Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, մեկնաբանելով իր բացասական արտահայտությունները իշխանությունների և մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, ասել է. «Լավ եմ անում, Ստալինի ժամանակները չեն, որ քաղաքականությամբ չզբաղվեմ»:
«ՉԻ». Արցախյան պատերազմի պատճառների թվում միայն իշխանությունների անհեռատես, անգրագետ, արկածախնդիր գործողությունները չէին: Սա նաև վերջին 20 տարվա մշակութային, քաղաքական, բարոյական, հոգևոր մտքի սովի արգասիքն էր:
Մենք չենք ունեցել մտավորականության այն խավը, որը վեր կհաներ պետության, հասարակության, անհատի առջև ծառացած խնդիրներն ու դրանք լուծելու ուղիները:
Մենք չենք ունեցել քաղաքական գործիչների այն խավը, որը վեր կհաներ պետության, հասարակության, անհատի առջև ծառացած խնդիրներն ու դրանք լուծելու ուղիները:
Եվ չենք ունեցել հոգևոր գործիչների այն խավը, որը խավարամտության և տգիտության այդ մթնոլորտում կարող էր փարոսի դեր խաղալ, հասարակությանը կրթեր, սերմաներ իրապես քրիստոնեական և մարդասիրական արժեքներ: Ընդհակառակը, խավարամտության այդ միջավայրը էլ ավելի խորացրին՝ խրախուսելով համատարած տգիտությունն ու նյութապաշտությունը:
Պատճառներից մեկն էլ այն է, որ տգետ մարդկանց ավելի հեշտ է կառավարել, ավելի դյուրին է համոզել սեփական բացառիկության մեջ: Իսկ հենց սա էլ տոտալիտար համակարգի գլխավոր բաղադրիչն է:
Շիրակի թեմի առաջնորդը իբր դեմ է ստալինյան ժամանակներին: Ոչ, լավ էլ կողմ եք, պարզապես Ստալինի փոխարեն ձեզ եք տեսնում: Այդ դեպքում ամեն ինչ տեղն է ընկնում: Մենակ դուք պետք է լինեք: Մնացածը թշնամի են, ապազգային, աղանդ: Մենակ դուք իրավունք ունեք խառնվել քաղաքականությանը, իշխանությունների հետ վերջնագրերի լեզվով խոսեք: Մենակ դուք կարող եք հանցագործի համար երաշխավորել, որ ազատ արձակվի, իսկ երբ այդ հանցագործը փախչի Հայաստանից, զղջման ու ափսոսանքի գեթ մի բառ զլանաք ասել: Որովհետև ձեզ բացառիկ եք համարում: Որ աստծո տված շնորհն է. ինչ կուզեք, կասեք, ում հասցեին ուզեք՝ կասեք: Ու դա քննարկման առարկա չէ: Սահմանադրությունը ձեր համար ընդամենը թղթի կտոր է:
Ինչ արած, եթե խառնվում եք ու մի հատ էլ նման տոնով ասում եք, թե լավ եք անում, հիշեք, որ վաղը բոլշևիկների պես մի տոտալիտար աղանդ կարող է գալ ու ասել՝ դե, ոնց որ դուք էիք խառնվում քաղաքականությանը, մենք էլ նույնկերպ խառնվելու ենք ձեր գործերին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: