...

Լարված է, բայց կուլ չի գնա

Լարված է, բայց կուլ չի գնա

Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Արցախի տեղեկատվական շտաբը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ըստ շտաբի՝  Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Հավելենք նաև, որ Արցախում մարտի 25-ին ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով Bayraktar անօդաչուների հարվածից վիրավորում էին ստացել 14 զինծառայողներ։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ նրանցից հինգը բուժումը ստանում են Արցախում, երկուսը տեղափոխվել են Հայաստան։ «Նրանցից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ ՊԲ բոլոր 14 զինծառայողները վիրավորվել էին մարտի 25-ին։ Հայկական կողմի երեք զոհերը նույնպես անօդաչուի հարվածի հետևանքով էին։ Բոլոր զոհվածները պայմանագրային զինծառայողներ էին, արցախցիներ։ Հայկական կողմն ունեցել է երեք զոհ։ Մենք նաև տեղեկացրել էինք, որ շուրջ 400 մարդ՝ երեխա, կին տարեց, տարհանվել են կոնֆլիկտի գոտուց։ Այսօր Ստեփանակերտի ծննդատանը ծնվել է Խրամորթից տարհանված Բաղդասարյանների 5-րդ երեխան՝ Լևոնը։ «Խրամորթում ապրում եմ 35 տարի: Մենք բուն փառուխեցի ենք, բայց 1985 թվականին եկել ենք Խրամորթ: Հույս ունենք, որ վերադառնալու ենք Խրամորթ և մեր երեխան խաղաղություն է բերելու Արցախում ու ամբողջ աշխարհում: Ցանկանում եմ, որ ոչ մի խոխա, ոչ մի ծնող աշխարհում կռիվ չտեսնի»,- News.am-ի հետ զրույցում ասել է նորածնի հայրը՝ Սևակ Բաղդասարյանը: Փոքրիկի մայրը՝ Լիլիթը, աշխատում էր Խրամորթի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: «Մեր գյուղը մարդաշատ էր, կյանքը եռում էր և հույս ունենք, որ վերջին իրադարձություններից հետո անպայման կվերադառնանք գյուղ և մեր փոքրիկները կապրեն ու կմեծանան մեր գյուղում»,- կայքի պատրաստած տեսանյութում ասում է նորածնի մայրը՝ Լիլիթ Մկրտչյանը: Լևոնի հայրը ծննդատան բակում դիմավորել է որդուն և տիկնոջը, ապա շտապել է Խրամորթ՝ միանալու մարտական ընկերներին։ 

Տեսանյութը դիտելիս մտքումս անընդհատ պտտվում էր առավոտյան ընթերցածս գրառման պարբերություններից մեկը։ Լրագրող-հրապարակախոս Նարինե Մկրտչյանն իր արխիվից գտել էր 1992 թ․ Վանո Սիրադեղյանի հետ արված և այդպես էլ չտպագրված հարցազրույցներից մեկը, որտեղ Վանոն ասել էր․ «․․․Արցախի ժողովուրդը երեք տարի ապստամբ վիճակում է և գալիք տասնամյակների համար ազգային ինքնագիտակցության բավականին պաշար է կուտակել և ցույց տվել Ադրբեջանին, որ ինքը կուլ չի գնա Նախիջևանի պես: Սա է Շարժման հիմնական նվաճումը․․․»։ Վանո Սիրադեղյանի քաղաքական կանխատեսումների իրականացման հարյուրավոր օրինակներ կան։ Ասում է՝ Արցախը կուլ չի գնա Նախիջևանի պես։ Ուրեմն՝ էդպես էլ լինելու է։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6767 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ