...

Մեկ կիլոմետրը փոքր տարածք է. իշխանությանը մի անհանգստացրեք

Մեկ կիլոմետրը փոքր տարածք է. իշխանությանը մի անհանգստացրեք

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը հաստատել է, որ մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել և վրաններ տեղադրել։ «Սահմանից իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի գերեզմանոցը, խմելու ջրի ակունքները նույնպես դիտարկվում են, մեր գյուղի արոտավայրերը գտնվում են այդ հատվածում, բնակիչները մտավախություն ունեն այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Բարերարը տնկիներ է բերել, որ գյուղացիները այգիներ հիմնեն, բայց հիմա մարդիկ չեն կարող այդ տարածքում աշխատել, վտանգավոր է»,- News.am-ի հետ զրույցում ասել է Խաչատուր Բաղդասարյանը։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը առաջին օրվանից տեղյակ է խնդրից և պարբերաբար այցելում է վերոնշյալ համայնք։ Իր հերթին նույն գյուղի բնակչուհի, թոշակառու Հասմիկ Ղազարյանն ահազանգել է, որ չի կարողանում այցելել Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ զոհված որդու գերեզմանին, քանի որ ադրբեջանցիները մոտ 15 օր առաջ տեղավորվել ու վրաններ են խփել նախկին Ներքին Հանդի գերեզմանոցի շրջակայքում։ Նա նշել է, որ այդտեղ են գտնվում գյուղի արոտավայրը, գյուղատնտեսական տարածքները, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրը։ «Մենք այնտեղից կանաչի էինք հավաքում, անասունների հերթն էր, մեր հարևանի հերթն էր, ամուսինս իր եղբոր հետ գնացել են այդ կողմերը՝ տեսել են՝ վրաններ են խփած, երկուսը դատարկ են եղել, երրորդի միջից արդեն բարձր ձայներ են լսել։ Հետո որ իջան մեր պոստ, մեր հայ զինվորականները ասել են՝ ինչի՞ եք գնացել այնտեղ։ Չհասկացանք, մեր գյուղն է, մեր ապրուստն է, մենք դրանով ենք ապրում՝ ո՞նց թե ինչի ենք գնացել։ Մեր սեփական հողերն են փաստացի, մեր գյուղն է դա, իսկ հիմա չենք կարողանում գնալ՝ վախենում ենք»,- Armdayli.am-ի հետ զրույցում ասել է տիկին Հասմիկը։

Հակառակորդը փաստացի Հայաստանի ինքնիշխան տարածքում է։ Ռուս-ուկրաինական պատերազմի հենց սկզբից բոլոր նորմալ քաղաքագետներն ու փորձագետներն ահազանգում էին՝ եթե Ռուսաստանը «խրվի պատերազմում», Զանգեզուրը կվտանգենք։ Ասացին, արձանագրեցին, բայց այդ հայտարարությունները կպան իշխանության ականջին ու ընկան։ Հիմա մարդիկ զբաղված են՝ նախագահ են կարգում, ինագուրացիա են բեմադրում, աղի ու ծխախոտի թեման են ծամում և այլն, և այլն։ Ի դեպ՝ հասարակության զգալի հատվածն էլ «խաղաղ» հետևում է այս ամենին։ Արցախում կատարվողը մի տեսակ շատ հեռու է թվում։ Գուցե նրանից է, որ Արցախ Հայաստանից այլևս զինվոր չի գնում։ Իսկ ՌԴ-ում շատ հայեր կան, և «խոպանի» բարեկեցությունը հիմա ամենաքննարկվող թոփ թեման է Երևանում։ Հնարավո՞ր է Սյունիքը թմրածությունը ցրի։ Քիչ հավանական է։ 

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1085 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ