«Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը տևեց ավելի քան 1 ժամ: Այդ ընթացքում նախագահ Քոչարյանն անդրադարձավ ամենատարբեր խնդիրների՝ Տավուշի սահմանագոտու մարտական գործողություններից, թուրքական ակտիվացումից մինչև ռուսական ռազմաբազայի թեմա, տնտեսական անկումային իրողություններից մինչև ընդդիմության գործունեություն, աշխարհաքաղաքական ժամանակակից գործընթացներից մինչև արդի գաղափարաքաղաքական հոսանքներ, Արցախի խնդիր, կորոնավարակի հետ կապված արտակարգ դրություն ու օրվա իշխանության գործողություններ: Ու ո՛չ մի ոչ կոռեկտ արտահայտություն, ո՛չ մի վիրավորական խոսք կամ էպիտետ, ո՛չ մի պիտակավորում, ո՛չ մի անվանական հիշատակում: Ռոբերտ Քոչարյանը արտահայտվեց զո՛ւսպ, փաստարկվա՛ծ, իրեն բնորոշ հավասարակշռությամբ, ավելին՝ մեծահոգությամբ ու դիմացինին «շարժվելու» տեղ թողնելով: Բայց նաև հենց այդպիսով նախագահ Քոչարյանը ոչ թե սոսկ քննադատեց իրեն երկու տարի հետապնդող նորիշխանության գործունեությունը, այլ շատ պարզ և հանրամատչելի ցույց տվեց փաշինյանական վարչախմբի քաղաքական սնանկությունն ու փակուղայնությունը»:
Ներբողի այս շքեղ տողերը Քոչարյանին սպասարկող «yerevan.today»-ից են:
«ՉԻ» Կասկած չունենք, որ այս` «Վարք Քոչարյանի»-ի հեղինակը նույնքան շքեղ հոնորար կստանա: Ինչպեսև ժամանակավորապես ազատության մեջ գտնվող ամբաստանյալի այն «աջարակիցները», որոնք երեկվանից իրար հերթ չտալով իրենց ֆեյսբուքյան պատերին գրում են մոտավորապես նույնը` շեֆ ջան, էս ո~նց ես փոխվել, չաղացել, սիրունացել, չճանաչեցինք, հարցազրույցդ էլ լազաթ տվեց: Ի դեպ, Քոչարյանի բառուբանով զմայլվածների ջոկին է միացել նաև նախկին գլխավոր փեսա Միքայել Մինասյանն ու, փաստորեն, միտումնավոր փչացրել Սերժ Սարգսյանի տոնը:
Զարմանալի է, սակայն, թե ինչու զմայլվածներից ոչ մեկի մտքով չի անցել գրել նաև Քոչարյանի հագի սպիտակ «սառոչկայի» մասին, ու նշել դրա խորհուրդը` սպիտակը անմեղության, մաքրության, անաղարտության և վերջապես` կուսականության նշան է, իսկ Քոչարյանը իր հագի վերնաշապիկով անգամ ապացուցեց, որ անմեղ է, ինչպես նորածինը, մաքուր, ինչպես բժշկական սպիրտը, անաղարտ, ինչպես.... կույսը: Հիանալի լրացում կլիներ վերը վրձնած կերպարին ու գեղարվեստական կատարելության կհասցներ այն: Ափսոս` խոսելիս բերանի ձախ, թե աջ եզրը ծռելու ռեֆլեքսից նախկին նախագահը ձերբազատվել չի կարողացել, բայց ոչի~նչ, նույնիսկ այդ ակնհայտ թերությունը «իզյումինկա» է հաղորդում նրա նորացված կերպարին:
Ինչևէ, ինչպես նշված է վերևում, Քոչարյանը խոսեց ու շաղակրատեց գրեթե ամեն ինչից, բացի ամենագլխավորից, ինչի պատճառով ինքն արդեն երկու տարի է` պախկվոցի է խաղում, խաղում է՝ դաղալության բոլոր ռեկորդները խփելով, ու պատրաստ է անգամ կարի ամենաբարակ ասեղի անցքում թաքնվել, ընդհուպ` ասեղ կուլ տված Սիմբա դառնալ, միայն թե իրեն չգտնեն ու չասեն`«թո՛ւ Քոչարյան, հազար անգամ թո՛ւ»: Խոսքն անշուշտ «Մարտի 1»-ի գործի և իրեն առաջադրված առանձնապես ծանր մեղադրանքի մասին է, որի մասին հնարավոր չէ խոսել նույնպիսի թեթևությամբ ու անմեղսունակին բնորոշ ցինիզմով, ինչպես իշխանությանը սորոսական շահերի սպասավոր համարելու, «կորոնավիրուսից մեռածներին» վատ կառավարման վրա «դուրս գրելու» մասին` հընթացս ԼՂ խնդրի բանակցային գործընթացում սև կատու ու «կյաժ» առնետ որոնելով և, իհարկե, Ալիևին «իշմար տալով» պատերազմի մասին գուժելով:
Քոչարյանի փիառշիկները հավանաբար հուշել են հարցազրույցը վարելու եկած լրագրողներին, որ պետք չէ քչփորել այն, ինչից հաստատ փիս հոտ է դուրս գալու: Հարցուպատասխանի ժամանակ արձանագրվելու է, որ Վենետիկի հանձնաժողովն ու ՄԻԵԴ-ը 300.1 հոդվածի սահմանադրականության մասով Քոչարյանի դիմումին պատասխանել են «լեն չափալախի» սկզբունքով` «նո պրոբլեմ» ասելով առաջադրված մեղադրանքին: Արձանագրվելու է, որ Սահմանադրական դատարանի անդամներին ու մասնավորապես ամենաանդամին` Հրայր Թովմասյանին, ինքն այս ողջ ընթացքում որպես աղախին էր պահում, որոնց միջոցով պիտի փորձեր մաքրվել մեղադրանքից, այսինքն` արյունից` հակասահմանադրական ճանաչել տալով ՔՕ 300.1 հոդվածը: Ու քանի որ «օպերացիա ы»-ն տապալվել է, ինքը մնացել է «օպերացիա ъ»-ի հույսին` այնքան է իր փաստաբանական խմբի միջոցով միջնորդություններ ներկայացնելու, այնքան է հետաձգելու բուն դատաքննության պրոցեսը, մինչև «5րդ շարասյունը»` իր Միշիկա-ադեկվաԴական արգոնավորդներով, մի բան բստրի: Դե...ձև գտնի ու սպանի Նիկոլավիշապին, տիրի «ոսկե գեղմին» և բոլորը միասին Կիլիկիա առագաստանավով նավարկեն դեպի Ալբանիայի խորքերը` «Հայր մեր»-ը արտասանելու:
Հ.Գ. Քոչարյանին ու նրա «աջարակիցներին» առաջարկում ենք չչարաշահել լեգենդ-առասպելների ընթերցանությունն ու ճաշացանկում ավելացնել թանի օգտագործումը:
Հեղինե Մանուկյան