...

Լուլուն ա, էլի

Լուլուն ա, էլի

«Գեղամ Մանուկյանը դաշնակցության իր երիտթևին, թերևս, եթե ինքը չէր ուղարկել, ապա իր գիտությամբ իմ պատուհանների տակ գոռում էին «թուրք»՝ վիրավորելով իմ որդիներին, որոնք հիմա գնալու են բանակ։ Այդքանով չբավարարվելով՝ գնում էին իմ ծնողների տան պատուհանի տակ էին գոռում, որ ձեր դուստրը թուրք է, այն դեպքում, երբ իմ ծնողների պապերը եղել են դաշնակցական, ազգային հերոսներ և Լեռնահայաստան են ազատագրել։ Եվ դրանից շատ գոհ է ձեր երիտթևը»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։ 

Վատ բան է արել Գեղամ Մանուկյանը։ Ճիշտ այնպես, ինչպես Լուլուի գործընկերուհին էր նախօրեին ծաղրում մեկ այլ պատգամավորի ազգանվան Ստամբուլ արմատի համար։ Հետաքրքիր է նաև, թե ի՞նչ է զգացել Լուսինե Բադալյանը, երբ հեղափոխության օրերին քաղաքով պտտեցնում էին ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի դագաղը, երբ ծաղկեպսակներ էին դրվում Շարմազանովի և այլոց տների առաջ։ Իսկ ի՞նչ էր զգում, երբ սև ժապավենների վրա ՀՀԿ-ականների ծննդյան թվերն էին գրում՝ մահվան տարեթիվ նշելով 2018-ը։ Երբ դուդուկով այդ նույն ՀՀԿ-ականների հոգեհանգստյան կարգ էին բեմադրում փողոցներում։ Լուլուն տխրե՞լ էր արդյոք, երբ ՀՀԿ-ական կին պատգամավորը այդ օրերին մի կերպ էր կարողացել տանից դուրս գալ և զբաղվել հարազատի հուղարկավորության արարողության հարցերով։ Թուրքն ավելի տանելի բնորոշում է (հատկապես երբ պատրաստվում ենք բարիդրացիական հարաբերությունների մեկնարկի), քան սեփական դագաղը, ծաղկեպսակը, մահազդի ժապավենը տեսնելը, երբ դեռ ապրում ես։ Հա, չմոռանանք ասել, որ այդ մարդիկ էլ երեխաներ ունեին և ունեն։ Նրանց որդիներն էլ են բանակ գնալու։ Նրանք էլ ծնողներ ունեին և ունեն, որոնք երբեք չեն մոռանալու, թե ինչպես էին պաշարված իրենց շքամուտքերը։ Վատն այն էր, որ սիրո ու թավշյա հեղափոխությունը այդպես էլ չանդրադարձավ այդ հարցերին։ Որևէ մեկը դիմացինին տառապանք պատճառելու, նրան վիրավորելու համար պատասխանատվության չենթարկվեց։ Եվ դա խթանեց այն մթնոլորտը, որտեղ հարցերը հենց էդպես էլ լուծվում են։ Ավելին՝ պատերազմից հետո պրկված հասարակության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դիմեց նույն մեթոդին՝ կռված տղերքին հրավիրելով քաղաք՝ հարցեր լուծելու։ Դժգոհել պետք չէ։ Պետք է ուղղակի խոսելուց առաջ մտածել։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2305 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ