Ապրիլի 5-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ներկայացրել է Garoon գործակալության լոգոն, որը ճանաչվել է «Այո»-ի բրենդինգի մրցույթի հաղթող: Պարզվել է, որ լոգոն մեկը մեկին թխած է 1991թ. Անկախության հանրաքվեի համար պատրաստված «Այո»-ի լոգոյից:
«ՉԻ». Ասում է. գյուղացի կինը երեխա է ունենում: Մարդը գնում է ծննդատուն, ձեն տալիս. «Հե՛ Անժիկ»: Կինը գլուխը հանում է պատուհանից: «Հը՞,- հարցնում է ամուսինը,- էրեխեն ո՞ւմ ա նման, ի՞նձ»: Կինը գլուխն օրորում է: «Բա, քե՞զ»: Կինը էլի բացասական է պատասխանում: «Բա ո՞ւմ»: «Էլի էն անտեր Վալոդին»,- տխուր պատասխանում է կինը:
Հիմա մեր «Այո»-ի շտաբն է: Բազմաթիվ լոգոների էսքիզներ են ստացել, բազմաթիվ հայտեր են եղել, ընդ որում, այդ էսքիզներից մի քանիսը իսկապես բավական հաջող էին, բայց ավելի հաջող բան չեն գտել, քան՝ վերցնել ու սեփականացնել 1991թ. անկախության հանրաքվեի լոգոն:
Կան պատճառաբանություններ, թե այս լոգոյով փորձ է արվում վերադառնալ 1991 թվականի խորհրդանիշներին և բովանդակությանը, բայց հարց է առաջանում. այդ դեպքում մրցույթի իմաստը ո՞րն էր: Միանգամից հայտարարեիք, որ 91-ի ակունքներին եք վերադառնում:
Չգիտենք, եթե իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ուզում են տապալել, ապա սա շատ հաջող և էֆեկտիվ քայլ է, քանի որ համացանցը ղժժում է այս մանր ժուլիկության վրա: Մի խոսքով, հանրաքվեի գործում մանրուքներ չեն լինում, մի քիչ ավելի լուրջ է պետք լինել: Զոռով իրենք իրենց գլխին են սարքում:
Ամենաբոցը այն է, որ այս ընդամենը թխած լոգոյի համար 3 միլիոն դրամ պիտի վճարեն: Սա մեր իմացած ամենաթանկ copy-paste-ն է: