...

Կրակը լավ թեժացրեք

Կրակը լավ թեժացրեք

Կրքեր մանրադրամի շուրջ

Օֆֆ, շոգերն ընկան: Շոգ ամառ է, բայց ոչ թեժ: Ինչպես խոստացել էր ընդդիմությունը: Չնայած «Հայաքվեն» ինչ-որ բաներ է անում, ստորագրահավաք և այլն, բայց առայժմ չենք տեսնում, թե դա ինչպես է թեժացնելու ամառը: 

Իսկ ահա Արցախում և նրա շուրջ իսկապես թեժ է: Այստեղ վճռվում է ոչ միայն արցախահայության, այլ նաև աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության գոտիների հարցը:

Եթե կարճ, այժմ իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ կա: Արևմտյանը ենթադրում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության այնպիսի պայմանագիր, որն անիմաստ կդարձնի ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում: Այսինքն՝ երկու սուվերեն պետություն համաձայնության են գալիս, իրար ձեռք են սեղմում, Արևմուտքը ծափահարում է, և Ադրբեջանը ռուսներին կուլտուրական խնդրում է հեռանալ, ասում է՝ մենք մեր հարցերը հայերի հետ լուծել ենք: Ապրեք, ինչ արել եք մինչև հիմա, բայց ձեր գնալու ժամանակն է: Մի խոսքով, արևմտյան տարբերակը միտված է ռուսների ազդեցությունը թուլացնելուն: Արցախահայության ճակատագիրն այս տարբերակում երկրորդական է: Ինչ-որ անորոշ երաշխիքներ կարող են լինել, մարդու իրավունքներ և այլն, բայց դա խիստ անորոշ է: 

Ռուսաստանն էլ ունի տարածաշրջանային, կամ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իր տարբերակը: Տարբերակ, որը թույլ կտար պահպանել ազդեցությունը, կամ ներկայությունը Արցախում և Հայաստանում: Բայց այստեղ հազար ու մի խնդիր կա: Նախ, ռուսները ոտքով-գլխով թաղված են Ուկրաինայում, այնտեղ պատերազմը նոր դրսևորումներ է ստանում, երկուստեք ավելի մահաբեր ու ստրատեգիական նշանակության զինատեսակներ են ներգրավվում. կասետային ռումբեր, հեռահար նշանակության հրթիռներ, ճակատի ամբողջ գծով մսաղացային մարտեր են, Ուկրաինան հարվածեց Ղրիմի կամուրջին, ռուսները դուրս եկան հացահատիկային պայմանավորվածություններից, սկսեցին հարվածել Օդեսայի նավահանգստին և կոմունիկացիոն խոշոր հանգույցներին: Մի խոսքով՝ բարդ է:

Ռուսական ռուլետկա

Եվ ռուսների համար այս իրավիճակում բարդ է այնպիսի լուծում առաջարկել Ադրբեջանին ու Հայաստանին, որը երկուսին էլ կբավարարեր: Սա դեռ չհաշված Արցախը, որտեղ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչպես է Ադրբեջանը օրեցօր սեղմում օղակը արցախահայության շուրջ: Ադրբեջանն իրեն շատ վստահ է զգում, իր դիրքերը այնքան ամուր է համարում, որ ռուսների հետ կարող է շատ կոշտ հռետորաբանությամբ խոսել: Մանավանդ, որ Թուրքիայի նման դաշնակից ունի, որի ղեկավարը վերջերս ռուսներին հիշեցրեց, որ 2025-ին իրենց մանդատը Արցախում ավարտվում է, որից հետո պիտի դուրս գան:

Գրավիտացիոն բադրիջանի ժամանակներն են

Այսքանից հետո հարց է առաջանում. բա Հայաստա՞նը: Հայաստանն ի՞նչ է անում այս իրավիճակում: Արցախի հարցում մեր իշխանություններն արդեն ասել են. ռուսներն ե՞ն այնտեղ «ռուլիտ» անում, թող բարի լինեն իրենք էլ լուծեն Արցախի ու արցախահայության հարցերը: Մենք չկանք, մենք ոչ զորք ունենք Արցախում, ոչ կապ կա հետները, ի՞նչ անենք: 

Ու գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր. այս դիրքորոշումը սկսել է արմատավորվել մեր հանրության որոշակի շերտերում: Ուրիշ բան չասենք. մի հատ գնացեք, նայեք Երևանից դուրս եկող ճանապարհները: Մանավանդ, դեպի Սևան գնացող: Կիլոմետրանոց խցանումներ են, հյուրանոցներում, հանգստյան գոտիներում, լողափերին ասեղ գցելու տեղ չկա, մարդիկ իրենց խորովածների, քեֆերի ֆոտոներն են ցուցադրում, ուրախանում են, կյանքը լավ է: Որ հարցնես՝ բա Արցախում ծանր վիճակ է, սննդամթերք չկա, շատերը կպատասխանեն. հետո ի՞նչ:

Բայց ինչի՞ ենք այդ մարդկանց մասին խոսում: Հենա, վարչապետի տիկինը բադրիջան-պոմիդոր է հավաքում, ճաշեր է սարքում, հպարտանում իր խոհարարական արվեստով: Չէ, շատ ենք մտածել այս մասին, ոնց գցում-բռնում ենք, պատահական չի դա անում: Ինչպես որ պատահական չէր Էյնշտեյնի ու գրավիտացիոն ուժերի մասին կալամբուր գրառումը: Ուղղակի մենք նրա չափ խելոք չենք, որ հասկանանք, թե հատկապես ինչ նպատակով է շոկ առաջացնող նման բաներ անում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   859 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ