Երեկ Չեմպիոնների լիգայում «Փյունիկը» Հանրապետական մարզադաշտում խաղում էր սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Մարզական առումով խաղն արդեն կորցրել էր նշանակությունը, քանի որ Բելգրադում «Փյունիկը» պարտվել էր 0:5 հաշվով:
Իսկ ահա քաղաքական առումով... օօօօ՜:
Տրիբունայում մերոնք պաստառ էին տարածել. «Ղարաբաղը Հայաստան է, Կոսովոն Սերբիա է»:
Հետո գնում, սրան-նրան են մեղադրում երկակի ստանդարտների մեջ: Արևմուտքին են թուքումուր անում, Ռուսաստանին են ցեխը կոխում: Երևի մենակ մերոնք կարող էին մի պաստառի մեջ իրար հակասող բաներ գրել: Արցախի հարցում գերակա են համարել ազգերի ինքնորոշման սկզբունքը, Կոսովոյի դեպքում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը:
Հիմա սերբերը լավն են, վատն են, մեզ հարազատ ժողովուրդ է, թե՝ ոնց, բայց Կոսովոյի հարցը մենք պետք է ընկալենք որպես ազգերի ինքնորոշման խնդիր ու դրանով միջազգային ատյաններում զուգահեռներ անցկացնենք Արցախի հարցի հետ: Չենք ասում՝ պաստառներ բարձրացնել, բայց դրսի հետ խոսելիս պետք է Արցախը Կոսովոյի հետ համեմատել, ոչ թե՝ Սերբիայի:
Օրինակ՝ ադրբեջանցիները կարող են ասել. նայեք, հայերը Կոսովոյի հարցում Սերբիայի տարածքային ամբողջականությունն են պաշտպանում, մեզանից ի՞նչ եք ուզում:
Գիտենք, թե մեզ ինչ են հակադարձելու. բա Կոսովոն Սերբիայի պատմական տարածքն է, բնօրրանն է, էսքան զոհեր են տվել եսիմ որ թվին՝ թուրքերի հետ կռվում: Բայց դա Ղարաբաղի հարցին դարմա՞ն է: Արդարությունով քանի՞ հարց է լուծվել:
Հ.Գ. Խաղի վերջում էլ մեր երկրպագուները կռիվ սկսեցին սերբ երկրպագուների հետ, ահագին ծեծկռտուք եղավ, ոստիկանների հետ քաշքշվեցին: Սա արդեն ոչ թե երկակի, այլ եռակի ստանդարտներ էին: