Այսօր Հակարիի կամուրջի մոտ ադրբեջանական սահմանապահները երեք արցախցի երիտասարդի են ձերբակալել՝ 2021 թվականին ադրբեջանական դրոշն անարգելու համար։
Խոսքն այն դեպքի մասին է, երբ ֆուտբոլիստները ոտքերը մաքրել են Ադրբեջանի դրոշի վրա և անցել։
Այս դեպքի առնչությամբ Ադրբեջանը քրեական գործ էր հարուցել։ Նշվում է նաև, որ մյուս ֆուտբոլիստները հետախուզվում են։
«Ենթադրվում է, որ Ադրբեջանը հումանիստական մոտեցում կցուցաբերի, և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդ են և մարզիկներ, նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։ Համենայնդեպս, Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել այն մարդիկ, որոնք վիրավորում են Ադրբեջանի դրոշը։ Նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»,- հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։
«ՉԻ». Ադրբեջանը Արցախը հայաթափելու տարբեր գործիքներ է կիրառում, որոնցից մեկն էլ սա է: Ադրբեջանական դրոշի պատմության հետ կապված, երեք հոգու արտաքսելու են Հայաստան: Ոչ թե դատելու են, ոչ թե տուգանելու են, բաց թողնեն, այլ արտաքսելու են:
Հետո մի քանի հոգու էլ կբռնեն ֆեյսբուքում հակաադրբեջանական բնույթի ստատուսներ գրելու կամ նույնիսկ լայքելու համար:
Ու այսպես, մանրից անում են իրենց գործը: Իսկ մեզ մոտ Ազնավուրի արձան են քննարկում, իրար ջեբ ավտոբուս են գցում, հեչ, ի՞նչ է պատահել որ: Որ հարցնես, կասեն՝ թող չտրորեին դրոշը, թող ստատուս չգրեին:
Ի դեպ, ֆեյսբուքն արդեն արգելափակել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի էջը: