...

Մեղրին՝ պատանդի կարգավիճակում

Մեղրին՝ պատանդի կարգավիճակում

ՓԱԹԵԹԱԾ

Քի Ուեսթյան հանդիպումն ավարտվեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե հանդիպման արդյունքները գերազանցեցին իրենց բոլոր սպասելիքները: Թե ինչ էին սպասում հանախագահները՝ հայտնի չէ: Երևի սպասում էին, որ երկու երկրների նախագահներն իրար կծեծեն: 

Ամփոփենք: Քի Ուեսթում ստորագրվել է միայն մեկ փաստաթուղթ. դրանով բանակցող կողմերը պարտավորվել են գաղտնի պահել բանակցությունների ընթացքը: Հիշեցնենք, որ քոչարյանամետ լրատվամիջոցները երեք տարի շարունակ վայնասուն էին բարձրացնում Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն մտքի շուրջ, թե Ղարաբաղյան խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետում է վեց հոգի: Ավելացնենք՝ Քի Ուեսթում հայկական պատվիրակության անդամների թիվը վեցից պակաս էր:

Բանակցությունների մասին հայտնի է դարձել երկու դետալ: Առաջին՝ ԱՄՆ-ը նպատակահարմար է համարում ձեռք բերված համաձայնությունների մասին տեղյակ պահել Իրանին: Ոզնուն էլ հասկանալի է, որ խոսքը Մեղրիի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին է: «Օրակարգ» կոչվող սաստիկ անկողմնակալ ծրագիրը ջանում էր կես ժամ շարունակ հեռուստադիտողներին համոզել, եթե խոսքը ոչ թե տարածքների փոխանակման մասին է, այլ կոմունիկացիաների: Իսկ մենք, միամիտներս, կարծում էինք, թե Ադրբեջանը Մեղրին ուզում է, որպեսզի բադրիջան ցանի: Պարզվում է՝ այդ խեղճերն ուզում են ընդամենը այդ տարածքով կոմունիկացիաներ անցկացնել: Հետևաբար կարող ենք հանգիստ լինել: 

Ի դեպ, նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը մեկնաբանել է նախագահների քիուեսթյան հանդիպումը (միանգամայն ազնիվ զբաղմունք՝ տեղական ինքնակառավարման հարցերով նախագահի խորհրդականի համար) և նշել է, որ «հանգուցալուծումը չպետք է տարածաշրջանային հակամարտության նոր օջախներ ստեղծի»: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է, ասենք, Ֆիզուլին հակամարտության նոր օջախ դառնալ: Ոչ, չի կարող: Իսկ Ջեբրայի՞լը: Նույնպես՝ ոչ: Իսկ Մեղրին կարող է: 

Երկրորդ դետալը. երկու երկրների նախագահների մասնակցությամբ պատրաստվում է առաջարկների նոր փաթեթ, որը կքննարկվի հունիսին՝ Ժնևում: Քննարկվելը՝ կքննարկվի, բայց կստորագրվի՞ արդյոք: Իհարկե ոչ: Ռոբերտ Քոչարյանը շատ լավ հասկանում է՝ ցանկացած համաձայնագիր ստորագրելուց հետո հեռանալու է:

Հետևաբար կանի ամեն ինչ, որպեսզի համաձայնագիրը չստորագրվի: Իսկ դրա համար անհրաժեշտ է կազմակերպել «ժողովրդական լայն զանգվածների բողոք»: Ինչը և արվում է: 

Մի խոսքով, Մեղրին հայտնվել է ամերիկյան մարտաֆիլմերից հայտնի պատանդի կարգավիճակում: Կամ Քոչարյանը կտա Մեղրին և ինքը կհեռանա, կամ չի տա Մեղրին և կմնա նախագահ: Իդեալական տարբերակը, իհարկե, կլինի այն, որ նա Մեղրին չտա, բայց հեռանա: Բայց սա արդեն հնդկական ֆիլմ է: 

Պարզ ասած, Քի Ուեսթից հետո երկու լուր կա. մեկը վատ, մյուսը լավ: Վատն այն է, որ համանախագահները Քոչարյանից պահանջում են համաձայնագիր ստորագրել: Լավն այն է, որ ստորագրելուց հետո Քոչարյանը կհեռանա: Իսկ ամենավատն այն է, որ Նաիրի Հունանյանի խումբը ձերբակալված է և չի կարող ներխուժել ԵԱՀԿ նիստերի դահլիճ: 

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», 11 ապրիլի, 2001թ. 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ