...

Մենք նույնիսկ աղետի մասշտաբները չենք գիտակցում

Մենք նույնիսկ աղետի մասշտաբները չենք գիտակցում

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի և Արցախի շուրջ, ինչո՞ւ է Ադրբեջանը 5 կետանոց վերջնագիր ներկայացրել Հայաստանին ու զուգահեռաբար պայթեցրել գազամուղը, ինչո՞ւ է գնդակոծում Արցախի գյուղերը, և ինչո՞ւ Հայաստանը, էմոցիոնալ գնահատականները չհաշված, որևէ կերպ չի արձագանքում։ Փորձենք ներկայացնել իրողությունը՝ անկախ նրանից, դո՞ւր է գալիս մեզ այն, թե՞ ոչ։ Որովհետև օբյեկտիվ իրողություններն անտեսելն ու մեր իսկ հորինած պատրանքների շուրջ «օրակարգ ձևավորելը» մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։

Սկսենք նրանից, որ Ադրբեջանը, բնականաբար, փորձում է իր հաղթանակից առավելագույն օգուտներ քաղել, ու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո դա պատկերացնում էր այսպես․ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մեկառմիշտ հրաժարվում է Արցախից, իրենք «մեծահոգաբար» թույլ են տալիս, որ Արցախի մի հատվածում հայեր ապրեն (նույնիսկ «մշակութային ինքնավարության» ինչ-որ տարրերով), բայց՝ դրա դիմաց Հայաստանը պիտի Սյունիքով միջանցք տրամադրի։ Համարյա մեկուկես տարի շարունակ՝ մինչև այս տարվա մարտի սկիզբը, Ադրբեջանը համառորեն հենց դա էր պահանջում ու հույս ուներ, որ տեղի տալով ճնշումներին՝ Հայաստանն այնուամենայնիվ տրամադրելու է այդ միջանցքը։ Բայց ըստ երևույթին մեկ-երկու շաբաթ առաջ նրանք վերջնականապես հասկացան, որ դա լինելու բան չէ, «ձեռք քաշեցին» միջանցքից ու անցան «պլան բ»-ին։ Իմաստը հետևյալն է՝ «դե եթե դուք միջանցք չեք տալիս, մենք էլ թույլ չենք տա, որ Ղարաբաղում հայեր ապրեն, ի վերջո ամբողջ աշխարհն ընդունում է, որ դա մեր տարածքն է, ինչ ուզենք՝ կանենք, ձեր ճանապարհներն էլ ձեզ պահեք, մենք Իրանի տարածքով կկապվենք Նախիջևանի հետ»։ 

Ու անմիջապես Իրանի հետ համաձայնագիր ստորագրեցին այդ երկրի տարածքով դեպի Նախիջևան երկու ճանապարհ կառուցելու մասին, մեկը՝ երկաթուղային, մյուսը՝ ավտոմոբիլային։ Նույն օրն էլ Արցախ մտնող գազամուղը պայթեցրեցին և սկսեցին բարձրախոսներով ու ականանետներով ահաբեկել հայկական գյուղերի բնակչությանը՝ կոչ անելով հեռանալ։ Իրենց տրամաբանությամբ, Արցախը սնուցող գազատարը (էլեկտրահաղորդման գիծը, մյուս կոմունիկացիաները) ապօրինի են, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դրանց վերաբերյալ միջպետական պայմանագրեր չկան։ Ավելին՝ իրենք համարում են, որ ՀՀ քաղաքացիների մուտքն Արցախ նույնպես ապօրինի է, դրա համար էլ օրումեջ բարձրացնում են Լաչինի միջանցքում ադրբեջանական սահմանային անցակետ տեղադրելու հարցը։ Ճիշտ է, առայժմ բոլոր այդ հարցերը ռուս խաղաղապահներն են կարգավորում, բայց նրանց ներկայությունը ժամանակավոր է, իսկ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում բոլոր այս խնդիրները պիտի լուծում ստանան։ Ընդ որում՝ միջազգային նորմերին համապատասխան։ Այսինքն՝ Լաչինում պիտի ադրբեջանական սահմանային անցակետ բացվի, Արցախը գազն ու հոսանքը պիտի ստանա Ադրբեջանից, դրա դիմաց վճարի մանաթով, արցախցիները պիտի ադրբեջանական անձնագրեր ստանան և այլն։ Հասկանալի է, որ այդ պայմաններում այնտեղ ոչ մի հայ չի մնա, բայց դե հիմա՝ «միջազգային նորմերն» այդպիսին են, վայ պարտվածներին։

Հենց դրա համար էլ Ադրբեջանի ներկայացրած 5 նախապայմաններով մեկ էջանոց փաստաթուղթը վերջնագիր է, ընդ որում՝ շատ կոշտ վերջնագիր։ Կամ համաձայնվում ենք այդ պայմաններին ու Սյունիքով միջանցք ենք տալիս, կամ մերժում ենք և ունենում հայաթափված Արցախ ու շրջափակման մեջ մնացող Հայաստան՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Երրորդ տարբերակը հայ-ադրբեջանական նոր ու ավելի լայնամասշտաբ պատերազմն է, որտեղ, անկախ դրա ելքից Հայաստանն ագրեսոր է համարվելու, որովհետև եթե աշխարհը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջան, իսկ Հայաստանը զորք է մտցնում այնտեղ հայաթափումը կանխելու համար, բոլորը (այդ թվում՝ Ռուսաստանը) մեզ են կոչելու ագրեսոր։ «Բարոյական աջակցություն», իհարկե, կլինի, տարբեր պառլամենտներում մեր հազարամյա մշակույթի ոչնչացման ու մարդասիրական աղետի մասին հուզիչ ելույթների պակաս չի զգացվի, բայց դրանով էլ կսահմանափակվեն։

Կրկնում ենք, անկախ նրանից՝ դուր է գալիս մեզ, թե ոչ, սա է իրական վիճակը։ Մնացածը հեքիաթներ են, որոնցով քաղաքական ուժերը շարունակում են կերակրել մեր ժողովրդին։ Մի մասը՝ հայրենասեր երևալու համար, մյուսները՝ որպեսզի հանկարծ ժողովուրդն ամբողջ խորությամբ չգիտակցի այն աղետը, որն այս իշխանությունները բերել են բոլորիս գլխին։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9939 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ