...

Կուլիսային․ ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում

Կուլիսային․ ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Նիդերլանդներում։ Այդ այցից հետո դիվանագիտական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է Փաշինյանի խոսակցությունը, որը տեղի է ունեցել այդ երկրում։ Մասնավորապես պատմում են, որ ՀՀ վարչապետը Նիդերլանդներում հանդիպումներից մեկի ժամանակ ասել է՝ տեսեք, կողքիս կանգնած դեսպանի հայրը իմ հրաժարականն է պահանջում, հացադուլի էր նստել, իսկ նրա տղան այստեղ շարունակում է դեսպան աշխատել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեսակետը։ Այս փաստը Փաշինյանը ներկայացրել է՝ որպես ժողովրդավարական երկրին և դրա ժողովրդավար առաջնորդին բնորոշող երևույթ։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցը կազմակերպել ու նրան դիմավորել էր այդ պետությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Վերջինս Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է։ Դեռևս 2020թ․ նոյեմբերի 24-ին Կիմ Բալայանը հացադուլ էր հայտարարել։ Նա օրեր շարունակ կառավարության շենքի դիմաց ակցիա էր իրականացնում՝ պահանջելով քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ՝ սահմանադրական կարգը տապալելու համար։ Ի դեպ, Կիմ Բալայանի՝ դեսպան աշխատող որդու դիսերտացիոն թեզը Լեռնային Ղարաբաղի անկախությանն է վերաբերում։ Այդ մասին նշել էր նրա հայրը, երբ «Aravot.am»-ը հետաքրքրվել էր, թե որպես հայր ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ իր որդին է Նիդերլանդներում ուղեկցում Նիկոլ Փաշինյանին, իսկ ինքը նրա հրաժարականն էր պահանջում։ «Էլի եմ պահանջում Փաշինյանի հրաժարականը, բայց Ձեր հարցը պիտի ուղղեք Տիգրան Բալայանին, ոչ թե Կիմ Բալայանին։ Հիմա ես իր համար պատասխանատվությո՞ւն կրեմ, ասեմ՝ ինքը դրակա՞ն, թե՞ բացասական գործունեություն է ծավալում»,- նշել էր հայր Բալայանը՝ հավելելով․ «Ես՝ ինքս, գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի էդ հայտարարությունից հետո (խոսքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին է-խմբ․) եթե իմ տղան հրաժարական տար, ես ինձ ավելի բավարարված կզգայի։ Բայց, ի վերջո, չմոռանանք, որ իր դիսերտացիոն թեզը Լեռնային Ղարաբաղի անկախությանն է վերաբերում։ Եվ, էդ առումով, գուցե ինքն ավելի խորն է պատկերացնում պրոբլեմը։ Ես Փաշինյանի էդ հայտարարությունից հետո չեմ հանդիպել տղայիս, չեմ խոսել հետը»։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2379 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ