...

Կլանային պայքարը հայոց պատմության մեջ

Կլանային պայքարը հայոց պատմության մեջ

ՏՈՒԺՈՂԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Ինչ ուզում եք ասեք, բայց մեր պատմությունը խիստ ուսանելի է, ափսոս՝ արդեն հինգ հազար տարի է սովորող չկա: Երևի պատճառն այն է, որ պատմությունը մեզանում ներկայացվում է այնպիսի կորած տեսքով, որ հիրավի զարմանում ես, թե արդյոք նրա մասնակիցներն իրական հողեղեն արարածնե՞ր էին, այսինքն՝ նորմալ հողեղեն մարդկանց նման ուտում էին, խմում, սիրում էին պերճանք և ճոխություն: Թե չէ մեր պատմությունը կարդալիս թվում է, որ մեր գործիչները ոչ ուտում էին, ոչ խմում, այլ միայն մտածում էին բազմաչարչար հայրենիքի մասին: Օրինակ՝ քննենք կլանների հարցը: Այ, ինչքան է ասել ժողովրդի պաշտպան Արշակ Սադոյանը, որ կլանները քայքայում են պետությունը: Քայքայելը՝ քայքայում են: Իսկ երբվանի՞ց, Արշակ Սադոյանը չի նշում: Այսինքն՝ նշում է: Ըստ հայրենական տրիբունի, կլանները հորինել են «մազութ ուտող իշխանությունները»: Այն, որ կլաններ կային դեռ կոմունիստների օրոք, դա պարոն Սադոյանը չգիտի:

Լավ, սատանան այդ ժամանակների հետ: Մի օր հավեսով կխոսենք և՛ նրանց, և՛ նրանց ժամանակների մասին: Այս անգամ իմ ընթերցողին առաջարկում եմ տեղափոխվել 1700 տարի ետ, երբ Արշակ թագավորը փորձեց կառուցել Արշակավան քաղաքը: Այս քաղաքի կառուցումը պետք է հատուկ նշել, քանի որ առաջին անգամ Հայաստանում նման ձեռնարկումը զուտ տնտեսական պատճառներ ուներ. արքայական կալվածքների սահմանին և առևտրական ճանապարհների խաչմերուկին կառուցված այս քաղաքը զգալի հարված կհասցներ բոլոր նախարարների (ի դեպ նաև կաթողիկոսի) տնտեսական շահերին:

Մինչև որոշակի ժամանակահատված նախարարները հանդուրժում էին Արշակավանի գոյությունը: Բայց թագավորի քաղաքականությունը միասնական հարկային-մաքսային դաշտ հաստատելու ուղղությամբ բնականաբար չէր կարող դուր գալ հայ նախարարներին: Եվ հայ նախարարները մեկ-մեկ, երկու-երկու, իսկ երբեմն նաև խմբերով սկսեցին այցելել պարսից թագավորին՝ բողոքելով նրան հայոց թագավորից:

Մի գեղեցիկ օր պարսից թագավորը հարձակվեց Հայաստանի վրա: Ընդ որում՝ նրա զորքի հետևից գնում էր... քիչ էր մնում գրեի «թուրք խուժանը»: Ոչ, պարսկական զորքի հետևից շարժվում էր հայ նախարարների բանակը:

Արշակավանն ավերվեց, ընդ որում ավերվեց և հրկիզվեց ամենադաժան ձևով՝ հարյուրավոր զոհերով: Եվ դա արեցին ոչ թե պարսիկները կամ թուրքերը, այլ մենք՝ հայերս: Ընդ որում՝ չար լեզուները պնդում են, որ Արշակավանի ավերման մեջ իր լուման ներդրել է նաև եկեղեցին: Համենայնդեպս Փավստոս Բուզանդն այնպիսի ոգևորությամբ է պատմում դրա մասին, որ կարծես պաղպաղակ են բաժանել բնակչությանը: Ընդհանրապես Արշակավանի զոհերին պետք է հուշարձան կանգնեցնել, ցանկալի է հարկային տեսչության շենքի մոտ, քանի որ նրանք կլանային պայքարի առաջին զոհերն էին մեզանում: Առաջին, բայց ոչ վերջին:

Ի դեպ, Արշակ թագավորի գահակալման շրջանում տեղի ունեցավ ևս մեկ սպանություն, որը կարելի է անվանել պետության և կլանների պայքարի արդյունք: Շատ դարեր առաջ Հայաստանում կար մի պաշտոնյա Հայր Մարդպետ անունով, որի պաշտոնը մոտավորապես կարելի է սահմանել որպես դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ՝ զուգորդված հարկայինի օպերատիվ վարչության պետի պաշտոնի հետ: Մի խոսքով, այդ Հայր Մարդպետը մի օր տեսչական այց կատարեց Եկեղյաց գավառ: Այդ գավառի տեր-տիրակալ կաթողիկոսը սովորության համաձայն մի լավ պատիվ տվեց Հայր Մարդպետին: Ըստ այն ժամանակվա և այսօրվա տրամաբանության՝ Հայր Մարդպետը պետք է հեշտ ու հանգիստ հեռանար դեպի մայրաքաղաք՝ նշելով, որ գավառն իր հարկային պարտավորությունները խիստ բավարար է կատարում: Բայց մի լավ խմած Մարդպետը խիստ հանդիմանեց հայ թագավորներին, որոնք այդ հողերը նվիրել են եկեղեցուն, նշելով, որ շատ շուտով դրանք կվերադարձնի արքունիք, այսինքն՝ դեպրիվատիզացիայի կենթարկի: Կաթողիկոսն ի պատասխան դրան հույս հայտնեց, որ Աստված թույլ չի տա, որ այդ մարդը հասնի տուն: Եվ իսկապես, հնարամիտ Աստվածը իսկույն օգնության հասավ կաթողիկոսին՝ սպանելով Հայր Մարդպետին: Թե ինչով ավարտվեց Արշակի ու նախարարների պայքարը, բոլորին քաջ հայտնի է. դա Անհուշ բերդն էր և Հայաստանի փաստական օկուպացիան:

Այնուհետև հենց հերթական թագավորը փորձում էր պայքարել նախարարական կլանների դեմ, իսկույն ևեթ հայ նախարարները բողոք էին գրում մոտակա օտար թագավորին, և հայ թագավորը լավագույն դեպքում հայտնվում էր բանտում, իսկ ավելի հաճախ սպանվում էր: Միայն մեկ անգամ Սահակ Պարթևը փորձեց համոզել նախարարներին թարգ տալ կլանային պայքարին և աջակցել Արտաշես թագավորին: Արդյունքում՝ զրկվեց գահից:

Թերևս ամենախելոքը Վռամշապուհ արքան էր, որն իրեն վերապահել էր սոսկ իր նախարարների և պարսից թագավորի միջև միջնորդի դեր: Արդյունքում՝ կառավարեց մինչև մահ:

Իսկ Արշակ Սադոյանն ասում է, որ կլանները ՀՀՇ-ն է հորինել: Կարող էի պատմել ևս մի քանի դրվագ. օրինակ, թե ինչպես Վասպուրականի նախարարները նեղանալով հայոց թագավորից, որ նա Նախճավան քաղաքը տվել է Սյունիքին, պարզապես հայտարարեցին, որ դուրս են գալիս թագավորության կազմից: Բաղդատի խալիֆն էլ տմարդություն չարեց և Արծրունիներին գահ ուղարկեց: Կարող էի բերել ևս մի քանի օրինակ, բայց բավարարվեմ նրանով, որ հիշեցնեմ՝ կլանային պայքարի առաջին և միակ զոհն էր հայոց պետականությունը:

Դ. Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 214, հունիսի 8, 2001 թ

ՎԱՐԿԱՆԻՇ

   666 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ