...

Մալադեց, փեսա

Մալադեց, փեսա

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հարցրել է. «Հայտարարագրել եք Հովհաննես Այվազովսկուց և Սարյանից մեկական նկար։ Կպատմե՞ք այդ նկարների մասին, ստեղծագործական ո՞ր ժամանակահատվածին են վերաբերում, ո՞նց եք ձեռք բերել։ Կանխե՞լ եք արտահանումը, թե՞ ներկրել եք»:

Վահե Հակոբյանը պատասխանել է. «Շատ ուրախ եմ, որ իմ ունեցվածքի հանդեպ նման հետաքրքրություն կա, բայց ինչ-որ տեղ պետք է... լավ, անցանք... դա իմ կնոջ սեփականությունն է եղել, որը նրան տրվել է որպես ժառանգություն։ Այվազովսկու փոքրիկ նկարը, եթե ճիշտ եմ հիշում, կոչվում է «Փոթորիկ»։ Առանձնապես արժեք չունի, մեծ չի։ Գտնվում է ՀՀ-ում, Սարյանի կտավը՝ նույնպես։ Ժառանգություն են՝ օժիտ»։

«ՉԻ». Մենք էլ ասում ենք՝ էս ինչի՞ է Վահե Հակոբյանը աշնանը, ձմռանը, գարնանը, ընդհանրապես՝ տարվա բոլոր եղանակներին քաղաքական փոթորիկ խոստանում: Դու մի ասա, Այվազովսկու «Փոթորիկ» կտավի մոգական ազդեցության տակ է եղել: Ինչպես Քոչարյանն է Այվազովսկու «Հինգերորդ ալիք» կտավից ազդվել: 

Իսկ թե ոնց է Այվազովսկու կտավը ժառանգաօժիտախառն հայտնվել Վահե Հակոբյանի մոտ, բոլորին հայտնի փաստ է: Երբ հայ մեծանուն ծովանկարիչը Հայաստան է եկել, սկզբում նկարել է «Դաշնակներն իջնում են Արարատ լեռից» հայտնի կտավը, հետո գնացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ճամփին փոթորիկ է եղել, տեղում դա նկարել է, թողել կոմբինատի տարածքում... Հետո, երբ կոմբինատը որպես օժիտ անցել է Վահե Հակոբյանին, նկարն էլ էդ օժիտի մեջ է եղել: Ու տենց... 

Մարդ այ սենց բախտ պիտի ունենա, որ օժիտով Այվազովսկի ու Սարյան ստանա: Մի 10 տարի էլ իշխանության մնային, օժիտի մեջ Միքելանջելոյի ու Վան Գոգի կտավներն էլ կհայտնվեին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1107 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ