...

Մարդ ա հավատացել

Մարդ ա հավատացել

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բազմաթիվ փակագծեր չբացելով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Արցախի և Հայաստանի հազար ու մի կապերով կապված և միմյանց կցորդ հանդիսացող իշխանությունները ռազմաքաղաքական հանցագործներ են և, որպեսզի արժանի պատիժ չստանան, պատրաստ են մինչև անգամ Արցախը հանձնել։ Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա՝ առանց երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու հստակ տեսլականի, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում են իշխանության մաս կազմել, իշխանություն ժառանգել։ Այդ մարդիկ, եթե մի կորեկի չափ գիտակցություն ունենան, որ պաշտոնը և իշխանությունը պատասխանատվություն և բեռ է, այլ ոչ թալանի տեղ, մոտիկ անգամ չէին գա։ Բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է։

Եվ եթե այսքանից հետո գտնվում են մարդիկ, ովքեր շարունակում են պնդել, թե ես ինչ-որ անհատի, շրջանակի, ուժի եմ ներկայացնում, Արցախը հանձնելու կամ ինտեգրացիայի մտադրություն ունեմ, ապա այլ բան չի մնում, քան ուղղակիորեն հարցնել, ո՞վ է Արցախը հանձնում՝ ձեզ ծանոթ դեմքե՞րը, որոնցից ժառանգել եք այն, ինչ ունեք այսօր, թե՞ ես, որ 2.600-ից 12.700 քառ. կմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եմ ժառանգություն թողել ձեզ՝ կանոնավոր, մարտունակ բանակով հանդերձ»:

«ՉԻ». Ինչքան էլ պրպտեցինք գուգլներում, այդպես էլ չգտանք մի դեպք, երբ Սամվել Բաբայանը Հայաստանի իշխանություններին մեղադրեր Արցախը հանձնելու մեջ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին բազմիցս է քննադատել, ամենախիստ որակումներ տվել, բայց այստեղ նման բառապաշար չի օգտագործել: Հաճախակի Առաջին ալիքի եթերում էր հայտնվում, դա էլ էր չափանիշ:

Տեսնես՝ ո՞ր խաչից է, որ այսպես կտրուկ փոխվեց: Վերջերս Սամվել Բաբայանը գնաց Արցախ, այնտեղ բավական թունդ, ռազմահայրենասիրական հայտարարություններ արեց, տպավորություն կար, որ ինչ-որ բան էր պայմանավորվել տեղի իշխանությունների հետ, միգուցե նաև Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ: Երևի այդ պայմանավորվածությունը չի գործել, ինչ-որ բան է փոխվել, դրա համար է այսպես զայրացել:

Կարևորը, որ ևս մեկով ավելացավ այն մարդկանց թիվը, որոնք անձամբ, համարյա մենակ 12.700 քառ. կմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և կանոնավոր մարտունակ բանակ են ժառանգություն թողել մեզ: 

Լավ, սպասեք, սրա ժամանակը չի, այնտեղ Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տալիս, տեսնենք՝ գլխներիս ինչ օյին է գալիս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ