...

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...

Սովորենք հայոց լեզու

Դասագրքային ճշմարտություն է. հականիշները լեզվական նույն մակարդակում են. գոյականի հականիշը գոյական է, ածականինը՝ ածական… Ֆիզիկայում պլյուսն ու մինուսն են իրար ձգում: Այսինքն՝ նույն մակարդակում են: Սակայն ֆիզիկան թողնենք ֆիզիկոսներին: Իսկ լեզուն, մեր հայոց լեզուն հզոր զենք է: Հայոց լեզուն ամեն ինչ հիշում է: Հայոց լեզուն մատնում է ստախոսին, վախկոտին, գավառացուն: Հայոց լեզուն ցույց է տալիս բոլորիս մտավոր մակարդակը: 

Այսօր կխոսենք «ժողովուրդ»  բառի մասին, որ հաճախ է չարչրկվել մեր քաղաքական խոսույթում (դիսկուրսում): 

Դիտարկենք երկու կարգախոս՝ «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» (Ռոբերտ Քոչարյան, 1998 թ.) և «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» (Նիկոլ Փաշինյան, 2019 թ.): 

Առաջինի դեպքում «ժողովուրդ» բառը հակադրվում է «կուսակցությանը», որովհետև սույն կարգախոսով նախընտրական պայքարի մեջ մտնող մարդն օրինակարգության խնդիր ուներ և փորձում էր ժողովուրդը՝ դեմոսը, օգտագործել ապօրինությունը թաքցնելու համար: Կասկածից վեր է, որ Ռ. Քոչարյանը ժողովրդի իրական աջակցություն երբեք չի ունեցել, սակայն ժողովուրդ հասկացույթը հակադրելով կուսակցությանը՝ փորձել է ստեղծել չունեցած օրինակարգության պատրանքը:

Ն. Փաշինյանի արդեն քննադատված սույն կարգախոսում ժողովուրդ հասկացույթը նույնպես պատահական չէ: Հենց ժողովուրդը մերժեց նախկիններին և նրան իշխանության բերեց, և սա անհերքելի փաստ է: «Թավշյա» հեղափոխության պաթետիկ խոսույթի անքակտելի մասն էր նաև «ժողովրդի վարչապետ» բառակապակցությունը: Եվ ահա պատեհ-անպատեհ կրկնելով  բառը՝ առայժմ օրինակարգության խնդիր չունեցող վարչապետը փորձում է բոլորիս հիշեցնել ժողովրդի աջակցության մասին: Աջակցություն ու՞մ. իհարկե, իրեն: 

Ինչպես տեսնում ենք, երկու դեպքում էլ ժողովուրդը ոչ թե իշխանության սուբյեկտ է, այլ օբյեկտ:

Մեկ զուգահեռ ևս. երկու կարգախոսում էլ «իմ» բառաձևը գործածված է 2 անգամ: Հիշեցնեմ՝ իմ-ը ես-ի սեռական հոլովն է: Իսկ «ես» արմատով ի՞նչ բառեր ունենք: Թվարկենք՝ եսասեր, եսակենտրոն, եսական…: Բայց ամենալավը սա է՝ եսաբանել (իր եսը ելակետ ունենալ)…

Առայժմ այսքանը: 

Մարիամ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1875 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ