երկու քրգործ. մեկը՝ հերոսին, երկրորդը՝ հերոսին բաց թողնողին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1051 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ