(վերջաբան)
Լևոն Տեր-Պետրոսյանի նորմալ պետության գաղափարին հակադրվող ազգային միֆերի մասին կարելի է գիտական ծավալուն աշխատանք գրել և ցույց տալ դրանց արտաքին ու ներքին աղբյուրները, հեքիաթասացների ազնիվ և անազնիվ մղումները, նպատակները: Կարելի է ուսումնասիրել և ներկայացնել որպես ձեռնարկ այն մասին, թե ինչպես է ազգը կործանում ինքն իրեն: Ձեռնարկը գուցե հայերիս այլևս պետք չգա, ուստի այն կթարգմանեն այլ ազգերի համար: Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգությունն էլ այլազգիները կուսումնասիրեն, կսովորեն, կկիրառեն և կստեղծեն նորմալ պետություն…
Ուրեմն 1998-ից իշխանությունը պատկանում է «ազգային» ուժերին: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վարպետորեն օգտագործեցին հաղթանակը՝ առասպելաբանությունը գրեթե կատարելության հասցնելով: Մի քանի արտահայտություն հիշեցնեմ՝ արյունով նվաճվածը գրչով չեն հանձնում, մենք տալու հող չունենք, Շուշին գրավել ենք ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի և այլն: Նրանք վարպետորեն օգտագործեցին նաև պատերազմական տարիների օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունները: Այսպես, չնայած թմբկահարվում էր հաղթանակը, հայոց ռազմական հզորությունը, դաժան պատերազմի տարիները հորջորջվում էին ցրտի ու մթի: Սրանով ոչնչացնում էին այն իշխանությանը, որի օրոք կերտվել էր հաղթանակը: Այսինքն՝ ոչնչացնում էին իրենց խանգարող գաղափարները՝ արժանապատիվ խաղաղություն, պետության զարգացում և այլն: Հայաստանը, ըստ Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, 100 տարի էլ կարող էր զարգանալ մեկուսացման մեջ: Այնինչ, ինչպես զգուշացրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, բալանսը փոխվում էր ի վնաս մեր երկրի: Ադրբեջանը հարստանում էր, ուժեղանում: Կառուցվեցին Բաքու- Թբիլիսի- Ջեյհան նավթամուղը և Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղին: Ի դեպ, երկաթուղու նախագծի մասին խոսելիս քոչարյանականները մեզ համոզում էին, որ այն չի կառուցվելու: Բայց կառուցվեց: Ադրբեջանը կարևոր երկիր էր դառնում ոչ միայն տարածաշրջանում: Ճանապարհները, տնտեսական մեծ ծրագրերը շրջանցում էին Հայաստանը: Բանակցությունների սեղանի շուրջ թշնամու դիրքորոշումը կարծրանում էր: Եվ դա բնական էր:
Հայաստանի ներսում նույնպես բալանս էր փոխվում: Հարուստների և աղքատների միջև աճում էր տարբերությունը: Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի պրագմատիզմը գործում էր հօգուտ իրենց և այն մարդկանց, որոնք ծառայում էին իրենց: Իսկ երկի՞րը: Երկիրն իրականում ոչ ոքի պետք չէր: Այն պետք չէ նաև ներկաներին, որոնք չգիտես ինչ են ուզում: Եթե բացառենք պետական դավաճանության վարկածը, ապա պետք է ասենք, որ սրանց անմեղսունակությունը և անգրագիտությունը դրան հավասար պատուհաս են:
Հիշեցնենք, որ սրանք բոլորը՝ քոչարյանականները, սերժականները և նիկոլականները մեկ թշնամի ունեն երկրի ներսում: Այո՛, չեք սխալվում, Լևոն Տեր-Պետրոսյանն է, հետևաբար նորմալ պետությունը, պետականության շահը:
Ի՞նչ ունենք այսօր: Պետության բոլոր հակառակորդները ԱԺ-ում են, այսինքն՝ իշխանություն են: Արցախում մնացած մի բուռ հայերի անվտանգությունը կախված է ռուս խաղաղապահներից: 44-օրյա պատերազմում ջարդվել է մեր բանակի ողնաշարը, իսկ իշխանությունը հրճվում է՝ պարեկային խաղալիք ծառայություն գովազդելով: Հայաստանի սահմաններին ամեն օր հրաձգություն է: Թշնամին գործում է, իսկ մենք ոչինչ չենք անում: Սպասում ենք:
Զարուհի Գաբրիելյան